Home / Դատարան / Զոհված ոստիկանների կանայք հրաժարվում են հասկանալ կեղեքող ռեժիմի դեմ ապստամբությունը

Զոհված ոստիկանների կանայք հրաժարվում են հասկանալ կեղեքող ռեժիմի դեմ ապստամբությունը

«Սասնա ծռերի» դատական գործը մոտենում է ավարտին։ Օգոստոսի 12-ի նիստին դատախազներն առաջարկեցին 2016 թվականին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» տասը անդամներին դատապարտել 8 տարուց մինչև ցմահ ազատազրկման։ Օգոստոսի 19-ին նիստին ելույթներով հանդես եկան սպանված ոստիկանների իրավահաջորդները։ Մյուս նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին․ դատարանը Մեսրոպ Մակյանի նախագահությամբ կլսի պաշտպանական կողմի՝ «Սասնա ծռերի» անդամների և փաստաբանների ճառերը։

1

Այսօր կայացած դատական նիստին ելույթ ունեցան զոհված Յուրի Տեփանոսյանի կինը՝ Արփինե Թովմասյանը, և ՊՊԾ գնդում մահացած Գագիկ Մկրտչյանի կինը՝ Հասմիկ Ոսկանյանը։

2

Արփինե Թումասյանն հայտարարեց, որ «սպանությունը սուտ գաղափարներով արդարացնելու ջանքերի» գլխավոր նպատակը «սեփական կաշին փրկելն է»՝ «ամեն գնով արդարությունից խույս տալու ձգտումը»։

«Ուրախ եմ, որ այս ամենը շուտով կվերջանա, բայց տագնապներ ունեմ՝ արդարություն իրականացնողները կկարողանա՞ն մեղքի համարժեք պատիժ սահմանել, կկարողանա՞ն դիմակայել ճնշումներին, անտեսել սուտ մարդասիրական կոչերը, չտրվել հայրենասիրության ու ապստամբության մասին բարբաջանքներին․․․Ո՞ր մի Սասնա ծուռն է իր հայրենիքի մայրաքաղաքում հարձակվում իր հայրենիքի ամրոցի վրա և սպանում դրա պահապաններին։

․․․Ո՞վ է պատասխան տալու ամուսնուս անմեղ արյան, մի ողջ ընտանիքի կործանման համար։ Պատիժը պետք է համարժեք լինի, որպեսզի հաղթի արդարությունը, քանզի այն մարդիկ, որոնք դատարանում նստած են ամբաստանյալի աթոռին, մեր խորին համոզմամբ, հանցագործներ են և վերջ։ Ես արյան գին չեմ ուզում, ես արդարություն եմ պահանջում», – ասել է Թումասյանը։

Նշենք, որ արդեն տարիներ շարունակ «Սասնա ծռերի» ադմաները պնդում են, որ սպանված երեք ոստիկաններից երկուսի, այդ թվում՝ Յուրի Տեփանոսյանի մահվան հետ կապ չունեն․ կան վկայություններ, որ նրանց սպանել են հե՛նց ոստիկանները։ Այս հանգամանքին դատարանն ու նախաքննություն իրականացնող մարմինն այդպես էլ չեն անդրադարձել։ 

Յուրի Տեփանոսյանի հայրը՝ Վահրամ Տեփանոսյանը, ևս պնդում էր, որ իր որդուն սպանել են ոչ թե ապստամներն, այլ ոստիկանները։ Նա դատարան այսօր չէր ներկայացել։ Տեփանոսյանի կինը ի սկզբաներ համաձայն չէր սկեսրոջ հետ․ նա նշում էր, որ չի հավատում, որ ոստիկանը կարող էր ոստիկան սպանել, և պահաջում խստագույնս պատժել ոչ միայն ոստիկանների սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանին և Արմեն Բիլյանին, այլև «Սասնա ծռերի»՝ ՊՊԾ գունդը գրաված մյուս անդամներին։

3

ՊՊԾ գնդում մահացած ոստիկան Գագիկ Մկրտչյանի կինը՝ Հասմիկ Ոսկանյանը հայտարարեց՝ «Սասնա ծռերը» կրակել են անմեղ մարդկանց վրա, դատախազության առաջարկած պատժաչափերը «անհամաչափ մեղմ են և չեն համապատասխանում կատարված արարքների հանրային վտանգավորության բարձր աստիճանին», և պահանջեց «ամբաստանյալների նկատմամբ նշանակել օրենքով նախատեսված ամենախիստ պատիժը»։

«Ամբողջ դատաքննության ընթացքում խմբավորման անդամները իրենց գործողությունները արդարացնելու համար նշում էին՝ իբր իրենք ապստամբության իրավունք են ունեցել. իհարկե՛, չէին ցանկանա, որ մարդիկ զոհվեին, բայց դե եղել է, ի՞նչ անենք։ Նման ձևակերպումները, նման վարքագիծը պարզապես անտանելի է։ Անմեղ մարդկանց վրա կրակել են, նրանց կյանքից զրկել են, դատարանում մատուցվում է ինչպես մի դեպքում ինքնապաշտպանություն, մի դեպքում՝ պատահական կրակոց, մյուս դեպքում՝ ընդհանրապես իրենց հետ կապ չունեցող դեպք։

