«Գործադիրը պետք է այլ տարածք տրամադրի կառուցապատողին կամ հետ գնի», – համոզված են Գիտության ազգային ակադեմիայի նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցները։ Նրանք շարունակում են բողոքի ցույցերն իրենց աշխատավայրի՝ Ազատության պողոտայի սկզբնամասում գտնվող ՊՈԱԿ-ի հարևանությամբ բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման դեմ։ Ինչպես նշում է կառուցապատողը, «էկոստանդարտներին համապատասխանող» շենքի հետ կապված օտարերկրյա ներդրումները 10 միլիադր դրամ են կազմում, 100-ից ավելի աշխատատեղ է ստեղծվելու, 200 ավտոմեքենաների համար նախատեսված ստորգետնյա ավտոկայանատեղի է կառուցվելու։ Սակայն խնդիրը նրանում է, որ այն գոյանալու է Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնին նախկինում պատկանած ջրավազանի տարածքում։ Սպառնացող վտանգների մասին բարձրաձայնելու համար ինստիտուտի աշխատողները հերթական անգամ հավաքվել են կառավարության շենքի դիմաց։
լուսանկարը՝ 2021թ․ հուլիսի 29 ակցյիայից
2007-2008 թվականներին Քանաքեռում գտնվող Օրգանական քիմիայի ինստիտուտը, պետության օպտիմալացման ծրագրով, որոշվեց կենտրոնացնել Ազատության 26 հասցեում։
«Պատերազմից հետո՝ 97-8 թվականներին, մեր տնօրինությունը, սուղ պայմաններից ելնելով, ջրավազանի տարածքը հանձնել էր քաղաքապետարանին՝ հետևելու համար։ Ինչ-ինչ պատճառներով 2006 թվականին հանձնվել էր համայնքային տիրապետությանը, օտարել են այդ տարածքը և վաճառել անհայտ մարդու։ Դրանից հետո մի քանի անգամ վերավաճառվել էր և 19 թվականին տեր էր հանդիսացել Green property development ՓԲԸ, որը ջրավազանի տարածքում բազմահարկ շենքի կառուցում է ուզում իրականացնել <…>
Սա մեր կենտրոնի տարածքն է՝ 2008 թվականի [փաստաթղթով], – ցույց է տալիս Կենտրոնի տնօրենը։ – Պետական ծրագրով կատարվեց երիտասարդների ակադեմիական ինստիտուտների բնակելի շենքերի կառուցում։ Մենք համաձայնեցինք․ այդքան չէր վնասում մեր կենտրոնի աշխատանքներին։ Այստեղ Քննչական կոմիտեն մասնաշենք ունի․ էս մեր 6 3-հարկանի շենքերից մեկն է։ Մի հատը վերցրեց ազատ դեղագործական ընկերությունը, որը ինչ-որ չափով խոսում էր մեզ հետ։ Իսկ այստեղ գտնվում է ջրավազանը, որտեղ այդ շենքը պետք է կառուցվի <…>: Նախնական ծրագրով, ուզում էին երկու հատ 25-հարկանի շենք կառուցել, հետո փոխեցին՝ մի հատ 25, հիմա՝ մի կողմից 8-հարկանի, մյուս կողմից՝ 12։
Բացի դրանից, ջրավազանի շուրջը կանաչապատ տարածք կար․ այ էս կապույտով նշված տարածքը պետությունն օտարել է մեզանից, բայց դեռևս չի տվել սեփականատիրոջը, չի վաճառել <…>: Սա, բնական է, իրա շենքի համար պիտի օժանդակ տարածություն ունենա։ Նա ցանկանում է սա վերցնի, սարքի ավտոկայանատեղի՝ մուտքով-ելքով։ Պատկերացրեք՝ արդեն մեր մասնաշենքերից 20 մետր հեռավորություն ա մնում։
Կանաչ գույնով նշված տարածքները․․․ այստեղ գտնվում է «Արմենթել»-ի կառույցը, այժմյա Տելեկոմ Արմենիա, որը նույնպես ցանկանում է տարածք՝ մինչև այս վերջին բնակելի շենքերը, որտեղ գտնվում են մեր արտադրական սինթեզի մասնաշենքերը։
