«Կենտրոն» հեռուստաընկերության նկարահանող խմբի վրա Հովտաշեն համայնքում կատարված հարձակման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«․․․2019թ. դեկտեմբերի 24-ին Արարատի մարզի Հովտաշատ գյուղի ձկնաբուծարանում ծավալվող իրադարձությունները նկարահանելիս և լուսաբանելիս անծանոթ անձանց կողմից «Կենտրոն»-ի լրագրող Արթուր Հակոբյանի և նույն հեռուստաընկերության օպերատոր Սիմիկ Մայիլյանի լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, նրանց քաշքշելու, տեսանկարահանման իրականացմանը խանգարելու, տեսախցիկի լուսավորության սարքավորումը վնասելու դեպքի առթիվ Արարատի մարզի դատախազի հանձնարարությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ», – ֆեյսբուքի իր էջում գրել է Աբրահամյանը՝ ընդգծելով, որ քրգործը հարուցվել է լրագրող Արթուր Հակոբյանի կողմից տրված հաղրոդման հիման վրա:
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Հովտաշեն համայնքում մի քանի տասնյակ բնակիչներ երեկ հարձակվել են «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» հաղորդման նկարահանող խմբի վրա, հայհոյել և հարվածել նրանց, վնասել տեսախցիկը։ Նկարահանված կադրերի մի մասը, որոնցում երևում է բռնության փաստը, պահպանվել է և ավելի ուշ հրապարակվել։
Գագիկ Ծառուկյանին պատկանող լրատվամիջոցի լրագրողները Հովտաշեն էին գնացել Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի ձկնաբուծարանի հարցը լուսաբանելու համար։ Առուստամյանի ներկայացուցիչներն ավելի վաղ ահազանգ էին տարածել, թե մի խումբ քաղաքացիներ, մոտ 60 հոգի, ներխուժել են ձկնաբուծարանի տարածք և «կազմակերպված» ձևով ձուկ գողացել։
Նշենք, որ դեպքի առթիվ ավելի վաղ հայտարարություն էր տարածել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել մոտ մեկ տասնյակ լրագրողական կազմակերություններ։
ՄԻՊ-ի գրասենյակն ընդգծել էր՝ «լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը կամ դրան ոչ իրավաչափ միջամտելն անթույլատրելի է՝ անկախ որևէ մեկի համակրանքից կամ հակակրանքից» և կոչ էր արել քաղաքացիներին «որևէ ակցիա իրականացնելիս կամ որևէ հարցի առնչությամբ բողոք արտահայտելիս․․․ հարգել այլոց իրավունքներն»: Իսկ լրագրողական կազմակերպությունները վրդովմունք էին հայտնել «լրագրողական մասնագիտական գործունեության խոչընդոտման և սանձազերծված բռնության կապակցությամբ» և պահանջել միջոցներ ձեռնարկել մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար։