Այս օրերին մամուլն ու սոցցանցերն անդրադարձել էին վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ընտանիքին պատկանող ակումբում ՀԴՄ կտրոն չտրամադրելուն, ինչպես նաև պաշտոնյային սպասարկող ավտոմեքենան՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ հիշատակված վայրի դիմաց կայանելուն։ 2018 թվականի իշխանափոխությունից առաջ Աղաջանյանը ձեռնարկատեր էր․ նրան էին պատկանել ներկայիս «Ֆերմատա» գիշերային ակումբը և այժմ գոյություն չունեցող «Պաստա Պրեգո» սրճարանը։
Աղաջանյանը մեկնաբանեց շրջանառվող տեղեկատվությունը, սակայն, ըստ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սուրենյանի, իր պատասխանում պաշտոնյան հաստատեց այդ բոլոր տեղեկությունները․ «Մամուլը գրում ա, որ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Աղաջանյանի ընտանիքին պատկանող կազմակերպությունում ՀԴՄ կտրոն չեն տալիս, իսկ ով դրա մասին բարձրաձայնում ա, առաջարկում են պատվիրածը «հյուրասիրել»։
Գրում են ու ցույց են տալիս, որ ծառայողական անհրաժեշտությունից դուրս, ոչ աշխատանքային ժամին, նրան սպասարկող մեքենաները ՃԵԿ կանոնների խախտմամբ կայանած են լինում նրա ընտանիքին պատկանող կազմակերպության դիմաց։ Նա իր պատասխանում հաստատում ա էդ բոլոր տեղեկությունները, դրանց մեղքը բաշխում իրենից սկսած բոլորի վրա ու հետո պնդում, թե դրա մասին բարձաձայնողներն ազգային դավաճաններ են… Երկաթ-բետոնյա տրամաբանություն ա, ինչ խոսք։
Եթե «ազգային դավաճանության» մասին ա խոսք գնում, ապա երևի պետք լինի գնալ Ամուլսարի հարցով Լիդիանի հետ նոր, ենթադրյալ բանակցությունների չճշտված լուրերի հետքերով, որտեղ չեն դադարում նաև Աղաջանյանի կամ նրա մտերիմ շրջապատի շահագրգռվածության մասին խոսակցությունները։ Ժողովրդական դարձվածքն ասում ա սելը ճռռալու փոխարեն սելվորն ա ճռռում»։
Իսկ Էդուարդ Աղաջանյանի պաշտոնական էջում տեղադրված տեքստում, մասնավորապես, ասվում է, որ չարձագանքելն իր մեջ պարունակում է հանրության գիտակցության մեջ որոշակի նստվածքի առկայություն, «որը երկարաժամկետ ժամանակահատվածում ձևավավորում է աղավաղված պատկերացում տվյալ անձնավորության, պաշտոնյայի կամ երևույթի նկատմամբ»։
Ըստ այդմ՝ որոշել է, այնուամենայնիվ, անդրադառնալ մեղադրանքներին «հերթով և առավել հանգամանալից»․
«1. Մինչ 2018-ի մայիսյան իրադարձությունները ես զբաղվել եմ ձեռնարկատիրությամբ, զուգահեռ աշխատելով HSBC բանկում։ Սրճարան/ակումբը, որը հիշատակվում է շրջանառվող հոդվածում՝ հանդիսացել է ինձ պատկանող ձեռնարկությունը, որով զբաղվել եմ դեռևս 2014 թվականից։ Բնականաբար պաշտոնի ստանձման առաջին իսկ օրվանից հաստատության գործունեությունը դադարեցվել է թե՛ ֆորմալ առումով և թե՛ փաստացի։ Այն վերագործարկվել է 2019 թվի դեկտեմբեր ամսից, իսկ ԱՁ-ն ձևակերպվել է հաստատության փաստացի կառավարիչ հանդիսացող անձի անվամբ։ Ըստ այդմ՝ ինքս ո՛չ ֆորմալ առումով և ո՛չ էլ փաստացի որևէ ներգրավվածություն չեմ ունեցել և չէի էլ կարող ունենալ դրա ընթացիկ գործունեության մեջ։ Եվ քանի որ ի սկզբանե այն ձևակերպված չի եղել որպես ՍՊԸ, հավատարմագրային կառավարման հանձնելու տարբերակ ևս չի եղել։ Այսքանը տվյալ հաստատության և իմ կապի մասին։ Կարծում եմ այս նախաբանը կարևոր է հետագա պարզաբանումների համատեքստում։
Ինչպես արդեն նշեցի՝ վերաբացումը տեղի է ունեցել 2019 թվականի դեկտեմբեր ամսին։ Այս ժամկետը կարևոր է, քանի որ թվով 11 000 նորաբաց տնտեսավարողներ այդ օրերին ՀԴՄ տպող սարք ձեռք բերելու հայտ էին ներկայացրել ՊԵԿ, որոնց Հայաստան ներկրման հետ կապված խնդիրներ էին առաջացել։ Նույն ժամանակահատվածում ՊԵԿ-ը հայտարարություն տարածեց, որ նորաբաց տնտեսավարողներին թույլ կտրվի գործունեություն ծավալել առանց ՀԴՄ տպող սարքերի, վերահսկողությունը սահմանելով մոնիթորինգային վարչարարության միջոցով։ Նախատեսվում էր մինչ ՀԴՄ սարքերի ձեռքբերումը տնտեսավարողների գործունեության հայտարարագրերի միջոցով արձանագրել այդ ընթացքում տեղի ունեցած շրջանառությունը, որի հիման վրա կհաշվարկվեր կուտակված հարկային պարտավորությունը։ (տես հղումները մեկնաբանություններում)։
