Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը իր ընկերների ցանկից ինձ հեռացրել էր 2-3 ամիս առաջ (որ դեռ ոչ մի սև կատու չէր վազել ԱԺ-ում և դրանից դուրս): Անկեղծ, ես նույնիսկ զարմացա… քանի որ մինչ այդ մենք ֆեյսում երկխոսություն էինք ունենում: Իրեն գրեցի-հարցրեցի… թե բա՝ ֆեյսում ինձ վիրավորում էիր, այնինչ ես չհիշեցի, որ երբևէ նրան կամ մեկ ուրիշի վիրավորած լինեմ… Ինչևէ։
Հարգելի Էդմոն Մարուքյան, ես, ցավոք, շատ մեծ կարծիք ունեի քո մասին (ի դեպ, նաև «Իմ Քայլի» Արտակ Մանուկյանի մասին)… (ցավում եմ ինձ համար, իմ ոչ ճիշտ ընկալման համար)։
Հարգելի Էդմոն, դու ԱԺ ամբիոնից բորբոքվեցիր, որ Սասունը քեզ «հոպար» ասաց․․․ Ինձ թվաց՝ երևի դու շատ հեռու ես «ախպերության» բառապաշարից, բայց դու ինքդ քո այսօրվա լայվում նրան «ապեր» ես ասում… անկեղծ՝ ես չեմ հասկանում, այդ դեպքում ի՞նչ կար բորբոքվելու…
Հարգելի Էդմոն, դու Սասունին հավասար ագրեսիվ քեզ պահեցիր՝ գնալով (գրեթե վազելով) նրա հետ ընդհարվելու… Այս մենամարտի դեպքում ո՞րն է զոհ թե մեղավոր տարբերակումը… (Միևնույն ժամանակ ես ամոթի մեծ զգացողությամբ եմ արձանագրում Վահե Ղալումյանի և հատկապես Արտակ Մանուկյանի անբարո պահվածքը)։
Հարգելի Էդմոն, վերոհիշյալը ավելի ակնառու դարձավ քո հետագա լայվերի մեջ. «․․․գիտեք՝ ում հետ գործ ունեք, մի հատ խփեք՝ 67 հատ կստանաք… դու լավ գիտես, Սասուն, որ ինչքան ռեսուրս ունես դու, 44 անգամ ավելի շատ ռեսուրս ունեմ ես»։ Նայում, լսում եմ և չեմ հավատում… Էդմոն Մարուքյան, ինչպես ինքդ ես բնորոշել՝ լինելով կլասիկ քաղաքակքան գործիչ, սովորած լինելով ԱՄՆ և եվրոպական դիվանագիտական դպրոցներում, քո վարքագծով դու մի բան էլ գերազանցում ես Սասուն Միքայելյանին, ով ուսում ստանալու իր տարիքը անկացրեց դաժան պատերազմում։ Ի դեպ, Սասուն Միքայելյանը տեսակ է, պատերազմ մեկնած այն հազարավոր գյուղացիների տեսակը, ովքեր իմ և քո նման այնքան էլ գրական չեն խոսում…
Ինչպիսին է պատերազմի սերունդը՝ ինձ համար նորություն չէ (իր բոլոր, հատկապես հետպատերազմյան խնդիրներով), նորությունն ինձ համար նոր Էդմոն Մարուքյանն էր, իր պահվածքով, վարքագծով և բառապաշարով: Քեզ սրբագրելու ճանապարհը ինքդ կորոշես, իսկ մինչ այդ լավ կանես ԱԺ-ից հեռանաս:
Հարգելի Սասուն Միքայելյան, ինչպես «Իմ Քայլը» դաշինքի բոլոր պատգամավորներին, այնպես էլ քեզ ես աջակցում եմ ամբողջությամբ, կրում եմ լիակատար պատասխանատվությունը քո ամբողջ խորհրդարանական գործունեության համար։ Նաև որպես մեկ քվեարկող՝ առաջարկում եմ դու, ինչպես և Վահե Ղալումյանը և Արտակ Մանուկյանը վայր դնեք ԱԺ մանդատները… թե ինչ պետք է անել Էդմոն Մարուքյանի և նրա թիմակիցների հետ՝ պետք է որոշենք բոլորով… Ես «Իմ Քայլին» եմ քվեարկել և ինձ թույլ եմ տալիս իմ պատգամավորներին առաջարկություններ անել:
Վարդգես Գասպարի
աղբյուր՝ ֆեյսբուք