Դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության (ՀՅԴ ՆԱՈՒՄ) անդամները, ովքեր դեմ էին կուսակցության Գերագույն մարմնի որոշմանը և հրաժարվել են մասնակցել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ցույցերին, արտաքսվել են կուսակցությունից։ Այս մասին այսօր հայտնեց ՀՅԴ Գերագույն Մարմինը։
Արտակ Մելիքյանի, Վանիկ Չալոյանի և Անուշ Հովհաննիսյանի փակ նամակը՝ ուղղված կուսակցության «ավագ ընկերներին», դեկտեմբերի 5-ին արտահոսքի հետևանքով հայտնվել է համացանցում։
Երիտասարդները նամակում, մասնավորապես, խոսում են 2019 թվականի հոկտեմբերի 31-ի Գերագույն մարմնի ժողովի մասին, որին ներկա է եղել նաև ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
Ժողովի ընթացքում դաշնակցականները քննարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ ներկայացնելու հարցը։ Հրանտ Մարգարյանը առաջարկել է կուսակցության ներսում քաղբանտարկյալների հարցերով հանձնախումբ ստեղծել, որը կզբաղվի նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությամբ: Մարգարյանը հայտարարել է, որ դաշնակցությունը պետք է պարտիզանական հարվածներ հասցնի ներկա իշխանություններին:
Դաշնակցական երիտասարդների կարծիքով, ժողովի մասնակիցներից շատերը թեև համաձայն չեն եղել հնչած որոշումների հետ, խուսափել են ընդդիմանալ՝ «շարքերում տիրող վախի մթնոլորտի» պատճառով․ «Գաղտնիք չէ, որ նմանօրինակ ժողովներում կուսակցության վերնախավի հետ չհամկընկող կարծիք արտահայտողները արժանանում են խիստ կողմնակալ քննադատության և զանազան պիտակավորումների։ Սա խոսուն վկայությունն է մեր կուսակցության ներքին լայն ժողովրդավարության ողբերգական ծանր վիճակի»։
Հոկտեմբերի 31-ից մի քանի օր անց, գրում են երիտասարդները, ՀՅԴ երիտմիությունը հանդես է եկել Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող հայտարարությամբ: Ուսանողական միության վարչությունն ու շարքերը այդ որոշման մասին տեղեկացել են համացանցից։
Արայիկ Հարությունյանի հրաժարականի արշավը, երիտասարդների փոխանցմամբ, Գերագույն մարմինը համարել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ ներկայացնելու գալիք միջոցառումների սկիզբ և փաստել, որ «հրաժարականի պահանջը իրենց օրակարգի հրմնական նպատակը չի, այլ` որ այսօր մենք որպես դաշնակցություն կարիք ունենք քաղաքական դիվիդենտներ հավաքելու»։
ՆԱՈՒՄ-ը դեմ է եղել թե՛ հիմնական ծրագրին, թե դրա մեկնարկին՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին, և հրաժարվել է միանալ ցույցերին․
«ՀՅԴ ՆԱՈւՄ-ի ցույցերին չմասնակցելը Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կուսակցական ընկերներին ներկայացրել է որպես դասալքություն»:
Գերագույն մարմինը փորձել է սպառնալիքի լեզվով միությանը ստիպել մասնակցել ցույցերին, այնուհետև՝ առանց պատճառներ ներկայացնելու կուսակցությունից մեկուսացրել է (սառեցրել անդամակցությունը) ուսանողական միության ընդդիմացող անդամներին։ Ուսանողական միության «ճնշող մեծամասնությունը, տեսնելով անտրամաբանական և կամայական վերաբերմունքը իրենց ընկերների և միության հանդեպ, ինքնամեկուսացման դիմում են ներկայացրել Գերագույն մարմնին»։
Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Անուշ Հովհաննիսյանն ու Վանիկ Չալոյանը պատմել են, որ ՆԱՈՒՄ-ի վարչության բոլոր անդամները՝ հինգ հոգի, մեկուսացվել են։ Ընդհանուր առմամբ կուսակցությունից մեկուսացվել է 12 անդամ, կան տասնյակ ինքնամեկուսացվածներ։ Դեկտեմբերի 5-ի տվյալներով ընդհանուր առմամբ 54 հոգու անդամակցությունը սառեցված է, ինքնամեկուսացման դիմումները դեռ շարունակվում են։
Երիտասարդները նամակի վերջում գրում են․ «Գերագույն մարմնի վարած ներքին՝ կուսակցական, և արտաքին՝ պետական քաղաքականությունը օրեցօր գցում է կուսակցության վարկանիշն ու մոտեցնում կուսակցությանը անդունդի եզրին:
Երկրի ներսում Գերագույն մարմինը ունենալով շուրջ 6000 անդամ՝․․․ ԿԳՄՍ նախարարի դեմ ցույցի ժամանակ գործադրեց հնարավոր ու անհնար բոլոր ճիգերը, սպառնալիքները, ստիպողական ու հրամայական տոները, ոչ աշխատանքային ժամերը, փորձեց ոտքի հանել ողջ հայաստանյան կառույցը ու կարողացավ հավաքել մոտ․․․ 50 կուսակցական ընկերոջ»։
ՆՈՒՄԸ՝ ճիշտ համարելով ՀՅԴ արմատական և ինստիտուցիոնալ ընդդիմադիր դիրք ունենալը, դատապարտում է Գերագույն մարմնի քաղաքական ուղեգիծը՝ կարծելով, որ այն արտահայտում է ոչ թե կուսակցական և հասարակական շահերը, այլ ուղղված է նեղ խմբային շահերի պաշտպանությանը: Ըստ նրանց, դրա մասին է խոսում ԿԳՄՍ նախարարի դեմ Դաշնակցության կազմակերպած նստացույցին այլ քաղաքական ընդդիմադիր, նախկին իշխանական ուժերին աջակից զանազան խմբավորումների մասնակցությունը և ժողովրդի կողմից մերժված նախկին և ներկա քաղաքական դիակների հետ համագործակցության եզրեր փնտրելը, որի վառ օրինակ է դաշնակցականների ներկայությունը Վազգեն Մանուկյանի նախաձեռնած «Վերնատուն» ակուբմի բացմանը»։
Հայ հեղափոխական դաշնակցությունը հարցազրույց տված երիտասարդներին այսօր հանեցին կուսակցության շարքերից։