Էս մի կանաչը ցանկանում է ինչ-որ power lifting ա, ինչ ա, ֆեդերացիա․․․ ցանկանում է իր համար վերցնել։
Էս ամբողջ տարածքը՝ այգիներով, խնամում է ընդամենը երկու այգեպան, այդ պատճառով ով տեսնում՝ ասում էր «անմշակ տարածք ա, եկեք մեզ տվեք, դուք չեք կարողանում պահել․․․»։ Դրա համար մենք ինչքան որ հնարավոր է մեր միջոցներով կարողանում էինք պահել, հիմա էլ տեսքը շատ լավ է»։
Պետության կողմից աջակցության մասին հարցին ի պատասխան, բանախոսը նշեց, որ ֆինանսապես օգնում էր հենց Կենտրոնը։
«Հիմա ինստիտուտում համագործակցություն կա թե՛ շվեյցարական ընկերությունների, թե՛ Սաուդյան Արաբիայի ընկերության հետ, էդ միջոցների մի մասը նույնիսկ ուղղվում է նույն պահպանման խնդիրներին։
Մեր կիրառական պրոդուկտը, որ մենք տալիս ենք, երկու երկրների ֆիրմաների էլ պիտանի է։ Բայց էն, որ մի քանի կոպեկի դիմաց կարելի է կորցնել իրականում Հայաստանի համար անգին կառույց, դրա մասին ոչ-ոք չի խոսում, – իր հերթին, ասում է ցույցի մեկ այլ մասնակից։ – Հայաստանում նմանատիպ կառույց՝ իր ենթակառուցվածքներով, ամեն ինչով, պարզապես չեն կարող կառուցել։ Սովետի միության ժամանակ կառուցվել է ընդամենը երեք նման ինստիտուտ՝ Ռիգայում, Մոսկվայում, Երևանում։ <…> ընդամենը 10 միլիոն դոլարի մասին է խոսքը, որը, հավատացեք, անհամեմատելի է, թե ինչ կկորցնենք մեր դրա դիմաց։
Մենք կառուցապատողի հետ խնդիր չունենք․ մեր խնդիրը կառավարության դիրքորոշման հետ է։ Կառավարությունը պետք է հիմնովին փոխի իր վերաբերմունքը գիտության նկատմամբ։ Ընդամենը 10 միլիոն դոլարի ներդրում ցույց տալով, կարողանում են կառավարությանը շանտաժի ենթարկել և ասել․ «Եթե չթողեցիք, դիմելու ենք արբիտրաժ»։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ հերթական հանդիպումը երեք օր առաջ էր կայացել․ խնդիրը նրանում է, որ «այս ամեն ինչը գտնվում է քաղաքապետարանի և քաղշինի ձեռքի տակ»։
«ԿԳՄՍ ասում է չի կարելի, Ակադեմիան ասում է չի կարելի, Գիտության կոմիտեն ասում է չի կարելի, բայց չէ, ո՞նց կարելի է, «մեզ դատի կտան»։
Կառուցապատող ընկերության ներկայացուցիչն ասել է․ դա օրենքով իր տարածքն է, կվարվի՝ ինչպես կցանկանա, Քիմիայի ինստիտուտի տարածքում չէ․․․»։
Խոսելով այն մասին, թե ստեղծված իրավիճակում ի՞նչ է հնարավոր պահանջել գործադիրից, բանախոսը նշեց՝ գործադիրը պետք է այլ տարածք տրամադրի կամ հետ գնի այս տարածքը․ «2007 թվականի անօրինական գործարքի հետևանք է սա։ Ճիշտ է՝ 2019 թվականին օրենքի տեսանկյունից ինչ-որ մեկը գնում է, որ համարվում է արդեն բարեխիղճ գնորդ, բայց սա անօրինական գործարքի շարան է։ Հիմա արդեն շանտաժով է շարունակվում․ չտվեցիք՝ դատի կտանք։ Հետո՞։
Նրանք ընդամենը եկան, հորատանցքեր արեցին, գեոռազվեդկեն արեցին, որ հետո շինթուլյտվությունը ստանան կամ չստանան, բայց էդ ընթացքում միայն աղմուկի հետևանքով աշխատելն անհնար էր։ Պատկերացնո՞ւմ եք՝ 200 ավտոկայանատեղի համար (ընդ որում, ստորգետնյա), ինչքան են փորելու․․․ Գործեր կան, որ շատ մաքուր միջավայրում պետք է անես»։