Home / Շուկա / Ռուսաստանը անհիմն հետ է ուղարկել հայաստանյան պանիրը

Ռուսաստանը անհիմն հետ է ուղարկել հայաստանյան պանիրը

«Սպայկա» ընկերության նորակառույց պանրի գործարանում արտադրված հայկական ընդհանուր առմամբ 21 տոննա կապույտ բորբոսով պանիրը 24 օր ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետում հարկադիր կանգնեցվելուց հետո վերադարձվեց Հայաստան:

Նոյեմբերի 5-ին ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետի աշխատակիցները բանավոր հայտնել են ընկերության բեռնատարի վարորդին, որ չեն կարող բաց թողնել պանիրը ՌԴ տարածք և հետ են ուղարկելու բեռը Հայաստան, քանի որ ստացել են փորձաքննության արդյունքները, որոնց համաձայն պանրի ծագման երկիրը  նշվել է՝ «Հայաստան, Առաջավոր Ասիա, Հարավ-արևելյան Եվրոպա»:

Ըստ «Սպայկայի», ընկերությունը սկսած առաջին օրվանից ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետի և ՌԴ Հյուսիսային Օսեթիայի մաքսային ծառայության ղեկավարությանը նամակներ, ծանուցումներ, լրացուցիչ տեղեկություններ, փաստաթղթեր, տեսագրություններ, ԶԼՄ-ների կողմից ընկերության պանրի գործարանի բացման մասին վիդեոռեպորտաժներ է ուղարկել հավաստելու համար, որ պանիրն արտադրված է Հայաստանում:

Ծագած խնդրի մասին առաջին իսկ օրվանից տեղեկացվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը, որն աշխատում է խնդրին համակարգային լուծում տալու ուղղությամբ: Խնդրի մասին նամակ է ուղարկվել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (ԵԱՏՄ):

ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետի նման կամայական, ոչ իրավաչափ գործողությունների պատճառով ընկերությունը կրում է մեծ վնասներ՝ հարկադիր կերպով կանգնեցված պանիրը կորցրեց իր պիտանելիության ժամկետից 24 օր, ընկերությունը պանիրը չմատակարարելու համար ենթարվկեց տույժերի և տուգանքների պատվիրատուների կողմից:

Մինչ օրս «Սպայկային» չի տրամադրվել ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետի կողմից իրականացված լաբորատոր փորձաքննության եզրակացությունը: Ընկերության համար պարզ չէ, թե ինչպես Հայաստանում արտադրված պանիրը ՌԴ Վերին Լարսի մաքսային ծառայողների կողմից համարվեց այլ երկրի արտադրանք:

Ընկերության հաղորդագրությունում նշված է նաև, որ ՌԴ Մաքսային ծառայության հայաստանյան ներկայացուցիչը նույնպես եղել է «Սպայկայի» պանրի գործարանում և ծանոթացել արտադրական ողջ պրոցեսին: