հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Առողջապահություն / Հյուրանոցներում և հիվանդանոցներում ազատ տեղեր դեռ կան (թարմացված)

Հյուրանոցներում և հիվանդանոցներում ազատ տեղեր դեռ կան (թարմացված)

[թարմացում]․ Հանձնաժողովի նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ԱՆ Արսեն Թորոսյսնը նշեց, որ մինչև մայիսի վերջ հավանական է, որ ունենանք մոտ 10 հազար վարակակիր, եթե կանոնները չպահպանվեն՝ ավելի շատ։ Նախարարի խոսքերով, վարակի օջախները բազմաթիվ են։ Եթե վարակակիրների թիվը հասնի 10 հազարի, համակարգը ստիպված կլինի սպասարկել միայն ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտներին, թեթև դեպքերը, ամենայն հավանականությամբ, կուղարկվեն տուն։

Առողջապահության համակարգի բեռնվածությունը գնալով ավելանում է, դեռևս տանելի բեռնվածության մակարդակի է։ Սարքերի, մահճակալային ֆոնդի, դեղորայքի, պարագաների, բժշկական անձնակազմի առումով պակասի խնդիր դեռևս չկա։ Առողջապահության համակարգը դեռևս շարունակում է առաջնորդվել հայտնաբերելու, թեստավորելու, մեկուսացնելու և բուժելու սկզբունքով, որը նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական խորհուրդն է՝ բոլոր երկրներին, անկախ իրենց ունեցած դեպքերի թվից, այնքան ժամանակ, քանի դեռ ռեսուրսները բավարարում են։ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում այս մասին հայտնել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Այսօրվանից, հիշեցնենք, Հայաստանը թուլացրել է կարանտինի ռեժիմը․ տնտեսական գործունեության արգելված տեսակների գերակշիռ մասը վերագործարկվել է։ Նախատեսվում է, որ առաջիկայում՝ քայլ առ քայլ, կհանվեն նաև այն սահմանափակումները, որոնք դեռևս ուժի մեջ են մնում։ Թորոսյանի խոսքերով՝ հետագա զարգացումները մեծապես կախված են քաղաքացիների, տնտեսվարողների պատասխանատվությունից կամ անպատասխանատվությունից․ եթե իրավիճակը սրվի այնքան, որ առողջապահական ռեսուրսները այլևս չբավարարեն, կառավարությունն, այնուամենայնիվ, ստիպված կլինի վերադառնալ կարանտինային ռեժիմին։

Տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումների թուլացման արդյունքում՝ վերջին օրերին նկատվում է վարակվածության դեպերի էական աճ։ Վերջին մեկ օրում արձանագրվել է վարակվածության 121 նոր դեպք։ Ապաքինվածները 36-ն են։ 4 քաղաքացի մահացել է։

Ընդհանուր առմամբ, մինչ օրս Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 2507 դեպք, որոնցից 1071՝ արդեն բուժված, 39-ը՝ մահվան ելքով։ Թորոսյանի փոխանցմամբ, «արձանագրվել է նաև 4 անուղղակի մահ․ պացիենտներն ունենցել են կորոնավիրուսային հիվանդություն, բայց մահը վրա է հասել այլ պատճառներով»։ 

Պացիենտներից 35-ի վիճակը բժիշկները գնահատում են որպես ծայրահեղ ծանր, 65-ինը՝ ծանր։ Նրանցից 9-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերին։ 

Ընդհանուր առմամբ ակտիվ, այսինքն՝ բժշկական հսկողության տակ գտնվող դեպքերն այս պահին 1393-ն են․ պացիենտների մի մասը՝ հիվանդության ասիմպտոմ կամ թեթև ընթացքով, մեկուսացված են հյուրանոցներում, միջին և ծանր դեպքերը «բուժվում են կորոնավիրուսի համար հատուկ առանձնացված մահճակալային ֆոնդում»։ Նախարարի փոխանցմամբ, «հիվանդանոցային համակարգում այս պահին ունենք մոտ 350 ազատ մահճակալ», հնարավոր է, որ հետագայում մահճակալային ֆոնդը համալրվի։

Կորոնավիրուսային հիվանդության դեպ միջոցառումներում այն պահին ներգրավված են 6 հիմնական բժշկական կենտրոններ Երևանում և Արտաշատում, ինչպես նաև Կապանում, Վանաձորում, Գյումրիում եղած ինֆեկցիոն հիվանդանոցները կամ ինֆեկցիոն բաժանմունքները։ 

Մինչ օրս արվել է մոտ 25 հազար, վերջին մեկ օրում՝ 765 թեստ։ Թորոսյանի փոխանցմամբ, Հայաստանի գրեթե բոլոր լաբորատորիաները ներգրավված են թեստավորման գործընթացում։ Թեստեր պակաս դեռևս չկա։ Թորոսյանի խոսքերով, այժմ ստեղծվում են թեստավորման նոր մեթոդներ․ «Մենք արդեն իսկ պատվեր ենք դրել, պարզապես մատակարարումների ժամկետը բավական երկար է․ ամերիկյան մի ընկերություն է նախատեսում արտադրել, նոր թեստերը 5 ժամի փոխարեն՝  մոտավորապես 1 ժամ կպահանջեն։ Արդյունքները ունեն ճշգրտության նույն մակարդակը, ինչ որ այժմ կիրառվող լաբորատոր թեստերը։ Նոր թեստերի կիրառումը թույլ կտա մեծացնել թողունակությունը», – նշել է նախարարը։

