Ավարտվել է 2022 թվականի «Վայրի բնության տարվա լուսանկարիչ» (Wildlife Photographer Of The Year) ֆոտոմրցույթը։ Ներկայացնում ենք մրցույթի մի շարք կատեգորիաներում մրցանակների արժանացած լուսանկարները։
Գլխավոր մրցանակակը շահել է «Մեծ բզզ» ֆոտոյի հեղինակ՝ ամերիկուհի Կարին Այգներինը, որը պատկերել է մեղուների բեղմնավորման ընթացքը։
Նկարում երևում է, թե ինչպես են արու մեղուները շրջապատել մայր մեղվին՝ փորձելով զուգավորվել նրա հետ։ Lուսանկարը ստանալու համար ամերիկուհին տեսախցիկի մակրոօբյեկտիվ է օգտագործել և երկար ժամանակ ստիպված է եղել սպասել ցեխի մեջ պառկած։
Ֆոտոլրագրողության կատեգորիայում հաղթել է «Նդակասիի մահը»։ Հարավաֆրիկացի հայտնի ֆոտոլրագրող Բրենթ Սթիրթոնը իր լուսանկարներում ցուցադրում է լեռնային գորիլլա Նդասակիի կյանքի վերջին վայրկյանները։
Մաֆիայի որսագողները (браконьер), որոնք Կոնգոյում զբաղվում էին փայտածուխի ապօրինի արտադրությամբ, սպանել են Նդակասիի բոլոր ցեղակիցներին։ Լուսանկարում Նդասակին գտնվում է իր փրկչի և խնամակալի՝ Անդրե Բաումայի ձեռքերում։
«Ընկնող աստղը» լուսանկարը հաղթել է «Ստորջրյա նկարահանում» կատեգորիայում։ Հեղինակը ճապոնացի Թոնի Վուն է։ Նկարում հսկայական ծովաստղ է՝ ձվադրման պահին։
Փշամորթների տիպին պատկանող այս կենդանիները շարժում են վերջույթները` ճոճելով մարմինը, ինչի շնորհիվ սպերման և ձվաբջիջները կարող են անցնել ստորջրյա հոսք, որտեղ էլ տեղի է ունենում բեղմնավորումը։ Լուսանկարն արված է ճապոնական ափերից մեկի մերձակայքում։
Ճապոնացի Ձյունձի Տակասագոյի «Երկնային ֆլամինգոներ» լուսանկարը հաղթել է «Բնության արտիստիզմ» կատեգորիայում։ Այս ֆլամինգոներին նկարելու համար Տակասագոն ստիպված է եղել դիմակայել լեռնային հիվանդությանը (հիվանդություն, որը առաջանում է բարձրադիր լեռներում՝ թթվածնային անբավարարության պատճառով)։
Լուսանկարը արված է Անդյան լեռներում աշխարհի ամենախոշոր չորացած աղի լճի՝ Ույունիի վրա։ Այստեղ է գտնվում նաև Բոլիվիայի ամենախոշոր լիթիումային հանքերից մեկը, որը վտանգի տակ է դնում ֆլամինգոների ապագան։
15-17 տարեկանների կատեգորիայում հաղթել է 16-ամյա թայլանդացի Կատանյոու Վութիչայթանաքորնի «Կետի բերանի գեղեցկությունը» լուսանկարը։ Երիտասարդ լուսանկարիչը պատմում է, որ իր բախտը բերել է՝ կետը մի քանի րոպե շարունակ մնացել է ջրի մակերևույթին և նրան հաջողվել է նկարել։
Նկարում խոշոր պլանով պատկերված է գծավոր կետի գլուխը՝ այնպես, որ երևում են բերանի թաղանթները, որոնք կետն օգտագործում է սննդի ֆիլտրման նպատակով։ Երևում են նաև կետի բերանից փրկվել փորձող ձկները։
11-14 տարեկանների կատեգորիայում հաղթել է 14-ամյա իսպանացի Իսմայել Դոմինիկ Գուտերեսի «Մառախուղից» լուսանկարը։
