Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում ապրող ռոհինջա փախստականները 150 մլրդ դոլարի հայց են ներկայացրել ընդդեմ Ֆեյսբուքի՝ մուսուլմանական փոքրամասնության նկատմամբ ատելություն տարածելու համար։
Մյանմայում շուրջ 20 միլիոն ֆեյսբուքյան օգտատեր կա, որոնցից շատերի համար սոցցանցը նորություններ կարդալու և կիսվելու հիմնական հարթակն է։ Սոցցանցը դեռ 2018-ին ընդունել էր, որ բավականաչափ ջանք չի ներդրել՝ ռոհինջաների նկատմամբ բռնությունը և ատելությունը կասեցնելու համար։
Հայցվորների ներկայացուցիչները նշում են, որ սոցցանցի ալգորիթմները շարունակ նպաստում են ապատեղեկատվության և ծայրահեղական մտքերի տարածմանը։ Իրական կյանքում դրանք իրական բռնության են վերածվում։
Ռոհինջաները Մյանմայի հյուսիսում բնակվող և բնակչության 2%-ը կազմող (մոտ 1 մլն բնակիչ) էթնիկ խումբ են։ 2017-ին Մյանմայի կառավարական զորքերի իրականացրած ռազմական օպերացիայի արդյունքում մոտ 10 հազար ռոհինջաներ սպանվել են, ևս 750 հազարը փախել Բանգլադեշ։
Մյանմայում մնացած ռոհինջաները քաղաքացիություն չեն ստանում, պարբերաբար ենթարկվում են բռնության և խտրականության։ ՄԱԿ-ը Մյանմայի մուսուլմանական փոքրամասնության նկատմամբ իրականացվող գործողությունները որակել է որպես ցեղասպանություն։