Վերջին շրջանում հաճախակի դարձած ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ խորհրդարանում խոսելիս, պաշտպանության փոխնախարարը նկատեց՝ որոշ դեպքերում պարզվում է, որ «էդ քրեածին իրավիճակը ստեղծվում է պարտադիր ժամկետայինների կողմից», իսկ թիրախավորվում են նաև արժանավոր սպաները։
Ազգային ժողովում քննարկվում էր «Հայաստանի պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը։ Պատգամավորներից ոմանք խնդրեցին կառավարությանը հետագայում քննարկել նաև ավտովթարների հետևանքով վնասված զինծառայողներին փոխհատուցում տրամադրելու մասին հարցը։ Նաև խոսվեց բանակում տիրող մթնոլորտի մասին։ Գաբրիել Բալայանին հարց ուղղվեց, թե ի՞նչ միջոցներ է ձեռնարկում պաշտպանության նախարարությունը՝ կարգուկանոն հաստատելու համար։
«Վերջին օրերի խոսակցություններից ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ թիրախավորվում են մեր նաև արժանավոր սպաները, այդ թվում՝ գեներալները։ Եկեք չմոռանանք, որ էն հաղթանակներով, որ պարծենում ենք, բոլորս նաև պարտավոր ենք էդ գեներալներին, որոնք էն ժամանակ ավելի ցածր զինվորական կոչում ունեին։ Եվ բավական բան ունենք էդ մարդկանց կյանքից և ծառայության փորձից սովորելու։
Հանրային ընկալման մեջ, կարծում եմ, որ պետք է բոլորս աշխատենք այդ ընկալումը փոխելու համար, այլապես մի այնպիսի կարծիք է ձևավորված, որ բոլոր պարտադիր շարքային կազմի զինծառայողները օրինապաշտ են, իսկ մեր պայմանագրային և սպայական անձնակազմը՝ իրավախախտ։ Փառք Աստծո, քրեական գործերով դատաքննությունների ընթացքում շատ լրացուցիչ հանգամանքներ են պարզվում, որ սկզբից հասարակությունը չի ընկալում, կամ չի մատուցվում հասարակությանը, որ էդ քրեածին իրավիճակը ստեղծվում է պարտադիր ժամկետայինների կողմից», ֊ նկատեց փոխնախարարը՝ չբերելով, սակայն, կոնկրետ օրինակներ։
Ավելի վաղ քննադատության էին արժանացել Բալայանի կողմից արված իրավապաշտպանների մասին հայտարարությունները։ Վերջիններս դրանք իրենց լռեցնելու փորձ են անվանել։
«Human Rights House» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը նախարարից պահանջել էր, մասնավորապես, քննարկել փոխնախարարի վարքը և, հիմքերի առկայության դեպքում՝ ենթարկել կարգապահական պատասխանատվության։