Դոնեցկի տարածքում գնտվող Ելենովկայի բանտին հասցված հարվածի արդյունքում, ըստ ռուսական կողմի, 53 ուկրաինացի ռազմագերի է զոհվել, ևս 75 հոգի վիրավոր է։ Մոսկվան և Կիևը մեղադրում են միմյանց։ Նախ Ուկրաինան, ապա նաև Ռուսաստանը հայտարարել են, թե ուզում են, որ հետաքննությանը մասնակցեն միջազգային փորձագետները՝ ՄԱԿ-ից և Կարմիր խաչից։
Ուկրաինացի ռազմագերիները (ըստ որոշ տվյալների՝ նաև գերեվարված քաղաքացիականները) պահվում են Ելենովկայի գաղութում։ Ելենովկայի լքված բանտը վերագործարկվել է 2022 թվականի լայնածավալ պատերազմի մեկնարկից հետո, գտնվում է ռուսական ուժերի կողմից վերահսկվող Դոնեցկի մերձակայքում։
Բանտի վրա (ենթադրյալ) հարձակման մասին հայտնի է դարձել հուլիսի 29-ի գիշերը։
Պատերազմի պայմաններում կողմերի հրապարակած վարկածները ստուգել գրեթե հնարավոր չէ․ անկախ աղբյուրներից ապացույցներ չկան։
Ռուսական վարկածը
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հուլիսի 30-ին հաղորդել էր, որ ուկրաինական կողմը ամերիկյան HIMARS հրթիռային համակարգերից հարվածել է Ելենովկայի մեկուսարանի վրա, որտեղ պահվում են գերեվարված ուկրաինացի զինծառայողները, այդ թվում՝ «Ազով» գնդից։
Ըստ պաշտոնական Մոսկվայի, հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է 50 ուկրաինացի, 73 ուկրաինացի ռազմագերի ծանր վիրավորումներով տեղափոխվել է հիվանդանոց։ Զոհերի անունները հրապարակվել են ՌԴ ՊՆ կայքում։ Տեղի ունեցածի մեջ Մոսկվան մեղադրել է անձամբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և Վաշինգտոնին։
Alexander Ermochenko / Reuters / Scanpix / LETA
Հարվածի մասին ավելի վաղ հայտնել էին նաև ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ուժերը։
Ռուսական պետական «Ռոսիա 24» հեռուստաալիքը կադրեր էր ցուցադրել, որոնք, ըստ հաղորդավարի, պատկերում էին բանտի ավիրված մասնաշենքը՝ խոցված տանիքը, վնասված երկաթե մահճակալները։
Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության ներկայացուցիչ Անդրեյ Ռուդենկոն իր տելեգրամյան ալիքում տեսանյութ էր հրապարակել, որում երևում էին զոհվածների այրված և հաշմված մարմինները, պետական «Ռիա Նովոսին» էլ ցուցադրել էր HIMARS հրթիռի բեկորները, որոնք, ըստ ռուսական կողմի, հայտնաբերվել են դեպքի վայրում։
Ուկրաինական վարկածը
Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբն ավելի ուշ հայտարարել էր, որ ռուսական կողմը թիրախային հրե՝տանային գնդակոծության է ենթարկել բանտը, որպեսզի մեղադրի Ուկրաինային ռազմական հանցագործությունների մեջ և թաքցնի այնտեղ պահվող ուկրաինացի ռազմագերիների սպանություններն ու խոշտանգումները։
Միխայիլ Պոդոլյակը՝ Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդականը, հայտարարել է, թե Ելենովկայում ներսից ջերմային պայթյուն է եղել, պայթյունից առաջ բոլոր բանտարկյալներին հավաքել էին մեկ շենքում։ Պոդոլյակը շեշտել է, թե պայթյունից առաջ այնտեղից հանել են բանտի աշխատակիցներին։
