«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն 2019 թ. սեպտեմբերից մինչև 2020 թ. մարտ ընկած ժամանակահատվածում ամենօրյա կտրվածքով մշտադիտարկել է Հանրային հեռուստաընկերության եթերում հանրության շրջանում քննարկումների տեղիք տված կարևոր իրադարձությունների լուսաբանման ընդհանուր պատկերը: Մասնավորապես, մշտադիտարկման են ենթարկվել «Լուրերի» գլխավոր թողարկումները, փրայմ թայմում տեղ գտած քաղաքական հարցազրույցները, հանրային քննարկումները:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ հանրության շրջանում մեծ աղմուկ բարձրացրած որոշ իրադարձություններ դուրս են մնացել Հանրայինի լուսաբանման տիրույթից: Մասնավորապես, Հանրայինի եթերից դուրս է մնացել ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի՝ երեխային վրաերթի ենթարկելու թեման, չնայած այն մեծ աղմուկ էր բարձրացրել և անգամ քրեական գործ էր հարուցվել: Նույն կերպ Հանրայինը չի անդրադարձել «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակմանը, չնայած՝ թեմային արձագանքել էին մի շարք լրագրողական կազմակերպություններ, և այս դեպքի առիթով նույնպես հարուցվել էր քրեական գործ:
Հանրայինի ուշադրությունից «վրիպել են» նաև Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի հրաժարականը և որոշ պաշտոնյաների (որոնք ավելի ուշ ազատվեցին զբաղեցրած պաշտոնից) հասցեին նրա հնչեցրած մեղադրանքները:
Մշտադիտարկումը պարզել է, որ երբեմն Հանրայինը թեմային անդրադարձել է, բայց ուշացումով, առանց տեղեկատվական առիթը լուսաբանելու, երբեմն էլ՝ պաշտոնական արձագանքից հետո միայն: Այսպես՝ սկանդալային «Հուզանք ու զանգ» պերֆորմանսի միջադեպը, երբ հարձակում էին գործել դրա մասնակիցների վրա, դուրս էր մնացել Հանրայինի եթերից: Թեմային անդրադարձել են միայն միջադեպից մի քանի օր անց՝ հարցազրույցների տեսքով:
Նույն կերպ՝ ոչ ամբողջական էր ներկայացվել «Մել» ֆիլմի շուրջ ստեղծված իրավիճակը, որը, չնայած տարածված մանիպուլյացիաներին, այնուամենայնիվ, այնքան մեծ աղմուկ էր բարձրացրել, որ դրան ստիպված էր անդրադառնալ երկրի վարչապետը:
Հանրության շրջանում աղմուկ բարձրացրած որոշ դրվագներ Հանրայինի ուշադրության կենտրոնում են հայտնվել պաշտոնական արձագանքից հետո:
Մասնավորապես, Վայոց ձորում մարզպետի օգնականի մասնակցությամբ փոխգնդապետի ծեծի միջադեպին անդրադարձ եղել է մի քանի օր անց՝ մարզպետ Տրդատ Սարգսյանի պարզաբանման տեսքով: Նույն կերպ Հանրայինը չի անդրադարձել նաև քաղաքապետարանին «Կամազների» նվիրաբերության թեմային, որում լրատվամիջոցները և ընդդիմադիրները կոռուպցիոն ռիսկեր էին տեսնում: Մի քանի օր անց թեմայի շուրջ խոսելու համար հարթակ էր տրամադրվել քաղաքապետ Հայկ Մարությանին:
Հանրայինը յուրովի մեկնաբանություն է տվել նաև «Այո»-ի տարբերանշանի գրագողության թեմային: Նախ՝ աղմուկի առաջին օրը թեման ընդհանրապես անտեսվել է, հաջորդ օրը, երբ հարցը պաշտոնապես լուծվել էր, թեմային անդրադարձ է կատարվել մի ռեպորտաժով, որում գրագողության փաստը, կարծես, «ներվում էր»։