Ըստ այդմ՝ սույն հաստատությունը վերը նշված թվով 11 000 դիմումատուներից մեկն էր, որի գործունեության հետ կապված որևէ խնդիր չկար և չէր կարող լինել։ Իսկ շրջանառվող տեսահոլովակը պատրաստվել է ձմեռվա ամիսներին, երբ ՀԴՄ սարքերի դեֆիցիտ կար։
Իհարկե ցավում եմ, որ ստիպված եմ այսքան ժամանակ ծախսել տարատեսակ անհեթեթ մեղադրանքներին արձագանքելու համար, սակայն ինչպես արդեն նշեցի՝ անտեսելու պարագայում մեր քաղաքացիների որոշ շրջանակի մոտ կարող էր առաջանալ տարընկալում։ Հետևաբար միշտ ասել եմ և կշարունակեմ պնդել, որ ՀԴՄ կտրոն չտրամադրող տնտեսավարողները այդ գումարի չափով գողանում են պետությունից, թողնելով դրանից բխող բոլոր հետևանքները Հայաստանի պաշտպանության, առողջապահության, կրթության, տարածքային զարգացման և այլ ոլորտների վրա։ Եվ այս պատասխանատվությունը պետք է կիսեն գործարքի բոլոր կողմերը հավասարապես (գնորդ, վաճառող)։
2. Ինչպես արդեն փաստեցի՝ քննարկվող հաստատությունը հանդիսացել է ընտանիքիս սեփականությունը դեռևս 2014 թվից, հետևաբար իմ այնտեղ աշխատանքային ժամից հետո պարբերական այցելությունը թերևս բացատրելի է։ Սակայն այստեղ կարևորագույն շեշտադրումը կայանում է նրանում, թե արդյո՞ք ես աշխատանքային ժամերից դուրս, օգտագործելով ծառայողական մեքենա՝ այցելում եմ այնտեղ, ենթադրաբար վարորդին սպասեցնելով, մինչ ես կբարեհաճեմ ավարտել «սուրճս»։ Ըստ ապատեղեկատվություն տարածողների՝ հենց սրանում է կայանում խնդրի էությունը, թե հերիք չի սա ավտոն աշխատանքային ժամերից դուրս իր անձնական հաճույքների համար է օգտագործում, մի հատ էլ տեսեք թե որտեղ է կայանում։ Նախ ասեմ, որ կայանման կանոնների խախտումը որևէ արդարացում չունի, բացառությամբ ծառայողական որոշ դեպքերի, որոնք առնչվում են կոնկրետ գործառույթ ունեցող պաշտոնատար անձանց։ Սակայն հետաքրքրականն այն է, որ աշխատանքային օրվա ավարտին պես, ինքս գրեթե միշտ անցնում եմ իմ սեփական ավտոմեքենայի օգտագործմանը կամ քայլում եմ ոտքով։ Հրապարակված նկարներն ունեն առնվազն մի քանի ամսվա վաղեմություն և արվել են լավագույն դեպքում այս տարվա հունվար-փետրվար ամիսներին։ Ինչու՞ եմ նշում այս հանագամանքը։ Քանի որ ես կարողանում եմ մտաբերել ընդամենը 2-3 դեպք, երբ գործնական հանդիպումից առաջ 1-2 րոպեով մտել եմ սրճարան կոնկրետ նպատակով, որի ընթացքում ավտոմեքենան կայանված է եղել անմիջապես դիմացը և սպասել իմ ելքին։ Թերևս միանշանակ է, որ իմ բացթողումն է եղել կայանատեղիի խախտումն անուշադրության մատնելը և այս առումով ամբողջությամբ ընդունում եմ իմ մեղքի բաժինը։ Իսկ թե ով և ինչ նպատակով է այս կարճ ժամանակահատվածում «հասցրել» այն նկարել դեռևս հունվար-փետրվար ամիսներին և որոշել դրանք հրապարակել այս օրերին՝ կարող եմ կռահել։
Եվ այսպես, ամփոփելով վերը նկարագրված եղելությունը՝ ուզում եմ ասել հետևյալը.
Մարդիկ, ովքեր փորձում են ինձ ներկայացնել, որպես պաշտոնից կուրացած և հղփացած մոլորյալի, հիրավի ինձ չեն ճանաչում և չեն պատկերացնում, թե ում հետ գործ ունեն։ Զավեշտալին այն է, որ հաճախ իրենք լինելով «պորճիզմի» մարմնացու, փորձում են ինձ բնութագրել, որպես իրենց չիրականացված երազանքների արդյունք։ Ուղղակի հիշեցնեմ, որ այդ արժեհամակարգն ինձ օտար է այնքան, որքան ծախու լրագրողների/գործիչների համար օտար են հայրենիքի և արժանապատվության հասկացությունները։ Այս ճգնաժամային օրերին նման համակողմանի տեղեկատվական գրոհը չի կարելի որակել այլ կերպ, քան ազգային դավաճանություն։ Վստահաբար ճգնաժամը կհաղթահարվի։ Իսկ թե դրանից հետո ով որտեղ կհայտնվի՝ ժամանակը ցույց կտա»։