Փարիզի նորաձևության շաբաթի ընթացքում Comme Des Garçons բրենդի սպիտակ մոդելները «մակարոնանման աֆրոյով» կլինեն։ Dolce & Gabbana֊ի մոդելները 2018-ին չինական փայտիկներով պիցա էին ուտում, Gucci-ն 2019-ին «բլեքֆեյս» ջեմփերներ էր թողարկում։
Երբ Dolce & Gabbana֊ն քննադատական արձագանքներ ստացավ Շանհայի ցուցադրության շրջանակներում նկարահանված տեսանյութի համար, որում չինացի մոդելը փորձում էին փայտիկներով մակարոններ ու պիցա ուտել, ընկերության համահիմնադիր Դոմենիկո Դոլչեն խոստացավ հետագայում նման բացեր թույլ չտալ։
Gucci֊ն հայտնեց, որ սպիտակ դերասանների սևական գրիմ հիշեցնող սվիտերի միջադեպը դաս կլինի իրենց ողջ ստեղծագործական թիմի համար։
Comme Des Garçons-ի վարսահարդար֊ոճաբան Ժուլիեն դ’Իսը ներողություն խնդրեց և ասաց, որ ոչ մեկին չէր ցանկանում վիրավորել աֆրոհյուսերով սպիտակ մոդելներով։
Financial Times-ի նորաձևության բաժնի խմբագիր Լորեն Ինդվիկը զուգահեռներ է տարել Comme Des Garçons-ի սկանդալի ու Valentino-ի ցուցադրության միջև։ 2015-ին կայացած այդ ցուցադրությունը գնահատանքի տուրք պետք է լիներ Աֆրիկային, բայց մոդելների մեծամասնությունը սպիտակ էին, կրում էին Փարիզում կարված հագուստ։
Մարիա Գրացիա Կյուրին, ով նորաձության տան ստեղծագործական տնօրենն էր, քննադատության ենթարկվեց տասից ավելի քիչ թվով սև մոդելների ընտրության համար։ Այժմ նա աշխատում է Dior-ում, որի հավաքածուները համաշխարհային մշակույթի ներկայացման հաջող օրինակներ են համարվում։ Մարաքեշի նրա ցուցադրութունը խորը գնահատանքի էր արժանացել․ սկսած աֆրիկական տեքստիլի փորձագիտական ուսումնասիրությունից մինչև հյուրերի համար նախատեսված բարձերը, որոնք պատվիրվել էին տեղացի դերձակների մոտ։
Տարբեր մշակույթների առանձնահատկություններ ներկայացնելիս անընդունելի համարվող պահվածք ցուցաբերում են ոչ միայն բարձր նորաձևության ներկայացուցիչները։ Անցյալ տարի իսպանական Zara ապրանքանիշը քննադատության էր արժանացել հերթական ցուցադրության ժամանակ չինացի մոդելների դեմքերին մոնղոլոիդ ռասայի ներկայացուցիչներին ոչ բնութագրական պեպեններ նկարելու համար։ 2018 թվականին H&M-ը պաշտոնական ներողություն էր խնդրել գովազդում «ջունգլիների ամենալավ կապիկը» գրառմամբ շապիկով սև երեխայի մասնակցության համար։