Պաշտոնական հայտարարությունից առաջ «Ուկրաինսկայա պրավդան»՝ հղվելով հետախուզության մեջ իր աղբյուրներին, գրել էր, որ Ելենովկայի ուղղությամբ հրետանային գնդակոծություն է եղել ոչ թե ուկրաիանական, այլ ռուսական կողմից։ Ըստ պարբերականի աղբյուրների, դեպքից մի քանի օր առաջ ուկրաինացի գերիներին տեղափոխել են արդյունաբերական հատված (промзона)՝ հենց այն բարաքը, որը և գնդակոծվել է հուլիսի 29-ին։
Alexander Ermochenko / Reuters / Scanpix / LETA
«Դա այն բարաքն էր, որում «Ազովի» մարտիկներն էին գտնվում․ նրանց այնտեղ էին տարել այսօրվա գնդակոծությունից մի քանի օր առաջ, [այն ժամանակ] մենք չէինք հասկանում, թե ինչու», – ասել է «Ուկրաինսկայա պրավդայի» աղբյուրը։
Գաղութի նախկին կալանավորներից Կոնստանտին Վելիչկոն և Ռուսլան Ախմետովը, ըստ «Մեդիազոնա․ Բելառուս»-ի, հաստատել են, որ Ռուդենկոյի հրապարակած տեսանյութում հենց Ելենովկայի գաղութի արդյունաբերական հատվածն է՝ պրոմզոնան։ Վելիչկոն նշել է, որ իր բանտարկության ժամանակ այդ հատվածում գերիներ չէին պահվում։
«Մենք գիտենք, որ մեր գերիների մի մասին հանցագործությունից մի քանի օր առաջ տեղափոխել են այն բարաքը, որը հարվածի է ենթարկվել։ Դասական, ցինիկ և մանրակրկիտ մտածված false flag operation [օպերացիա ուրիշի դրոշի ներքո]», – ավելի ուշ ասել է Պոդոլյակը։
Մեկ այլ վարկած է ներկայացրել Ուկրաինայի ՊՆ Հետախուզության գլխավոր վարչությունը, ըստ որի՝ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության վարձկանների ձեռքերով գաղութում պայթյուն է կազմակերվել, հրամանն անձամբ Եվգենիյ Պրիգոժինն է տվել՝ ռազմական հիշյալ ընկերության սեփականատերը, տեռակտի կազմակերպումն ու իրագործումը չի համաձայնեցվել ՌԴ ՊՆ ղեկավարության հետ․ «Ահաբեկչության գլխավոր նպատակն էր՝ թաքցնել ուկրաինացի ռազմագերիների պահման համար հատկացված միջոցների տոտալ թալանը։ Հայտնի է, որ օգոստոսի 1-ին Մոսկվայից պետք է հանձնաժողով գար՝ հատկացված միջոցների ծախսը և գերիների պահման պայմանները ստուգելու համար», – ավելել է Հետախուզության գլխավոր վարչությունը։
Հետաքննություն
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նախօրեին հայտարարել է, թե Մոսկվան պաշտոնապես հրավիրել է ՄԱԿ-ի և Կարմիր խաչի փորձագետներին՝ մասնակցելու Ելենովկայի քննչական մեկուսարանի վրա հարձակման հետաքննությանը։
Ավելի վաղ Կիևն էլ պահանջել էր Մոսկվայից թույլ տալ ՄԱԿ-ի և Կարմիր Խաչի ներկայացուցիչներին մուտք գործել գաղութի տարածք։
ՄԱԿ-ը և Կարմիր խաչն իրենց հերթին հայտարարել են ներկայացուցիչներին Ելենովկա ուղարկելու պատրաստակամության մասին, ՄԱԿ-ը՝ հետաքննության, ԿԽՄԿ-ն՝ վիրավորների տարհանման նպատակով։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) կիրակի երեկոյան հայտնել է, որ Դոնեցկի տարածքում գնտվող Ելենովկայի գաղութն այցելելու թույլտվություն դեռ չի ստացել։
Alexander Ermochenko / Reuters / Scanpix / LETA
Ռուսաստանի իշխանությունների և անջատողականների տվյալներով՝ հարվածի զոհ է դարձել 53 ռազմագերի, ևս 75-ը վիրավորվել են։ Հուլիսի 30-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել էր 48 զոհված ուկրաինացիների անուններ։