Հայաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելուց հետո՝ 2020 թ․ մարտի 16 – ապրիլի 15 ժամանակահատվածում, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հեռավար կարգով 125 իրավախորհրդատվություն է տրամադրել։ Ահազանգերի թվում ամենամեծ թիվ են կազմել աշխատանքային իրավունքներին վերաբերվող հարցերը` 25 խորհրդատվություն։
Աշխատանքային իրավունքներին առնչվող 25 իրավախորհրդատվությունից 4-ի դեպքում արտակագ դրությամբ պայմանավորված՝ աշխատանքը դադարեցվել և վճարում չէր կատարվել, 3 դեպքում աշխատանքը եղել է անօրինական, 1-ական դեպքում գործատուն աշխատանքային պայմանագիրը լուծել է ժամկետից շուտ, գործատուն չի պահպանել աշխատանքային պայմանագիրը լուծելու ժամկետները։
Աշխատողներին ստիպել են վերցնել չվճարվող արձակուրդ, հղիության ու ծննդաբերության նպաստի հաշվարկ և վճարում չի կատարվել, հաստիքը կրճատվել է՝ առանց մասնագիտական պատրաստվածությանը համապատասխան այլ աշխատանք առաջարկելու, կրճատվել է երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողի հաստիքը, գործատուն խախտել է վերջնահաշվարկի կարգը, ևս մեկ դեպքում գործատուն հրաժարվել է աշխատողի փաստացի աշխատավարձը գրանցել աշխատանքային պայմանագրում՝ հարկերից խուսափելու նպատակով։
10 դեպքում հարցն առնչվել է աշխատանքային իրավունքին, բայց իրավունքի խախտում չի արձանագրվել։ Դրանցից 3-ը վերաբերել է հեռավար աշխատանքի կազմակերպմանն ու գործատուի ու աշխատողի իրավունքներին, 2-ական դեպք՝ չվճարվող և վճարվող արձակուրդի տրամադրման կարգին, արտակարգ դրության պայմաններում կազմակերպությունների գործունեության դադարեցման դեպքում աշխատանքի վարձատրության կարգին, աշխատանքային պայմանագիրը լուծելիս վերջնահաշվարկի կարգին, ևս մեկը՝ արտակարգ դրության պայմաններում աշխատանքի էական պայմանների փոփոխության կարգին։