Home / Հայաստան / Հայաստանում իշխանությունն արդյունավետ չի պայքարում խտրականության դեմ․ զեկույց

Հայաստանում իշխանությունն արդյունավետ չի պայքարում խտրականության դեմ․ զեկույց

Հայաստանում խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական պատկանելությունից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է Սահմանադրությամբ։ Կառավարությունը, սակայն, չի կարողանում արդյունավետ ապահովել այդ դրույթի կիրառումը: Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպի Մարդու իրավունքների 2015 թվականի զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածում.

Կանայք

Կանանց նկատմամբ, այդ թվում ամուսնական բռնությունը լայնորեն տարածված է եղել Հայաստանում։ 2014 թվականի հուլիսյան զեկույցում ՄԱԿ֊ի տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեն մտահոգություն հայտնեց կանանց նկատմամբ բռնության, մասնավորապես՝ ընտանեկան բռնության բարձր մակարդակի, ինչպես նաև՝ խնդրին առնչվող կոնկրետ օրենքի բացակայության վերաբերյալ։ ՀՀ իշխանություններն ընտանեկան բռնության դեպքերն արդյունավետ քննության չեն ենթարկել։

Տեղական դիտորդների պնդմամբ, ընտանեկան բռնության զգալի թվով զոհեր բողոք չեն ներկայացրել՝ վախենալով ֆիզիկական վնասից այն դեպքում, եթե իրենց ամուսիններին բաց թողնեն ոստիկանությունից։ Հաճախ զոհերն ամաչում են բացահայտել իրենց ընտանեկան խնդիրները։ Եղել են հաղորդումներ նաև այն մասին, որ ոստիկանությունը, հիմնականում՝ Երևանից դուրս, հաճախ չի ցանկացել գործ հարուցել ու կանանց հորդորել է բողոք չներկայացնել։ Ընտանեկան բռնության դեպքերի մեծ մասը որակվել է որպես թեթև կամ միջին ծանրության հանցագործություն։ Նման դեպքերում հնարավոր է հրաժարվել մեղադրանք ներկայացնելուց, իսկ հանցագործները հաճախ ճնշում են գործադրում զոհերի վրա՝ ստիպելով հետ վերցնել բողոքը կամ փոխել նախնական ցուցմունքը։

Թեև ՀՀ օրենսդրության համաձայն երկրում կանայք ու տղամարդիկ ապահովված են հավասար իրավական կարգավիճակով, բայց սեռով պայմանավորված խտրականությունը եղել է շարունակական խնդիր ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածում։ Եղել են կանանց նկատմամբ խտրականության վերաբերյալ հաղորդումներ աշխատանքի և զբաղվածության հետ կապված։ Ղեկավար պաշտոններում կանանց ներգրավվածության ցուցանիշը կրկին ցածր է եղել կառավարության բոլոր ճյուղերում։

ԼԳԲՏԻ

Խտրականության դեմ օրենքները Հայաստանում չեն վերաբերում սեռական կողմնորոշմանը կամ գենդերային ինքնությանը։ Հասարակության վերաբերմունքը ԼԲԳՏԻ անձանց նկատմամբ եղել է բացասական․ նույնասեռականությունը դիտվել է որպես առողջական շեղում։ Սեռական կողմնորոշմամբ ու գենդերային ինքնությամբ պայմանավորված սոցիալական խտրականությունը բացասաբար է ազդել զբաղվածության, ընտանեկան հարաբերությունների, ինչպես նաև կրթության ու առողջապահության մատչելիության վրա։

Մամուլը, այդ թվում՝ կառավարամետ լրատվամիջոցները, շարունակաբար տարածել է հակա֊ԼԳԲՏԻ քարոզչություն։

Հայաստանում բացահայտ նույնասեռական տղամարդկանց ազատում են զինվորական ծառայությունից՝ իբրև թե ելնելով ծառայակիցների կողմից հնարավոր ոտնձգությունների մտահոգությունից։ Ազատումը, սակայն, պահանջում է բժշկական եզրակացություն՝ հիմնված հոգեբանական փորձաքննության վրա, թե անձն ունի հոգեկան խանգարում։ Տվյալ տեղեկությունը հայտնվում է անհատի անձը հաստատող փաստաթղթերում ու խոչընդոտում է աշխատանք գտնելուն ու վարորդական վկայական ստանալուն։ Նույնասեռական տղամարդիկ, ովքեր ծառայել են բանակում, ըստ հաղորդումների, ենթարկվել են ֆիզիկական ու հոգեբանական բռնությունների։

ՀՀ բանտերում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի ու մի շարք իրավապաշտպանների համաձայն, ԼԳԲՏԻ անձանց համար ստեղծվում են ամենավատ բանտային պայմանները։ Նրանք պարբերաբար ենթարկվել են նվաստացուցիչ վերաբերմունքի կալանավորների կողմից, ղեկավարությունը նրանց առանձնացրել է մյուս բանտարկյալներից։

Հաշմանդամություն ունեցող անձինք

Թեև օրենքն արգելում է ցանկացած տեսակի խտրականություն հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ, 2015-ին խնդիրը կրկին առկա է եղել։ Օրենքով ու Կառավարության հատուկ որոշմամբ պահանջվում է, որպեսզի նոր և վերակառուցվող շինությունները, այդ թվում՝ դպրոցները, հասանելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց։ Հասանելի են եղել, սակայն, շատ քիչ թվով շենքեր ու հաստատություններ՝ նույնիսկ եթե նորակառույց էին կամ վերանորոգված։ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը պատասխանատու է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար, սակայն այն տվյալ մանդատն արդյունավետորեն չի իրականացրել։

Տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող անձինք խտրականության են ենթարկվել կյանքի գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում՝ առողջապահության, սոցիալական ու հոգեբանական վերականգնման, կրթության, հաղորդակցության, աշխատանքի, սոցիալական պաշտպանության և այլն։