Home / Համայնքներ / Երբ նվերը զիբիլի ավտո է․ երևանյան սկանդալն ամփոփվեց

Երբ նվերը զիբիլի ավտո է․ երևանյան սկանդալն ամփոփվեց

Գլխավոր դատախազությունում Երևանի քաղաքապետարանին տարբեր ընկերությունների ու տնտեսվարողների կողմից աղբահավաք մեքենաների նվիրատվության վերաբերյալ հրապարակումների ուսումնասիրություն է սկսվել։

Քաղաքապետարանը, հիշեցնենք, նոյեմբերի 28-ին հրապարակեց Երևան համայնքին 21 աղբատար մեքենա նվիրած ընկերությունների և անհատների անունները։ Թանկարժեք գույքի նվիրատուների ցանկը մինչ այդ չէր հանրայնացվել, ինչը որոշակի կասկածների տեղիք էր տվել։ Հրապարակումից հետո պարզվեց, որ բարերարները փոխկապակցված են նախկին և ներկա պաշտոնյաների հետ։ Նրանցից ոմանք համագործակցում են քաղաքապետարանի հետ այլ՝ աղբահանության հետ կապ չունեցող բնագավառներում։

Համաձայն հրապարակած ցանկի․

– 14 աղբատար մեքենա համայնքին նվիրել է «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն, որը կապվում է ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանի անվան հետ։ Ընկերությունը նվիրատվություն կատարելուց ամիսներ առաջ քաղաքապետարանից շինթույլտվություն է ստացել Դավթաշենում երկու բնակելի համալիր կառուցելու համար։

– 3 մեքենա նվիրաբերել է «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն, որը կապվում է գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անվան հետ։ Ընկերությունը, ըստ փաստաթղթերի, պատկանում է նրա հորեղբոր որդում՝ Հրաչյա Շարոյանին։

– 1 աղբատար էլ համայնքին նվիրել է «Էյչ բի Էմ գրուպ»-ը, որը համասեփականությամբ պատկանում է նախկին փոխնախարար Հրանտ Բեգլարյանին։ Ընկերությունը, ինչպես պարզել էր «Հետք» առցանց թերթը, այս տարվա հուլիսի 3-ի դրությամբ ունեցել է մոտ 244 հազար դրամի չկատարած հարկային պարտավորություն։

– Նվիրատուների ցանկում են նաև Չինաստանի դեսպանությունը և Գևորգ Խուրշուդյանը։

Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը նվիրատուների ցանկը հրապարակելուց հետո մամուլի ասուլիս հրավիրեց, որի ընթացքում՝ փորձելով փարատել բոլոր կասկածները, շեշտեց՝  եթե մեկը, ով զբաղվում է բիզնեսով (անկախ նրանից՝ ունի նա առնչություն քաղաքապետարանի հետ, թե ոչ), որոշում է իր բիզնեսից, իր ստացած շահույթից կամ առհասարակ իր ազատ միջոցներից նվիրաբերել քաղաքապետարանին, քաղաքապետարանը դրանում միայն դրական բան է տեսնում և որ «քաղաքը նվեր տալու դիմաց որևէ բան չի տալիս, որևէ պարտականություն իր վրա չի վերցնում»։

Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանը, սակայն, մյուս օրը ֆեյսբուքի ուղիղ եթերում՝ անդրադառնալով «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ի նվիրատվություններին, հայտարարեց, թե քաղաքապետարանը 3 աղբատար մեքենաների դիմաց օրինականացրել է գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջը պատկանող շուրջ 6 հեկտար տարածք զբաղեցնող Օհանով 15/1 հասցեում գնվող ինքնակամ շինությունը։

Խաժակյանը նշեց, որ կառույցը օրինականացնելու համար քաղաքապետարան են դիմել սեպտեմբերի 23-ին՝ այն ժամանակահատվածում, երբ համայնքը Ալեքսանյանի հորեղբոր որդու ընկերությունից ստացել է աղբատարները։

Խաժակյանի հայտարարությունը նոր լիցք տվեց մամուլում և սոցցանցերում ծավալվող քննարկումներին, որոնք մեծապես նվիրատվությունները կապում էին դրանց հետևում ծավալվող կոռուպցիոն գործարքների հետ։

Բացատրություններով ի վերջո հանդես եկավ քաղաքապետ Հայկ Մարությանը։

– Անդրադառնալով գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հորեղբոր որդու ընկերության նվիրատվություններին, նա ևս մեկ անգամ կրկնեց, որ  ինքը՝ Սամվել Ալեքսանյանը, քաղաքին ոչինչ չի նվիրել և որ քաղաքապետը՝ որպես պաշտոնյա, չի կարող և չպիտի նվիրատվություն կատարած ընկերությունը, որը պատնակում է նրա հորեղբոր որդուն, ենթադրությունների հիման վրա նույնականացնել Ալեքսանյանի հետ։

