Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Կառավարության շենքի մոտ Ապարանից եկած տղամարդն, ով ներկայացավ որպես Սողոմոն Խոստիկյան, դանակը պարանոցին սպառնում էր ինքնասպան լինել, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հետ չհանդիպի։
Նրա խոսքերով, քննիչն իր մորից 20 հազար դոլար կաշառք է պահանջել՝ «եղբայրներին բանտ չուղարկելու» դիմաց․ եղբայրներն, ըստ Խոստիկյանի, գողացված ապրանք են գնել՝ առանց իմանալու, որ այն գողացված է, և բռնվել են։ Գողության համար դատապարտվել են 11 և 12 տարվա ազատազրկման, պատիժը կրում են Վանաձորում։ Մեղքը չեն ընդունել, բողոքել են, բայց նախաքննությունն ու դատարանը անտեսել են բոլոր բողոքներն ու ներկայացված փաստերը։
Epress.am-ի հետ զրույցում ԱԻՆ-ից հայտնեցին, որ տեղում գործող ոստիկաններին և փրկարար ծառայության աշխատակիցներին հաջողվել է կանխել ինքնասպանության փորձը, «Քաղաքացուն հիմա տեղափոխում են»։ Քիչ առաջ հաղորդվեց, որ Խոստիկյանը (ծնված 1988 թվականին) տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր․ նա հասցրել է «իր ձեռքում առկա սուր կտրող-ծակող գործիքով վնասել պարանոցը»։
Քննչական կոմիտեի պարզաբանումը
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել Սողոմոն Խոստիկյանի եղբայրների՝ Արման և Վաղարշակ Խոստիկյանների քրեական գործի և քննիչի կողմից կաշառք պահանջելու կապացությամբ հարուցված քրեական գործի մանրամասները։
Ըստ ՔԿ-ի, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ 2014թ. ապրիլի 30-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ նույն թվականի ընթացքում եղբայրները Երևանում, Էջմիածնում, Արարատի մարզում ավտոմեքենաներ են գողացել, խանութներ թալանել, վճարային սարքեր հափշտակել։ Ըստ քննության, մի քանի անգամ եղբայրներին էին օգնում ևս երկու հոգի։
2017 թվականի փետրվարի 27-ին կայացված դատավճռով՝ Արման Խոստիկյանի նկատմամբ որպես պատիժ է նշանակվել ազատազրկում` 12 տարի ժամանակով, Վաղարշակ Խոստիկյանի նկատմամբ՝ 11 տարի ժամանակով, Արտակ Սամսոնյանի նկատմամբ՝ 3 տարի 6 ամիս ժամանակով, իսկ Համլետ Վարդանյանի նկատմամբ՝ 2 տարի ժամանակով:
Դատավճիռը բողոքարկվել է վերաքննիչ քրեական դատարան ինչպես դատախազի, այնպես էլ՝ ամբաստանյալներ Վաղարշակ և Արման Խոստիկյանների պաշտպանների կողմից: Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ մերժվել են բերված բողոքները, և ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնվել է անփոփոխ:
Դատական ակտը պաշտպանի կողմից բողոքարկվել է նաև Վճռաբեկ դատարան: Վճռաբեկ դատարանը մերժել է ներկայացված բողոքների վարույթ ընդունումը։
ՔԿ-ն տեղեկացնում է նաև, որ դեռևս 2018թ. հուլիսին դատապարտյալներ Խոստիկյան եղբայրների հարազատի և նրանց մտերիմ անձի կողմից հաղորդումներ են ներկայացվել Հատուկ քննչական ծառայություն՝ հիշյալ քրեական գործը քննող քննիչի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ, որոնց հիման վրա նախապատրաստված նյութերով 23.07.2018թ. հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի և 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Վերոհիշյալ քրեական գործի վարույթը կարճվել է՝ հանցադեպի բացակայության հիմքով։