Ռուսաստանում առաջին անգամ կարող են քրեական պատասխանատվության ենթարկել «կանանց թլպատման» մեղադրանքով։ Խեղիչ վիրահատական միջամտությունների մասին ապացույցներով առաջին գործի վերաբերյալ արդեն հայտարարություն է ներկայացվել։
Վիրահատության է ենթարկվել 9-ամյա աղջիկը, Ռուսաստանի Դաշնության կազմում գտնվող Ինգուշիայում։ Սա թլպատման ամենևին էլ առաջին դեպքը չէ, սակայն այս անգամ կա հայցվոր, ով պատրաստ է դիմել դատարան ու ապացույցներ ներկայացնել։
Աղջկան խաբեությամբ այդ վիրահատությանը տարել է հայրը։ 9-ամյա երեխայի ծնողները վաղուց բաժանված են, նա մոր հետ Չեչնիայում է ապրում, պարբերաբար այցելում է հարևան Ինգուշիայում բնակվող հորը։ Թլպատումը կատարվել է 2019-ի հունիսին։ «Վիրահատությունն իրականացվել է առանց մոր իմացության։ Հայրն ասել էր, որ երեխաներին պարզապես իր մոտ է տանում։ Հաջորդ օրը աղջկա եղբայրը զանգել է մորն ու պատմել՝ ինչ են արել քրոջ հետ», – «Կավկազսկիյ ուզելի» հետ զրույցում պատմել է աղջկա բարեկամուհի Սեդա Ն․֊ն։ Նրա խոսքով, վիրահատությունը երեխայի վրա մեծ ազդեցություն է թողել․ սարսափում է բժիշկներից։
Սեդայի խոսքերին հղվում է նաև Դապտար անկախ հրատարակչությունը։ «Նա փորձում էր փախչել, լացում էր, խնդրում էր կանչել տատիկին կամ մորը, զանգել նրանց։ Նրան ոչ ոք չէր լսում, նա տագնապահար փորձում էր պաշտպանվել ոտքերով ու ձեռքերով։ Երկու հասուն կանայք՝ բժիշկն ու խորթ մայրը, հազիվ էին պահում սարսափից խելագարվող երեխային։ Օգնության է գալիս ևս մի կին, հավանաբար՝ հիվանդանոցի աշխատակիցներից։ Կապում է Մադինայի ոտիկները, խորթ մայրը բռնում է ձեռքերը, իսկ Նալգիևան սկսում է վիրահատությունը», – գրում է Դապտարը։ Հրատարակությունն ընդգծում է, որ մասնավոր հիվանդանոցը վիրահատությունն իրականացրել է առանց 9-ամյա երեխայի հարազատներից որևէ մեկի համաձայնության․ իրավաբանորեն անգամ հայրը ազգական չի համարվում, քանի որ աղջկա ծնողները պաշտոնապես ամուսնացած չեն եղել և նրա ծննդյան վկայականում հոր մասին նշված չէ։
Տուժած երեխայի մայրը (լրագրողները նրան Ֆաթիմա են անվանում) դատարան է դիմել։ Նրան իրավաբանական աջակցություն տրամադրում է «Իրավական նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը։ «Սա առաջին դեպքն է, երբ, նախ, տուժածի ներկայացուցիչը պատրաստ է դիմել իրավապահ մարմիններին ու դատական օրգաններին, երկրորդ, կան ապացույցներ, որ հիվանդանոցում նման վիրահատություններ են իրականացնում՝ հիվանդանոցի ղեկավարության, բժիշկների, կրտսեր բուժաշխատողների ներգրավվածությամբ», – նշել է Տատյանա Սավինան։
«Կավկազսկիյ ուզելը» կապ է հաստատել Մագասի մասնավոր հիվանդանոցի հետ, որում՝ աղջկա հարազատների պնդմամբ, իրականացվել է թլպատման վիրահատությունը։ Աշխատակցուհիներից մեկը հայտարարել է, որ իրենց բուժհաստատությունը նման վիրահատություններով չի զբաղվում․ «Մենք այդպիսի վիրահատություններ չենք անում։ Առաջ էլ չէին անում։ Դա մեր ուղղվածության մեջ չի մտնում»։
Սեդան, սակայն, նամակագրության սքրինշոթեր ունի, որոնցում թլպատման մասին է խոսվում՝ վիրահատությունն իրականացնող բժշկի անվան հիշատակմամբ։
Մայիսի 12-ին «Իրավական նախաձեռնության» իրավաբանները պաշտոնական դիմում ներկայացրեցին Ինգուշիայի Քննչական վարչություն՝ «Այբոլիտ» բուժական-ախտորոշման կենտրոնում ստուգումներ իրականացնելու խնդրանքով։
Եթե պարզվի, որ հիվանդանոցում նման վիրահատությունների իրականացումը պարբերական բնույթ է կրում, ապա քրեական պատասխանատվության կենթարկվեն ոչ միայն բժիշկներն ու կրտսեր բուժաշխատողները, այլև՝ հիվանդանոցի ղեկավարությունը։
Հանցագործության մասին հայտարարության դիտարկման առավելագույն ժամկետը 30 օրն է։ «Քննչական կոմիտեն պետք է փաստերի նախաքննական ստուգում իրականացնի և կա՛մ քրեական գործ հարուցի, կա՛մ մերժի դիմումը։ Եթե Ռուսաստանում գործի ադեկվատ քննություն չիրականացվի, մենք կարող ենք միջազգային մարմիններին դիմել, մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան», – պատմում է իրավաբան Տատյանա Սավինան։
Ռուսաստանում աղջիկների խեղիչ վիրահատությունների իրականացման մասին քննչական մարմիններին դիմելու մասին դեպքեր նախկինում էլ են եղել, ընդ որում՝ ոչ միայն Հյուսիսային Կովկասում։ 2018 թվականին ռուսական անկախ լրատվամիջոցները գրում էին, որ «կանանց թլպատման» ծառայությունների գովազդային հայտարարություն են տեսել։ Դեպքի առթիվ բուժհաստատության ղեկավարությանն ու բժիշկներին պատասխանատվության ենթարկելու փորձերը, սակայն, ապարդյուն անցան։
«Կանանց թլպատման» վիրահատությունը կանացի սեռական օրգանների խեղում է, որի արդյունքում սեռական օրգանները կորցնում են զգայունությունը։ Այսպիսի վիրահատության ենթարկված կինը չի կարող հաճույք ստանալ սեռական ակտից, այսինքն, խելամիտ կդառնա, ինչպես կարծում են որոշ կրոնական համայնքների առաջնորդները, ովքեր կողմ են նման բարբարոսությանը։
ՄԱԿ֊ը և Առողջության համաշխարհային կազմակերպությունը բազմիցս խոսել են թլպատման վիրահատությունների մասին, դրանց իրականցումը որակոելով որպես մարու իրավունքների ու ազատությունների ոտնահարում։ ՄԱԿ֊ի տվյալներով, այսպիսի խեղիչ վիրահատության է ենթարկվել շուրջ 200 միլիոն կին։