Home / Մշակույթ / Գուչիի տարընթերցումները

Գուչիի տարընթերցումները

Այս տարվա սեպտեմբերին՝ Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակներում տեղի ունեցած Գուչիի գարուն/ամառ 2020 հավաքածուի ցուցադրությունը որոշակի ուշադրության արժանացավ նաև Հայաստանում՝ ցուցադրության հետ առաջին հայացքից բացարձակապես կապ չունեցող պատճառներով։ Համաշխարհային նորաձևության մեջ ամենակարևոր պոդիումներից մեկին այս տարի հայտնվեց նաև հայ գրաֆիկ դիզայներ և սկսնակ մոդել Արմինե Հարությունյանը, որի արտաքինն ու հագուստը սոցիալական ցանցերում մի քանի օրով քննարկման համար մեկ թեմա դարձան՝ մեծ մասամբ մեծ կայսրությունների գեղագիտությունների միջև մոլորված ծայրագավառի շփոթմունքի տեսքով։

Արևմուտքում ուշադրություն էր գրավել մոդել ՅաՅա Բոնսի իրականացրած ակցիան. պոդիումի վրա «սահելիս» նա առաջ էր պարզել ձեռքերը, որոնց վրա գրված էր․ «հոգեկան առողջությունը նորաձևություն չէ»։ Սա արձագանք էր շոուի առաջին մասին, որի ժամանակ ցուցադրված լուքերը զսպաշապիկներ էին հիշեցնում։

Ավելի ուշ Բոնսին Իստագրամի իր էջում բացատրել էր․ «Որպես արտիստ ու մոդել, որը սեփական պայքարներն է ունեցել հոգեկան առողջության հետ, ինչպես նաև (ունենալով) ընտանիքի անդամներ ու սիրելիներ, որ կրել են դեպրեսիայի, ընկճախտի, երկբևեռ խանգարման ու շիզոֆրենիայի ազդեցությունը, Գուչիի պես խոշոր նորաձևության տան կողմից վնասակար ու անզգայուն է այս պատկերքը որպես նորաձևության անցողիկ պահի հղացք օգտագործելը»։

Նա բացատրեց նաև, որ զսպաշապիկները «խորհրդանիշն են բժշկության մեջ մի դաժան ժամանակաշրջանի, երբ հոգեկան հիվանդությունը հասկացված չէր, և մարդկանց իրավունքներն ու ազատությունները խլված էին նրանցից, մինչ նրանք բռնության ու կտտանքների էին ենթարկվում հոգեբուժարանում»։

Գուչին արձագանքեց Ինստագրամի իր էջում տեղադրված գրառմամբ, ուր ասվում էր, որ շոուի առաջին հատվածում ներառված սպիտակ հագուստները ներկայացնում են «թե ինչպես է իշխանությունը գործադրվում կյանքի վրա՝ ջնջելու համար ինքնարտահայտումը»։ Հագուստների այդ շարքը վաճառքի չի հանվելու։ Ցուցադրության երկորդ մասում, որի բոլոր 89 լուքերը «Orgasmique» խորագրի ներքո էին, մոդելները բեմ բարձրացան 80-ականների աշխույժ ռիթմերի ներքո՝ վառ ու կոնտրաստային գույներով, կաշվե հագուստներով, ԲԴՍՄ հագուստի տարրերով ու աքսեսուարներով։

Ցուցադրության ամբողջական հղացքը բացատրելիս դիզայներ Ալեսսանդրո Միկելեն ասում է․ «Կենսաքաղաքականություն (biopolitics)։ Իշխանությունը, որ լեգիտիմացնում է որոշ գոյություններ, սահմանափակում մյուսները։ Իշխանություն, որ պարտադրում է ընթացքներ և ուղիներ, որ սահմանում է նորմալություններ՝ դասակարգելով ու սանձելով ինքնությունը, և շղթայելով այն նրան, ինչ կանխահղացված է»։

Գաղութացված ու պերիֆերիա մղված երկրից յուրօրինակ արտաքինով մոդելի ներկայությունն արևմտյան նորաձևության մայրաքաղաքում՝ զսպաշապիկ հիշեցնող ճերմակ ու տձև հագուստի մեջ, ուրեմն, հատկանշական է, և մինչ Հայաստանում գաղութացվածի հայացքով քննարկում են Արմինեի արտաքինը, նրա անշարժ ներկայությունն իսկ քաղաքական դիրքի է վերածվում։


Միկելեի Գուչին առաջին անգամ չէ, որ հավակնում է 20-րդ դարի քաղաքական փիլիսոփայությունը կարել հագուստի մեջ․ 2019 թվականի աշնանային հավաքածուն ոգեշնչված էր Հաննա Արենդտի «Մարդկային դրությունը» աշխատությունից, իսկ նախորդ տարիների աշխատանքներն ու Միկելեի գեղագիտությունն առհասարակ հատկանշվում են հոլիվուդյան ոսկեդարին, 80-ականներին և անտիկությանը հետհեգնական անդրադարձներով, Գուչիի՝ որպես խիստ սեռականացված, էլիտար ու էքստրավագանտ նորաձևության տան իմիջի վերաիմաստավորմամբ։

Լայն համատեքստում, Գուչիի նոր գեղագիտությունը հրաշալիորեն տեղավորվում է վերջին տարիների նորաձևության ամենանշանակալից թրենդներից մեկի՝ ugly chic-ի* մեջ, որը մի կողմից արձագանք է գեղեցկության ոլորտի համընդհանուր հասանելիությանը, մյուս կողմից՝ արմատական ներառականության փորձ։ Բացի այդ, մինիմալիզմի ու սպորտային հագուստի հաղթարշավը ևս կարևոր դեր ունեն․ տարածված «less is more»** պնդմանը Միկելեն մի անգամ չէ, որ պատասխանում է՝ «more is more»։ Գուցե զսպաշապիկներ հիշեցնող միաձև ճերմակ հագուստների հղացքը Միկելեի պատասխա՞նն էր ճիգից փախուստը որպես նրբագեղություն ընկալողներին։

Այսքանով հանդերձ նորաձևության աշխարհում շատերն այս հավաքածուն գնահատեցին որպես Միկելեի լավագույնը վերջին տարիներին։ Սա նաև Գուչիի առաջին ամբողջովին carbon neutral ցուցադրությունն էր․ ոչ միայն հագուստը, այլև տարածքը պատրաստվել էր գերազանցապես վերամշակված կամ վերամշակելի նյութերից։

Արթուր Միրզոյան

__

*Բառացիորեն՝ «տգեղ շիկ»․ ոչ ֆորմալ տերմին է, որով մատնանշվում է հատկապես նորաձևության մեջ ավանդաբար տգեղ համարվածի՝ որպես գեղեցիկ, ցանկալի ու շիկային դիտվելու երևույթը․ մի շարք նշանավոր նորաձևության տներ, ինչպես Պրադան, Գուչին, Բալենսիագան և այլն, նկարագրվում են որպես ներկայումս այս մոտեցման ներկայացուցիչներ։

**Բառացիորեն՝ «ավելի քիչն ավելի շատ է»․ տարածված ասույթ, որ վերագրվում է ճարտարապետ Լյուդվիգ Միես վան դեր Ռոհեին։ Կիրառվում է հատկապես, բայց ոչ միայն, դիզայնի և ճարտարապետության համատեքստում՝ որպես մինիմալիզմի կարգախոս։