«Ռուսաստանի Դաշնությունը խնամքով է վերաբերվում Հայաստանի ներքին գործընթացներին։ Շատ կարևոր է, որ իրավիճակը Հայաստանում լինի խաղաղ, կայուն, որ քաղաքական, հասարակական ուժերի միջև հաստատվի առավելագույն հնարավոր կոնսենսուս»։ Այսօր կայացած մամուլի ասուլիսին տարին ամփոփեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Մուտքի մոտ լրագրողներին դիմավորող դեսպանատան աշխատակիցներից մեկը հետաքրքրվեց՝ որ խմբագրություններն ենք ներկայացնում։ «Epress.am»: «Ա՜, գիտենք, գիտենք․․․», – հաջորդեց պատասխանը։
Միջոցառումը նախորդ (այս և այս) անգամների պես՝ անցնում էր ռուսերեն և առանց թարգմանության։
Անձնագրերը թողեցինք ընդունարանում (վերադարձրեցին միջոցառման ավարտից հետո)։ Հանդիպման վարողը լրագրողներին հիշեցրեց «տարրական կանոնների» մասին․ հարց տալուց առաջ ներկայացե՛ք։ «Իրավունք» օրաթերթի լրագրողը՝ պարբերականի խմբագիր և Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Հայկ Բաբուխանյանի դուստրը, նստած էր առաջին շարքում։ Դեսպանատան աշխատակիցները նրան ձեռքսեղմումով և հոտնկայս դիմավորեցին։
Հայ-ռուսական զարգացող հարաբերությունների ֆոնին հայտնի դարձավ ռուսական կողմի որոշ մտահոգությունների և դիվանագետի՝ մի շարք հարցերից, որոնց նա չպատասխանեց, անտեղյալ լինելու մասին։
«Մենք բազմաթիվ բնագավառներում ենք համագործակցում, – պարզաբանեց նա, – բնականաբար, կարող են հարցեր առաջանալ։ Դա բոլորովին նորմալ է։ Կարևորը, որ դրանք լուծվեն, այսպես ասած, իրավունքի և իրական գործընկերության հիման վրա։ Կարծում եմ, որ դա մեզ հաջողվում է, քանի որ երկու կողմերն էլ անթաքույց շահագրգռված են հարաբերությունների պահպանմամբ»։
Հարցին՝ ինչո՞ւ Ռուսաստանը չի արտահանձնում Հայաստանի նախկին պաշտոնյաներին, որոնք, մասնավորապես, ներգրավված են Մարտի 1-ի քրեական գործում, և այս խնդրի շրջանակներում չի համագործակցում Հայաստանի Կառավարության հետ, դեսպանը պատասխանեց՝ խուսփելով ըստ էության պատասխանելուց․ «Սա քաղաքական հարց չէ»։
Նա նշեց նաև, որ պաշտոնյաները միայն Ռուսաստան չեն գնում։
— Դուք պաշտպանո՞ւմ եք Ռոբերտ Քոչարյանին։
Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, նախկին նախագահ Քոչարյանի վերաբերյալ հարցին ի պատասխան դեսպանը նշեց․ «Ես փաստաբան չեմ»։
«Սա նախևառաջ իրավական հարց է, որը լուծվում է մեր երկրների պատկան մարմինների մակարդակում։ Սա այն հարցը չէ, որը պետք է նշանակալից գրգռիչ դառնա մեր հարաբերություններում», – հայտարարեց Կոպիրկինը։
Հարց հնչեց իշխանափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերությունների շուրջ շահարկումների մասին։ Շահարկումներին Կոպիրկինը վերաբերվում է բացասական։ Իսկ Ռուսաստանի համար շատ կարևոր է, որ իրավիճակը Հայաստանում լինի «խաղաղ և կայուն, առանցքային պահը՝ դաշնակցային հարաբերությունների պահպանումն է»։ Իսկ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին, որը, ըստ որոշ տեղեկությունների, հետաքրքրված է նաև СУ-57 կործանիչներով, զենք վաճառելու հանգամանքներին դեսպանն անդրադառնալ չցանկացավ։
Գազի սակագները մեկնաբանելուն Կոպիրկինը նույնպես «պատրաստ չէր»․ կողմերը քննարկում են այս հարցը, դեսպանի համոզմամբ՝ փորձում են գտնել փոխշահավետ տարբերակներ։
Ռուսական պետությունն ու ռուսական բիզնեսը շատ ուշադիր հետևում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, փոփոխություններին, բարեփոխումներին, որոնք նախաձեռնվում են երկրի ղեկավարության կողմից.
«Բնականաբար, գործընկերների, այդ թվում՝ արտաքին գործընկերների և արտաքին խորհրդատուների ընտրությունը Հայաստանի սուվերեն գործն է, բայց մեզ համար չափազանց կարևոր է, որպեսզի փոփոխությունները, որոնք տեղի են ունենում երկրում և ուղղակիորեն վերաբերում են մեր սերտ հարաբերություններին, վտանգավոր խզում չստեղծեն մեր միջև։ Բնականաբար, փոփոխվող աշխարհում հարաբերությունները պետք է հարմարեցվեն, ադապտացվեն, բայց դա մի գործընթաց է, որն այդ հարաբերությունների նկատմամբ հոգատար վերաբերմունք է ենթադրում, հատկապես երբ խոսքը դաշնակիցների մասին է»։