հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Ազգային ժողով / Դատախազի դեմ նախաձեռնությունը հանդիպել է «Իմ քայլի» պատգամավորներին

Դատախազի դեմ նախաձեռնությունը հանդիպել է «Իմ քայլի» պատգամավորներին

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, իրավապաշտպաններ Արման Ղարիբյանը, Մարինա Պողոսյանը և մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին Ազգային Ժողովի շենքի մոտ՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականի պահանջով։ Նախորդ 9 օրերին նույն պահանջով հավաքվում էին Գլխավոր դատախազության շենքի դիմաց և ժամը 12։30 ուղիղ հեռարձակումներ կազմակերպում, որոնց ժամանակ հավաքված մարդիկ պատմում էին իրենց խնդիրների մասին։

Նախաձեռնության անդամները զուգահեռ դիմել էին Ազգային ժողովի երեք խմբակցությունների ղեկավարներին։ Ըստ Հայաստանի Սահմանադրության, գլխավոր դատախազի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար բավական է Ազգային ժողովի պատգամավորների ձայների երեք հինգերորդը։

«Արձագանք եղավ միայն «Իմ քայլը» խմբակցությունից, այն էլ փորձագետի տեսքով․ մի տղա զանգեց, ներկայացավ որպես փորձագետ և խնդրեց, որ եթե մենք ինչ որ փաստեր ունենք դատախազի կատարած հանցագործությունների վերաբերյալ՝ գրավոր ներկայացնենք։ Ինչին մենք ասացինք, որ դուք քննչական մարմին չեք, որ գրավոր ներկայացնենք։ Մենք կարող ենք հանդիպել, հանդիպման ժամանակ լիքը բան պատմել։ Զրույցն այդտեղ ավարտվեց։ Այսօր քանի որ արդեն տասներորդ օրն էր հրաժարականի պահանջի, որոշեցինք գնալ Ազգային ժողով և տեղում հանդիպում պահանջել խմբակցության հետ՝ հենց կոնկրետ «Իմ քայլի», որովհետև մենք գտնում ենք, որ հեղափոխության միջոցով խորհրդարան եկած խմբակցությունն ինքը առաջին հերթին պետք է նախաձեռներ նախկին ռեժիմի մնացորդի հրաժարականը կամ լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը»,- epress.am-ի հետ զրույցում պատմում է իրավապաշտպան Արման Ղարիբյանը։

Այսօրվա նիստի ավարտից հետո ցուցարարներին հաջողվել է կապ հաստատել խմբակցության հետ։ Լիլիթ Մակունցը Արման Ղարիբյանին և Մարինա Պողոսյանին հանդիպման է հրավիրել, որին ներկա էին նաև Սիսակ Գաբրիելյանն ու Արեն Մկրտչյանը։

«Մենք ասացինք, որ իրականում շատ զարմացած ենք, որ մեզ են հարցնում Դավթյանի կատարած հանցագործությունների հիմնավորումների մասին, որովհետև իրենց կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն առաջիններից է եղել, որ բարձրաձայնել է նրա կատարածների մասին՝ հաց բերողից մինչև մարտի մեկի կոծկումը՝ նախքան հեղափոխությունը իհարկե։ Մենք ասացինք, որ զարմացած ու զայրացած ենք, որ դուք մինչև օրս չեք նախաձեռնել այդպիսի քննարկում և հրաժարականն ըստ էության չեք կազմակերպել, բայց նաև ասացինք, որ պատրաստ ենք հաղորդակից դարձնել մեզ հասու ինֆորմացիային։ Տիկին Մակունցն ասաց, որ իրենք, ըստ էության, պատրաստակամ են լսելու և հենց մեր ներկայությամբ կարգադրեց, որ Պետաիրավական հանձնաժողովը նիստ գումարի մեր այդ դիմումի հիման վրա և նաև մեզ հրավիրի այդ նիստին, որովհետև մենք կարող ենք ներկայացնել բազմաթիվ գործեր, որոնցում ակնհայտ է, որ դատախազությունն ապօրինություններ է թույլ տվել և դրանց պատասխանատուն հենց Արթուր Դավթյանն է»,- նշեց Արման Ղարիբյանը։

Հանդիպումը տեղի կունենա մյուս շաբաթ, քանի որ Պետաիրավական հանձնաժողովի նախագահն այս պահին գործուղման է։ Հանդիպման բաց կամ փակ լինելը կորոշի հանձնաժողովը։

«Մենք չենք դադարեցնում փողոցային գործողությունները և որոշել ենք վաղը գլխավոր դատախազության շենքի մոտից մեկնել Վեդի։ Վեդի քաղաքի դատախազության մոտ կազմակերպել մեր ուղիղ հեռարձակումը, այդպիսով Վեդիի և հարակից համայնքների բնակիչներին հնարավորություն տալով մոտենալ ու իրենց խնդիրները բարձրաձայնել։ Բաց բարձրախոսի հնարավորություն ենք ստեղծում, քանի որ մեդիաները հաճախ անտեսում են հասարակ մարդկանց խնդիրները, մենք որոշել ենք մեզ վրա վերցնել նման հարթակի ստեղծումը»,֊ ավելացրեց Արման Ղարիբյանն ու նշեց, որ ուղիղ հեռարձակումներին կարելի է հետևել «Պահանջում ենք գլխավոր դատախազի հրաժարականը» ֆեյսբուքի էջում։