Գլխավոր / Հայաստան / Պարտադրել զիջումներ, հեռացնել Նիկոլին, մտնել Ղարաբաղ․ ՌԴ-ի պլաններն, ըստ Սեֆիլյանի

Պարտադրել զիջումներ, հեռացնել Նիկոլին, մտնել Ղարաբաղ․ ՌԴ-ի պլաններն, ըստ Սեֆիլյանի

Արցախի հարցն արդիականացել է Ռուսաստանի թեթև ձեռքով, որն ուզում է հեռացնել Հայաստանի ներկայիս իշխանությանը։ Ռուսական կողմը խնդիր ունի օր առաջ ձերբազատվելու Նիկոլ Փաշինյանից։ Նման կարծիք է հայտնել Սասնա Ծռերի ղեկավար անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը։

– Արցախի հարցն այսօր ակտուալացել է երկու նպատակով՝ ռազմաքաղաքական, այսինքն՝ Այսրկովկասում նրանց վերջին հենակետը Հայաստանի Հանրապետությունն է։ Ինչպես մենք գիտենք, առնվազն 200 տարի արցախյան խնդիրը կամ հայ-թաթարական հարաբերություններն իրենք օգտագործել են Հարավային Կովկասում իրենց գերիշխանությունը պահպանելու նպատակով։ Այժմ ևս, գլխավորապես, Արցախի հարցն ակտուալ է այս նպատակով, – Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ասել է Սեֆիլյանը։

Ըստ նրա՝ Ռուսաստանն Արցախում ռազմական ներկայություն ապահովելու խնդիր ունի, և Ադրբեջանի համաձայնությունը ստանալու համար պետք է մեծ զիջումներ պարտադրի հայկական կողմին։

– Երկրորդ երեսը տեղի ունեցող աշխույժ գործընթացի՝ Հայաստանում Ռուսաստանի կողմից քաղաքական փոփոխություններ իրականացնելն է։ Մենք բոլորս գիտենք, որ երկու տարի առաջ, երբ տեղի ունեցան փոփոխությունները, դրանց նպատակն, այո, առաջին հերթին, Սերժի հեռացումն էր, բայց ոչ Նիկոլի նման գործչի այդ պաշտոնին բերելը։ Նրանց նպատակն էր Կարեն Կարապետյանին վարչապետ դարձնելը։ Սակայն ի շնորհիվ մեր ժողովրդի ակտիվության, ինչո՞ւ չէ նաև Նիկոլի ճարպկության և նպատակասլաց գործողությունների, այդ պլանը խախտվեց։

Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ առաջին օրվանից հավատարմություն հայտնելով ռուսական կողմին՝ ասելով, թե ինչ ուզեք՝ կանեմ, Սերժը Սիրիա զորք չի ուղարկել, ես կուղարկեմ, ուղարկեց, և նույնանման բազմաթիվ արարքներ կատարեց՝ ի վնաս հայկական կողմին, ենթադրելով, որ, վերջիվերջո, ռուսական կողմը կընդունի նրան, նա չարաչար սխալվում է․ ռուսական կողմը խնդիր ունի օր առաջ ձերբազատվելու Նիկոլից։

Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն, ասել է Ժիրայր Սեֆիլյանը, որոշ ժամանակով սառեցրեց տեղական 5-րդ շարասյան գործողությունները, որը, սակայն, արդեն կրկին լծվել է ամիսներ առաջ դրված խնդրի կատարմանը․ – Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պետք է սկսվի մի լայնածավալ ճակատային հարձակում՝ քաղաքական, և դրա արդյունքում Հայաստանում պետք է իշխանափոխություն տեղի ունենա։

Ռուսական կողմը շատ լավ գիտակցում է, որ Արցախը մեր ժողովրդի համար կարևորագույն հարց է, և ՌԴ ԱԳՆ ղեկավարի վերջին հայտարարությունները այս համատեքստում է պետք դիտարկել։ – Լավրովը փորձում է փոխանցում կատարել 5-րդ շարասյանը, որպեսզի վերջինս դատափետի իշխանություններին՝ ասելով, թե, տեսնո՞ւմ եք, սրանք դավաճաններ են և պատրաստվում են հողեր հանձնել։ Սա՛ է պլանը, – եզրափակել է Սեֆիլյանը։

Tekali Taxi