Home / Շուկա / Չարաբաստիկ պանիրը հասավ Ռուսաստան, «Սպայկան» շնորհակալ է նախարարությունից

Չարաբաստիկ պանիրը հասավ Ռուսաստան, «Սպայկան» շնորհակալ է նախարարությունից

«Սպայկա» ընկերության արտադրած 20 տոննա պանրով բեռնատարը, որը 13.11.2019 թվականին ուղևորվել էր ՌԴ ուղղությամբ, 6 օր ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետում կանգնեցվելուց հետո անցել է մաքսային անցակետը: ՌԴ Մաքսային ծառայության կողմից  թույլատրվել է պանրի բացթողումը ՌԴ տարածք 10 տոկոսանոց մաքսային զննություն կատարելուց հետո:

Ինչպես հայտնել էինք՝  ուղարկվել էր այն նույն խմբաքանակը, որը հետ էր վերադարձվել ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետի կողմից:

Այդ նույն ընթացքում՝ նոյեմբերի 17-ին, ՀՀ ՊԵԿ աշխատակիցները և Հայաստանում ՌԴ մաքսային ներկայացուցիչները, որոնք արդեն եղել են գործարանում, այցելել են «Սպայկա» ընկերության պանրի գործարան և մանրամասն ծանոթացել են պանրի արտադրման ողջ գործընթացին՝ սկսած կաթի մթերումից մինչև պանրի վերջնական փաթեթավորումը:

Ընկերությունը շնորհակալություն է հայտնում ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը և ՀՀ ՊԵԿ-ին աջակցության համար, հուսով է, որ խնդիրը մտել է համակարգային լուծման փուլ և ընկերության կապույտ բորբոսով պանրի հաջորդ մատակարարումները ՌԴ հետագայում չեն հանդիպի նման խոչընդոտների, նշված է ընկերության հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ «Սպայկայի» պանիրը 24 օր ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետում հարկադիր  կանգնեցվելուց հետո վերադարձվել էր Հայաստան:

Նոյեմբերի 5-ին ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետի աշխատակիցները բանավոր հայտնել են ընկերության բեռնատարի վարորդին, որ չեն կարող բաց թողնել պանիրը ՌԴ տարածք և հետ են ուղարկելու բեռը Հայաստան, քանի որ ստացել են փորձաքննության արդյունքները, որոնց համաձայն պանրի ծագման երկիրը նշվել է՝ «Հայաստան, Առաջավոր Ասիա, Հարավ-արևելյան Եվրոպա»:

Ըստ «Սպայկայի», ընկերությունը սկսած առաջին օրվանից ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետի և ՌԴ Հյուսիսային Օսեթիայի մաքսային ծառայության ղեկավարությանը նամակներ, ծանուցումներ, լրացուցիչ տեղեկություններ, փաստաթղթեր, տեսագրություններ, ԶԼՄ-ների կողմից ընկերության պանրի գործարանի բացման մասին վիդեոռեպորտաժներ է ուղարկել հավաստելու համար, որ պանիրն արտադրված է Հայաստանում:

Ծագած խնդրի մասին առաջին իսկ օրվանից տեղեկացվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը, որն աշխատում է խնդրին համակարգային լուծում տալու ուղղությամբ: Խնդրի մասին նամակ է ուղարկվել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (ԵԱՏՄ):

ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետի նման կամայական, ոչ իրավաչափ գործողությունների պատճառով ընկերությունը կրում է մեծ վնասներ՝ հարկադիր կերպով կանգնեցված պանիրը կորցրեց իր պիտանելիության ժամկետից 24 օր, ընկերությունը պանիրը չմատակարարելու համար ենթարվկեց տույժերի և տուգանքների պատվիրատուների կողմից:

Մինչ օրս «Սպայկային» չի տրամադրվել ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետի կողմից իրականացված լաբորատոր փորձաքննության եզրակացությունը: Ընկերության համար պարզ չէ, թե ինչպես Հայաստանում արտադրված պանիրը ՌԴ Վերին Լարսի մաքսային ծառայողների կողմից համարվեց այլ երկրի արտադրանք:

Ընկերության հաղորդագրությունում նշված էր նաև, որ ՌԴ Մաքսային ծառայության հայաստանյան ներկայացուցիչը նույնպես եղել է «Սպայկայի» պանրի գործարանում և ծանոթացել արտադրական ողջ պրոցեսին: