Մոտենում են Նոր Տարվա տոները, իսկ դա նշանակում է, որ առևտրի մեքենան մեզ ամբողջ ուժով շարունակելու է համոզել գնումներ անել, փող ծախսել ու սպառել: Կապիտալիստական համակարգը ինքնակամ չի նահանջելու։ Այն շարունակելու է մեզ համոզել, որ կհեշտացնի ու կերջանկացնի մեր կյանքը, եթե շարունակենք ներդնել դրա գոյության մեջ՝ սպառելով մեզ իսկ շահագործելով ստեղծված «բարիքները»։
Ամեն մի գնված ՆՈՐ ապրանք իր արտադրման, տեղափոխման և այլ փուլերում պատճառ է դառնում Կլիմայական Ճգնաժամն է՛լ ավելի խորացնող վտանգավոր գազերի արտանետումների, ջրի, հողի, օդի աղտոտման։
Այնուամենայնիվ, քեզ որոշ իրե՞ր են պետք, բայց ինչո՞ւ ընկնել սպառողական համակարգի ճիրանները, եթե քեզ անհրաժեշտ իրերը ինչ-որ մեկի տանը, նրա հոգատար ձեռքերով պահված՝ անհամբեր քեզ են սպասում։ Դու նո՞ւյնպես տանը իրեր ունես, որոնք արդեն մի քանի տարի է՝ չես օգտագործել, իսկ դրանք տեղ են զբաղեցնում՝ փոշի կուտակելով։ Կարծում ես՝ դրանք քեզ այլևս պետք չեն, բայց պիտանի՞ են, թափելն էլ ափսոս է: Դուք հնարավորություն կունենաք գտնել միմյանց Ձրի շուկայում, որը տեղի կունենա
կիրակի օրը՝
դեկտեմբերի 22-ին,
ժամը 16:00-18:30-ին,
Սպենդիարյան փողոց 5, բն. 24, 2-րդ հարկ։
Այսպիսով, Ձրի շուկան դա մի վայր է, որտեղ կարող ես գտնել ու անհատույց վերցնել քեզ անհրաժեշտ իրեր և/կամ թողնել իրեր, որոնք քեզ այլևս պետք չեն։ Միևնույն ժամանակ, Ձրի շուկան միայն իրեր ձեռք բերելու տեղ չէ։ Այն ստեղծում է միջավայր, որտեղ կարող ենք կիսվել ոչ միայն իրերով, այլև փորձով, լավ ժամանակ անցկացնել մի բաժակ թեյի շուրջ, ու քննարկել, թե ինչպես է սպառողական համակարգը կործանում շրջակա միջավայրը, բերում տնտեսական ճգնաժամերի ու մարդկանց շահագործման։
Բնությունն առավել քան երբևէ ձեր գիտակից լինելու կարիքն ունի: Հետևաբար, ճարելով, ձեռք բերելով օգտագործված իրեր՝ դուք քայլ եք անում դեպի ավելի անվտանգ ապագա մեզ հայտնի այս միակ Մոլորակի վրա, որն այսքան մեծ հոգատարությամբ հյուրընկալում է մեզ։
Ձրի շուկայի ավելի հաճելի ընթացքն ապահովելու համար ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՊԱՀՊԱՆԵԼ ՄԻ ՔԱՆԻ «ՍԿԶԲՈՒՆՔ».
– Հիշեցնում ենք, որ Ձրի շուկան բարեգործական միջոցառում չէ, և ոչ էլ տեղ է՝ հին իրերից ազատվելու և դրանց փոխարեն նոր թափով սպառողկան շղթային լծվելու, նորանոր գնումներ անելու համար:
– Մի՛ բերեք չափազանց շատ իրեր, իսկ բերելու դեպքում շուկայի վերջում ձեզ հետ տուն տարեք այն իրերը, որոնք ոչ ոք չի վերցրել:
– Փորձեք հնարավորինս երկար ժամանակ մնալ Շուկայի տարածքում, շփվել մարդկանց հետ, զրուցել, փոխանակումներ անել, այլ ոչ թե ուղղակի թողնել իրերն ու գնալ:
– Եթե ձեր իրը թերի է, նշեք դրա թերությունները թղթիկի վրա և փակցրեք վրան․ միշտ հաճելի է հասկանալ, թե ինչ ես վերցնում։
– Եթե բացի ձեզանից նույն իրն ուզում է վերցնել մեկ ուրիշը, դուք կարող եք. քննարկել, թե ում է այն ավելի հարկավոր/օգտակար, «ղուշ թե գիր» կամ «չին-գա-չունգ» խաղալ, զիջել այն 🙂
Հայկական բնապահպանական ճակատ