Նկարում երևացող ջրարծիվները Անդալուզիայի ձմեռային այցելուներն են։
Իսպանացի Խոսե Խուան Հերնանդես Մարտինեսը հաղթել է «Կենդանիների դիմանկար» կատեգորիայում «Իդեալական փքված» լուսանկարով։
Թռչունը՝ կանադական արոսը, ամեն տարի վերադառնում է նույն վայրը զուգավորվելու նպատակով։ Թռչունը բարձրացնում է վզի առջևում գտնվող փետուրները և գլուխը հետ շպրտում։ Այս դիրքով նա վազում է առաջ և պտտվում ետ, հանգստանում մի քանի վայրկյան և կրկնում նույնը։
«Չղջիկների որսորդը» լուսանկարը մրցանակ է շահել «Երկկենցաղների և սողունների վարք» կատեգորիայում։ Մեքսիկացի Ֆերնանդո Կոնստանտինո Մարտինես Բելմարին հաջողվել է ստանալ այս պատկերը Կախված օձերի քարանձավում՝ Մեքսիկայում։
Մթնշաղին հազարավոր չղջիկներ լքում են քարանձավը՝ միջատներով սնվելու համար։ Երբ նրանք թռչում են, քարանձավի պատերից զոլեր են կախվում՝ օձերը սնունդ են հայթայթում։
«Վայրի բնությունը քաղաքում» կատեգորիայում հաղթել է ռուսաստանցի Դմիտրի Կոխի «Արջատունը»։ Լուսանկարն արված է Չուկոտի ծովում գտնվող Կոլյուչին կղզու վրա՝ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում։ Կոխը, որը զբաղվում էր նավասպորտով, այստեղ փոթորկից էր պատսպարվում, երբ տեսել է արջերին։
Սպիտակ արջերը ոչ միայն լուսանկարի առաջին պլանում են, այլ նաև հետին՝ լքված տները պատող մառախուղի մեջ։ Գիշատիչների պատկերը մոտիկից ստանալու համար Կոխն անօդաչու թռչող սարք է օգտագործել:
Դրոն է օգտագործվել նաև «Ջրա-ճահճային տարածքներ» կատեգորիայի մրցանակակիր «Մեռնող լիճը» լուսանկարելու համար։ Գվատեմալայի քաղաքացի Դանիել Նունյեսը փորձել է ցույց տալ անտառի և ջրիմուռների կողմից զավթված Ամատիտլան լճի ափի կոնտրաստը։
Ջրիմուռները՝ ցիանոբակտերիանը, բազմանում են ջուրն աղտոտող նյութերի առկայությամբ, օրինակ՝ Գվատեմալա քաղաքից թափվող ինչպես կեղտաջրերի։
«Կախարդական մորելները» լուսանկարը հաղթել է «Բույսեր և սնկեր» կատեգորիայում։ Հեղինակը Ագորաստոս Պապացանիսն է։ Մորել սնկերը արհեստականորեն շատ դժվար են աճեցվում, սակայն որոշ անտառներում դրանք աճում են առանց միջամտության։
Հույն լուսանկարիչը սպասել է, որ արևի շողերը անցնելով ծառերի միջով անդրադարձվեն ֆոնում գտնվող ջրից և օգտագործելով լայնանկյուն օբյեկտիվ և լույսերը, փորձել է պատկերել մորել սնկերի լաբիրինթանման ձևավորումը։ Մորելները աշխարհի տարբեր կետերում սննդագիտական գանձ են համարվում։
Wildlife Photographer Of The Year ֆոտոմրցույթը հիմնվել է 1964 թվականին՝ BBC Wildlife Magazine-ի կողմից։ Այժմ այն անցկացվում է Լոնդոնի «Բնական պատմության» թանգարանի կողմից։ Այս տարի ֆոտոմրցույթին մասնակցել է 38575 լուսանկար՝ 93 երկրներից։