«Որպեսզի չլինեն կռահումներ և ասոցիացիաներ, ես նաև նշեցի հատուկ, որ եթե վաղը Սամվել Ալեքսանյանը նվեր տա Երևան քաղաքին, Երևան քաղաքը մեծ հաճույքով կընդունի այդ նվերը», – ասաց պաշտոնյան։

– Անդրադառնալով մեղադրանքներին, թե նվիրատվությունները արվել են քաղաքապետի կողմից Ալեքսանյանների շինությունը՝ Մեգամոլը օրինականացնելու դիմաց, Մարությանը՝ օրինականացման ավարտական ակտը ցույց տալով, հայտարարեց․ «Այս ավարտական ակտը տրվել է 20․09․2018 թվականին և ստորագրվել է Կամո Արեյանի կողմից մինչև իմ քաղաքապետ դառնալը։ Սա առաջին ապատեղեկատվությունը»։

– Մարությանը խոսեց նաև ավագանու «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանի հայտարարությունների մասին, թե քաղաքապետը այս նվիրավությունների դիմաց է օրինականացրել Սամվել Ալեքսանյանի կնոջը՝ Շողերինա Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող ինքնակամ շինությունը։ Քաղաքապետի խոսքով, Երևանում գոյություն ունեն հազարավոր ինքնակամ շինություններ, որոնք կառուցվել են սեփական հողերի վրա՝ առանց շինթույլտվության, և գոյություն ունի Կառավարության 2006 թվականի 312N որոշում, որով՝ այն պարագայում, եթե քաղաքացին ունի ինքնակամ շինություն իր հողամասի վրա և դիմում է քաղաքապետարան, որպեսզի այն օրինականացվի, օրենքի ուժով քաղաքապետարանը պարտավոր է այն օրինականացնել կամ քանդել, եթե կա նորմերի խախտում։ Ճարտարապետական վարչությունը, ըստ Մարությանի, տվել է եզրակացություն, որ նորմերի խախտում չկա։ Ուստի՝ օրենքի ուժով այդ շինությունը օրինականացվել է, ինչի համար սեփականատերը մուծել է 22 միլիոն 841 հազար 780 դրամ։ «Կարծում եմ, այս մուծումը բավականին մեծ մուծում է, որը գալիս է Երևանի բյուջե։ Շատ տարօրինակ կլիներ, որ սրանից հետո դեռ ինչ-որ մեկը ուզենա հատուկ օրինականացման դիմաց ինչ-որ նվերներ տա»։

– Հայտարարություններ եղան նաև, որ քաղաքապետարանը՝ նվիրատվությունների դիմաց փոխել է ֆինանսների և Պետեկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Խաչատրյան Գագիկի ընտանիքի հետ փոխկապակցված Տերյան 5 հասցեում գտնվող շենքի շինթուլտվությունը՝ 12 հարկի համար տրվածը դարձնելով 22 հարկի համար։ Քաղաքապետը ցույց տվեց այդ շենքի շինթույլտվությունը․ «Այս փաստաթուղթը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Տարոն Մարգարյանի կողմից, և այստեղ տրված է ԱՊԶ թույլտվություն այդ հասցեում 22 հարկանի շենք կառուցելու համար։ Սա երկրորդ ապատեղեկատվությունը»։

– Անդրադառնալով քաղաքապետարանին 14 աղբատար նվիրաբերած «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին, որը, ինչպես գիտենք, Դավթաշենում բնակելի համալիր կառուցելու թույլտվություն է ստացել, քաղաքապետը, ցույց տալով ընկերության դիմումը, հայտարարեց, որ դիմումը ի սկզբանե է բավարարվել, և հետագայում արված նվիրատվությունները դրա հետ կապ չունեն։ Որպես վերջինի ապացույց նա պատմեց մի դրվագի մասին, երբ քաղաքապետարանը նույն այդ ընկերության մոտ հողային աշխատանքները սկսելուց հետո պակասող փաստաթուղթ է հայտնաբերել և արձանագրել է դա, իսկ ընկերությունը «տուգանվել է այնպես, ինչպես տուգանվում են բոլոր ընկերությունները, այսինքն՝ ոչ մի առավելություն, ոչ մի հատուկ վերաբերմունք այս ընկերություններին, որոնք նվեր են տվել Երևանին, բացարձակապես գոյություն չունի»։

– Ինչ վերաբերում է նվիրատվության ցանկը գաղտի պահելու մասին հրապարակումներին, Մարությանը հայտարարեց, որ գաղտնիության մասին խոսք լինել չի կարող․ նա ներկայացրեց նվիրատվություն ձևակերպելու ընթացակարգը և հավելեց, որ քաղաքապետարանը՝ առաջին իսկ հարցմանից մեկ օր անց, ամբողջությամբ հանրայնացրել է նվիրատուների ցուցակը։

Քաղաքապետը խոստացավ նաև հրապարակել վերոնշյալ բոլոր փասթաթղթերը։

Հայկ Մարությանի տեսաուղերձը՝ ստորև․

https://www.facebook.com/HaykMarutyanMayor/videos/3323437584396229/