«Կարին» ազգագրական պարային համույթի անդամներից պարուսույց Հարութ Բաղդասարյանը սփյուռքահայ երիտասարդ Գայլ Խանդիկյանին հեռացրել է իր պարային խմբից` պատճառաբանելով, որ վերջինս «նույնասեռական է, հայ չէ, իրավունք չունի հայկական պարեր պարելու» և որ իրենք պայքարում են նույնասեռականների դեմ: Այս մասին գրում է «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» (Փինք Արմենիա) հասարակական կազմակերպության կայքը՝ դատապարտելով նման խտրական որոշումը:
Կազմակերպության փոխանցմամբ՝ 23-ամյա ամերիկահայ երիտասարդը Հայաստան է եկել «Դեպի Հայք» ծրագրի շրջանակում: Նա հինգ ամիս կամավորություն է արել «Փինք Արմենիա» կազմակերպությունում և միաժամանակ հաճախել է ազգագրական պարի խմբակ:
Խանդիկյանի խոսքով՝ պարուսույցը երիտասարդի՝ համացանցում գրած հոդվածներից պարզել է, որ վերջինս նույնասեռական է։
«Ինձ ասացին, որ ես հայ չեմ, որ չեմ պատկանում այս «ազգին» ու հայկական պարեր պարելու իրավունք չունեմ, որովհետև գեյ եմ: Նա ինձ ասաց, որ բոլոր պարուսույցներին կասի իմ անունը, որ թույլ չտան իրենց մոտ պարել»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Խանդիկյանը՝ հավելելով, որ իր՝ Հայաստան գալու պատճառներից մեկն այն է, որ կարողանա հաշտեցնել «գեյ և հայ ինքնությունները, որոնք թվում է, թե թշնամիներ են»:
«…այսօրվա նման օրերը դժվարացնում են այստեղ գտնվելը ու լինել այնպիսին, ինչպիսին կամ` մեկը, որ սիրում է Հայաստանը, բայց Հայաստանից փոխադարձ սերը չի ստանում: Ես եկա Հայաստան, որ ավելի լավ հասկանամ ու պայքարեմ թունավոր էթնոազգայնականության դեմ, ինչը հոմոֆոբիայի ու տրանսֆոբիայի արմատն է, որը տարածված է ամբողջ աշխարհի հայերի վրա (կարևոր է նշել, որ հոմո-տրանսֆոբ ազգայնականությունն առկա է հայկական բոլոր համայնքներում, այն միայն Հայաստանի Հանրապետությունում չէ): Այն, ինչ ապրեցի այսօր, ցնցեց ինձ, բայց դա չի կանգնեցնի ինձ: Ես ուզում եմ հասկնալ, ովքե՞ր են այս մարդիկ, որ որոշում են, թե ով է հայ, ով` ոչ: Ո՞վ է տվել նրանց այդ լիազորությունն ու իրավասությունը, որ ղեկավարեն ու որոշեն, թե ով ենք մենք, թե որոնք են մեր արժեքները, թե ինչին ենք մենք հավատում, որն է մեր «ազգը»: Որտեղի՞ց են ստացել այդ իշխանությունը, որ մեզ բռնության ենթարկեն: Ես միայն իմ պարուսույցի մասին չեմ խոսում: Ես խոսում եմ մեր կյանքում բոլոր այն մարդկանց մասին, որոնք փորձում են իրենց սահմանումների մեջ մեզ տեղավորել, մեր մարմինը, մեր ինքնությունը, մեր սեռականությունը, մեր գենդերային ինքնությունը, որոնք փորձում են սահմանել, թե ինչ է «Հայաստանը», ծնողները, ուսուցիչները, դպրոցները, հոգևորականները, եկեղեցիները, կոմիտեները, կուսակցությունները, «հեղափոխականները»: Ովքե՞ր են նրանք: Ի՞նչն է նրանց իրավունք տալիս: Այն ամենից հետո ինչի՞ միջով մեր ժողովուրդն անցել է ու դեռ անցնում է, ինչպե՞ս են համարձակվում այսպես վարվել: Ես գիտեմ՝ ես ով եմ: Ես գիտեմ, որ հայ եմ, ու սիրում եմ հայ լինել, ու սիրում եմ գեյ լինել, ու ես նորից կպարեմ»,- գրել է Խանդիկյանը:
Միջադեպի առնչությամբ՝ «Փինք Արմենիա» կազմակերպությունը կոչ է արել Սփյուռքի և Մշակույթի նախարարություններին ուշադրություն դարձնել խնդրին ու թույլ չտալ, որ այսպիսի զտող վերաբերմունք դրսևորվի մշակույթի ասպարեզում: