Home / Հայաստան / Արտառոց ոչինչ չկա․ խուզարկություն Հայրապետյանի «Հարսնաքար»-ում

Արտառոց ոչինչ չկա․ խուզարկություն Հայրապետյանի «Հարսնաքար»-ում

Սևանի «Հարսնաքար» հյուրանոցում տեղի է ունեցել խուզարկություն դեռ մայիսին հարուցված` Հայկ Շահնազարյանին ազատությունից ապօրինի զրկելու, խոշտանգելու և հետագայում ունեզրկելու քրգործի շրջանակում, որում որպես մեղադրյալ ներգրավված է նախկին պատգամավոր, գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը, նրա որդին  ու ևս 4 անձ։

Արտառոց ոչինչ չկա, ասել է Քննչական կոմիտեի խոսնակն Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում. «Այսօր Սևանի «Հարսնաքար» հյուրանոցային համալիրում խուզարկություն է կատարվել Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում «Հարսնաքար» հյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործերի շրջանակներում»:

Շուրջ 1.5 ամիս առաջ հարուցված քրգործի համաձայն՝ Հայրապետյանը, նրա որդին՝ Ռաֆիկ Հայրապետյանը և վերջինիս մի քանի ընկերները մեղադրվում են մի շարք քրեական հոդվածներով․ նրանք իրենց պատկանող հյուրանոցի ղեկավարին 2016 թվականին շուրջ 22 օր ապօրինի ազատազրկել, ծեծել ու նվաստացրել, սպառնացել են, մահակներով, ոտքերով ու ձեռքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրան շուրջ 120 հազար ԱՄՆ դոլարի շուրջ ծագած վեճի պատճառով՝ պահանջելով, որ Շահնազարյանը վերադարձնի Հայրապետյանների բանկից վարկով վերցրած այդ գումարը։ Ըստ քննչական մարմնի, Շահնազարյանը կատարել է իր վարկային պարտավորությունները, սակայն վարկը ձևակերպված է եղել «Հարսնաքար»-ի գործունեությունն ապահովելու համար, բայց օգտագործվել է նաև Շահնազարյանի սեփական բիզնեսի զարգացման նպատակով։

20 օրից ավել «Հարսնաքար»-ում փակված Հայկ Շահնազարյանն իր հետ տեղի ունեցածից հետո Հայրապետյաններին է տվել գումար, ոսկյա իրեր, երկու ավտոմեքեն, անգամ տատիկի առանձնատունը, ինչպես նաև նրա անունով ձևակերպվել են վարկեր։

Հայրապետյանների փաստաբան Ամրամ Մակինյանը վստահեցնում է` անհետաձգելի քննչական գործողությունը՝ հետախուզումը, չի կարող իրականացվել տեղի ունեցած առերևույթ դեպքից 4 տարի անց. «2016 թվականին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործով, որը քննվում է 4 տարի անց` առնվազն հիմա, անհետաձգելի համարվող քննչական գործողության շղարշի տակ, որ եթե այդ անհրաժեշտությունն իրականում կար, իհարկե չկար անհրաժեշտությունը, խուզարկություն կատարվում է քրեական գործ հարուցելուց անմիջապես հետո` ասենք, մարտի 27-ին: Հիմա եկել են խուզարկության ու առգրավում են, պատկերացնում եք, հաշվապահական փաստաթղթեր»:

Ըստ փաստաբանի` խուզարկվել են հյուրանոցի բոլոր դատարկ համարները, առգրավվել են բոլոր համակարգիչները, այդ թվում` ընդունարանի կողմից օգտագործվող։

Քննչական կոմիտեի վարույթում գտնվող այս գործով դատարանը կալանավորելու որոշում է կայացրել Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին ղեկավար Հայրապետյանի և ևս 4 անձի նկատմամբ, իսկ Ռաֆիկ Հայրապետյանը ստորագրություն է տվել չհեռանալու մասին և գտնվում է Հայաստանում, մյուսները հետախուզվում են։

Փաստաբանի խոսքով, սակայն, ինքը Քննչական կոմիտեին հայտնել է, թե որտեղ է գտնվում Հայրապետյանը, և դա գաղտնիք չէ։ Բացատրելով, թե ինչո՞ւ Հայրապետյանը իրավապահներին չի ներկայանում, նա ասել է, որ իր վստահորդը բժշկական ցուցում է ստացել ինքնամեկուսացման հետ կապված, «այդ փաստաթուղթը գտնվում է վարույթ իրականացնող մարմնի տրամադրության տակ»:

Ֆուտբոլի ֆեդերացիայում տեղի ունեցած խոշոր չարաշահումներին և փաստաթղթեր կեղծելուն վերաբերող քրգործով Հայրապետյանն ունի վկայի կարգավիճակ:

2012 թվականին Հայրապետյանը վայր էր դրել պատգամավորական մանդատը հանրային ճնշման արդյունքում, այն բանից հետո, երբ նրան պատկանող, Երևանում գտնվող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի հետևանքով սպանվել էր ռազմական բժիշկ Վահե Ավետյանը, ինչի համար մեղադրվեցին Հայրապետյանի թիկնապահները։

Tekali Taxi