Home / Հայաստան / Ղարաղաբյան ընդդիմադիրն անհանգստացած է ՌԴ-ի հետ հարաբերություններում նկատվող անախորժություններով

Ղարաղաբյան ընդդիմադիրն անհանգստացած է ՌԴ-ի հետ հարաբերություններում նկատվող անախորժություններով

Ղարաբաղի ընդդիմադիր՝ «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար, անցած ընտրություններում՝ նախագահի թեկնածու Հայկ Խանումյանին անհանգստացնում են հայ-ռուսական հարաբերություններում նկատվող վերջին անախորժությունները՝ «ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի նեղացած հայտարարություններից մինչև ապրիլ 24-յան որևէ ուղերձի բացակայություն»:

«Ռուսաստանը կայսերական մտածելակերպ ունեցող տերություն է, այս տիպի երկրների հետ աշխատանքն իր առանձնահատկություններն ու նրբություններն ունի: Ինչքան էլ ենթադրենք, որ լավ գիտենք հյուսիսային տերությանը, այնուամենայնիվ պրոֆեսիոնալ, ինստիտուցիոնալ հիշողությամբ կադրերի պակասը պետական համակարգում խիստ զգացնել է տալիս:

Ռուսաստանի նեղացկոտությունը ՀՀ-ում կատարվող տարբեր գործընթացներից չէր լինի, եթե պատշաճ, իրենց լեզվով բացատրվեր մեր տեսակետը: Բացատրելու ուղղությամբ հիմնական աշխատանքը պետք է տաներ Մոսկվայում ՀՀ դեսպանությունը, բայց արի ու տես, որ այնտեղ դեսպանը Միքայել Մինասյանի բիզնես գործընկերն է՝ Վարդան Տողանյանը, միասին ժամանակին, իրական գնից զգալիորեն էժան գներով տեր են դարձել Նորատուսի ռազմավարական նշանակության ռադիոհեռարձակման կայանին: Բնականաբար, նման գործիչը հայկական շահերն առաջմղող, առավել ևս՝ ներկայիս իշխանության դիրքորոշումները բացատրող չի կարող լինել:

Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահը հայկական կողմից Ալեն Սիմոնյանն է: Ակնհայտ է, որ այս հանձնաժողովի հայաստանյան անդամները զգալի ջանքեր չեն գործադրել ապրիլի 24-ին գոնե Դումայի և Սենատի տարբեր անդամների մակարդակով ուղերձներ բերելու: Այնինչ ունեցել ենք տարիներ, երբ Դումայի և Սենատի նախագահների մակարդակով են եղել ուղերձները:

Կարծում եմ՝ դեսպանի հարցը լրջորեն պետք է քննարկվի, իսկ ՀՀ Ազգային ժողովը ռուս գործընկերների հետ աշխատանքում ինստիտուցիոնալ ձևով պետք է համագործակցի կոմպետենտ վերլուծական կենտրոնների և գործիչների հետ:

Թե չէ այս անախորժությունները, սոցիալական ցանցերում թափ հավաքող հակառուսական տրամադրությունների հետ միասին կարող է մեզ ուրիշ տեղ տանել, որից վստահաբար մենք շահող չենք դուրս գալու», – Ֆեյսբուք սոցցանցի իր էջում գրել է Խանումյանը։

Tekali Taxi