․․․Ապստամբությունները հիմնականում տեղի են ունեցել ժողովրդին կեղեքող օտար լծի դեմ, և երբեք եղբայրասպան գործողությունները չեն կարող դիտարկվել իբր ապստամբություն։ Վերջին տարիների իրադարձությունները ցույց են տվել, որ ժողովրդի համակրանքը չվայելող ուժին հնարավոր է եղել հեռացնել առանց գեթ մեկ կաթիլ արյուն թափելով։ ․․․Ավելորդ է անմեղ ոստիկանների մահվան պայմաններում ապստամբության մասին խոսել։ Այս մարդիկ, որոնք դատարանում նստած են ամբաստանյալների աթոռին, մեր խորին համոզմամբ, հանցագործներ են և վերջ։ Նման պայմաններում դատարանը պետք է արդարացի վճիռ կայացնի, յուրաքանչյուրին իր հասանելիք պատիժը նշանակի, որպեսզի մեր զավակների սրտում ատելություն և վրեժխնդրության բույն չդնի և մի օր էլ նրանց հանցագործներ չդարձնի։ Ամբաստանյալնե՛ր, դուք բողոքում եք՝ ձեր հանդեպ անարդար են, բայց չէ՞ որ դուք ողջ և առողջ նստած եք, դուք իմ ամուսնու հանդեպ արդար վարվեցի՞ք ու դեռ զարմանում եք, որ իրավահաջորդները պահանջում են ցմահ ազատազրկում», – ասել է Ոսկանյանը։

Ըստ «Սասնա ծռերի»՝ Գագիկ Մկրտչյանը սպանված ոստիկաններից միակն է, որին իսկապես կրակել են ապստամբները․ նա ՊՊԾ գնդում վիրավորվել է թևից և իր ոտքով տեղափոխվել է հիվանդանոց, մահացել է հիվանդանոցում՝ ՊՊԾ գնդի գրավումից երեք շաբաթ անց։ Ըստ պաշտպանական կողմի՝ նրա մահվան հանգամանքները ևս պատշաճորեն չեն քննվել։

4

Սպանված գնդապետ Արթուր Վանոյանի հարազատները ներկա չէին։

5

2016 թվականին զոհված ոստիկանների՝ տուժողի իրավահաջորդներին լսելուց հետո, դատարանը պետք է լսեր պաշտպանական կողմի ճառերը։ «Սասնա ծռերի» պաշտպանները խնդրեցին իրենց ժամանակ տալ մինչև սեպտեմբերի 30-ը։ Դատարանը բավարարեց միջնորդությունը։

7

Օգոստոսի 12-ին մեղադրական ճառն ընթերցելով՝ դատախազները առաջարկեցին 2016 թվականին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» անդամներից Սմբատ Բարսեղյանին դատապարտել ցմահ, Արմեն Բիլյանին՝ 21 տարի ազատազրկման, Էդվարդ Գրիգորյանին, Գագիկ Եղիազարյանին և Արեգ Կյուրեղյանին՝ 8 տարի 6 ամսվա, Պավել Մանուկյանին և Սեդրակ Նազարյանին՝ 9 տարվա, Մխիթար Ավետիսյանին և Վարուժան Ավետիսյանին` 8 տարի 9 ամսվա ազատազրկման:

«Սասնա ծռերի» մեղադրանքներն, ըստ էության, չեն փոխվել․ ապստամբները մեղադրվում են կազմակերպված խմբի կազմում ապօրինի զենք պահելու, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ՝ շինություններ և տրանսպորտային միջոցներ զավթելու և պահելու մեջ՝ զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, պատանդ պահելով, հրազեն ու ռազմամթերք հափշտակելով։ Նրանցից Սմբատ Բարսեղյանն, ի թիվս վերը նշվածի, մեղադրվում է նաև ՊՊԾ գնդի տարածքում երկու ոստիկանի՝ Արթուր Վանոյանի և Յուրի Տեփանոսյանի, իսկ Արմեն Բիլյանը՝ ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության  մեջ։

8

Առաջադրված մեղադրանքներում «Սասնա ծռերի» անդամներն իրենց մեղավոր չեն ճանաչում և պնդում են, որ դատախազությունը, ինչպեսև նախկինում, իրենց արարքը դիտարկում է դրդապատճառներից և քաղաքական կոնտեքստից անջատ։ Իրավապաշտպանները, ամբաստանյալների փաստաբաններն ու աջակիցները վստահ են, որ Սերժ Սարգսյանի իշխանության դեմ դուրս եկած «ծռերը» ապստամբել են և պետք է արդարացվեն․ քննության առարկա պետք է դառնան բացառապես զոհվածների մահվան հանգամանքները։ Դատախազությունը իր հերթին հայտարարում է, որ առաջարկել է մեղսագրվող արարքների համար սահմանված նվազագույն պատժաչափը, իսկ ապստամբության մասին հայտարարությունները շարունակաբար որակում որպես «օրենսդրության և միջազգային իրավունքի նորմերի կամայական ու խեղաթյուրված մեկնաբանություն»։

9

«Սասնա ծռերի» անդամ, իրավաբան, նախկին զինվորական, քրեական գործով ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանի ճեպազրույցը դատական նիստից հետո՝

Զառա Հարությունյան
լուսանկարները՝ Էլիզա Մխիթարյանի