20-ամյա զինծառայող Արգիշտի Եղյանի մահվան գործով ձերբակալված երկու համածառայակիցներին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 360.1 հոդվածի (Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և 360.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։ Որպես խափանման միջոց նրանց նկատմամբ ընտրվել է կալանավորումը։
Նշենք, որ հիշյալ հոդվածի 2-րդ մասի երկրորդ կետով պատասխանատվություն է նախատեսվում պետի (հրամանատարի) կողմից ենթակային «անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար»։
Հիշեցնենք՝ մայիսի 11-ին ՊՆ-ն հաղորդել էր, որ նույն օրը՝ ժամը 10:15-ին, արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է շարքային Արգիշտի Արմենի Եղյանի դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով։ Մայիսի 12-ին Քննչական կոմիտեն հաղորդեց, որ քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հոդվածով։ Մայիսի 13-ին նույն կառույցը հայտնեց, որ Եղյանի մահվան քրգործի շրջանակներում ձերբակալվել են նրա երկու համածառայակիցները։