Ըստ նրա, չի բացառվում նաև, որ կորոնավիրուսով վարակված և բուժված քաղաքացու մոտ կարող է կրկին վիրուս հայտնաբերվել․ 3 քաղաքացի հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կրկին «վարակվել է»։

«Նրանց նորից իզոլացրել ենք, որպեսզի հավանական վարակը կանխարգելենք: Նման դեպքեր արձանագրվել են Չինաստանում ու Հարավային Կորեայում, դա ոչ թե կրկնակի վարակում է, այլ վիրուսի մասնիկների պահպանում է բերանի խոռոչի, կոկորդի հյուսվածքներում, որը երկուսից երեք ամսվա ընթացքում ՊՇՌ-ով (պոլիմերազային շղթայական ռեակցիա) հայնաբերվում է: Հայտնաբերման մեթոդը աշխատում է ոչ թե վիրուսի մասնիկի վրա, այլ վիրուսի մեջ եղած գենետիկ մատերիալի վրա, որը կարող է լինել ապաակտիվ վիճակում` առանց պատյանի: Դա չի բազմանում ու չի արտազատվում», – նշել է նախարարը` հավելելով, որ նույնիսկ դուրս գրվելուց հետո պետք է պահպանել անվտանգության կանոնները:

Վերջին մեկ-երկու ամիսներին ընդունվել և առաջիկայում ընդունվելու են մի շարք օրենքներն ու որոշումները, որոնք ինչ-որ չափով կարգավորելու են հետկարանտինային իրավիճակը․ անցած շաբաթ արտահերթ նիստով ընդունվել է բյուջեի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, որով հավելյան հնարավորություններ են տրվել կառավարությանը՝ վերաբաշխումներ իրականացնել, ադապտացվել կարանտինային և հետկարանտինային իրավիճակին։ Որոշ փոփոխություններ են արվել նաև բժշկական օգնության և սպասարկման մասին և արտակարգ դրության մասին օրենքներում։ Արսեն Թորոսյանի հավելմամբ՝ առաջիկայում Ազգային ժողով կուղարկվի նաև բժշկասանիտարական անվտանգության օրենքի նախագիծը, որը հնարավորություն կընձեռի կառավարությանը արտակարգ դրության ավարտից հետո (մայիսի 14-ին, եթե կրկին չերկարաձգվի ) իրականացնել համավարակային լոկալ միջոցառումներ, կիրառել լոկալ սահմանափակումներ և հիվանդությամբ պայմանավորված որոշ անձնական սահմանափակումներ (մեկուսացման, ինքնամեկուսացման և բուժման ռեժիմներ)։ Եվս 5-6 օրենսդրական նախագծեր գտնվում են լրամշակման փուլում կամ դրված են շրջանառության։

Տնտեսական ցուցիչներ, կանխատեսումներ, գործազրկություն

Ինչ վերաբերում է տնտեսական ցուցիչնեչին և կանխատեսումներին, հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը նշեց, որ, ըստ Աշխատանքի միջազգային կազմակերպության վերջին հրապարակումների, covid-19 համավարակի և կարանտինի հետևանքով առաջացած տնտեսական կապերի խզումը այս կամ այն կերպով ազդել է համաշխարհային աշխատաշուկայում ներգրավված 3․3 միլիարդ մարդու վրա։

Կանխատեսումների համաձայն, միջինից բարձր եկամուտ ունեցող երկրներում, որոնց թվին է դասվում նաև Հայաստանի Հանրապետությունը, ճգնաժամի հետևանքով գումարային աշխատաժամերը նվազելու են մոտ 7 տոկոսով, այսինքն՝ մոտ 100 միլիոն դրույք աշխատողով,

հիմնականում՝ կացության և հանրային սննդի կազմակերպման, մեծածախ և մանրածախ առևտրի, անշարժ գույքի, մշակող արդյունաբերության, ավտոմեքենաների նորոգման և մի շարք այլ որորտներում ներգրավված։

2020 թվականի հունվարի մեկի դրությամբ, ըստ Զեյնալյանի, հայաստանյան աշխատաշուկայի նշված ոլորտներում աշխատել է մոտավորապես 209 հազար գրանցված քաղաքացի՝ ընդհանուր աշխատուժի մոտ 35 տոկոսը (և անհայտ քանակությամբ չգրանցված աշխատողները). ստեղծված ճգնաժամը նպատստել է նախևառաջ նրանց աղքատացմանը։

Իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուսումյանը հավելեց՝ սպասվում է, որ գործազրկությունը համավարակին հաջորդող ժամանակաշրջանում կաճի 1․3 տոկոսով՝ 17․7 տոկսից դառնալով 19 տոկոս։ Այսինքն՝ մոտ 40 հազար նոր գործազուրկներ կլինեն, որոնց շարքերը մի քանի ամիս անց, հավանաբար, կհամալրվի նաև Ռուսաստանից վերդադրձած սեզոնային աշխատողների հսկայական բանակով։ Կառավարությունը սոցիալական աջակցության և զբաղվածության ծրագրեր է մշակում՝ մեղմելու համար ստեղծված իրավիճակը և խթանելու նոր աշխատատեղերի ստեղծումը։