Էկոակտիվիստ Արշակ Մակիչյանին զրկել են Ռուսաստանի քաղաքացիությունից։ Ռուսական անձնագրից զրկվել են նաև նրա հայրը և երկու եղբայրները։ Այլ երկրի (այդ թվում՝ Հայաստանի) քաղաքացիություն ընտանիքը չունի։
Մակիչյանները Հայաստանից արտագաղթել են Խորհրդային Միության փլուզումից հետո։ 28-ամյա Արշակը 27 տարի անընդմեջ ապրել է Ռուսաստանում։ Ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան։ Ռուսական անձնագիր է ստացել 2004 թվականին՝ տեղափոխությունից մոտ 9 տարի հետո։
Ռուսաստանում Արշակը առաջիններից էր, որ միացել էր Գրետա Թունբերգի նախաձեռնած Fridays For Future կլիմակայան շարժմանը (2019 թվականի մարտից ամեն ուրբաթ պիկետներ էր անում Մոսկվայի Պուշկինի հրապարակում)։ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո հանդես է գալիս Կրեմլի կոշտ քննադատությամբ, սատարում է ընդդեմ Ռուսաստանի էներգետիկ պատժամիջոցների խստացմանը։
Մակիչյանների դեմ դատական գործը նախաձեռնվել է մոտ 5 ամիս առաջ՝ հակապատերազմական ակտիվիստների նկատմամբ զանգվածային ռեպրեսիաների շրջանակներում։ Փաստաբաններին հաջողվել է մի քանի ամսով երկարաձգել վճռի կայացումը։
Արդեն հոկտեմբերին մոսկովյան դատարանը վճռել է, որ 18 տարի առաջ Մակիչյանները քաղաքացիություն են ստացել ընթացակարգային խախտումներով․ Ներքին գործերի նախարարության արխիվում նրանց փաստաթղթերը ամբողջությամբ չեն էլ պահպանվել։
«Սա առաջին գործն է, երբ մարդուն զրկում են Ռուսաստանի քաղաքացիությունից՝ նրա քաղաքացիական դիրքորոշման համար։ Միգրացիոն ծառայությունը կորցրել է առանցքային փաստաթղթերը, որոնց հիմքով [18 տարի առաջ] Արշակը քաղաքացիություն է ստացել։ Պատասխանատվությունը դատարանը դրել է ոչ թե պետական գերատեսչության, այլ Մակիչյանի վրա։ Նա պարտավոր չէ պատասխան տալ պետմարմիններում փաստաթղթերի պահպանության համար», – նշում է Արշակի փաստաբան Մաքսիմ Օլենիչևը։
Սա նախադեպ է, որը կարող է օգտագործվել իշխանությունների կողմից՝ ընդդեմ քաղաքացիական ակտիվիստների, որոնք Ռուսաստանի քաղաքացիություն են ստացել ոչ ծննդյան (արյան) իրավունքով, ընդգծում է իրավաբանը։
Դատարանի որոշումը Մակիչյանի ներկայացուցիչներին է տրամադրվել հոկտեմբերի 31-ին։ Փաստաբանները 30 օր ժամանակ ունեն՝ այն վիճարկելու համար։
Պատերազմի մեկնարկից մոտ մեկ ամիս հետո Արշակը լքել է Ռուսաստանը։ Ամռանը, երբ փորձել է վերադառնալ, իմացել է, որ դատարանը նման գործ է քննում։ Այժմ գտնվում է Բեռլինում։ Գերմանիայում ապաստան հայցելու մտադրություն դեռևս չունի։
Դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելուց հետո նա համարվելու է ապատրիդ՝ քաղաքացիություն չունեցող անձ։ Սա չի արգելում, բայց էականորեն բարդացնում տեղաշարժը։
«Ամեն ինչ կախված է հյուրընկալող երկրի օրենսդրությունից։ Ամեն դեպքում, նա ստիպված է լինելու լեգալիզացվել՝ որպես Ռուսաստանի կամ Հայաստանի քաղաքացի, կամ որպես քաղաքացիություն չունեցող անձ», – պարզաբանում է իրավաբան Օլգա Պոդոպլելովան։
Դատարանի որոշումը Մակիչյանը ազգային փոքրամասնությունների դեմ ռեպրեսիաների նոր գործիք է համարում՝ ընդգծելով՝ այսուհետ այն կարող է կիրառվել ոչ-ռուս բոլոր ակտիվիստների նկատմամբ։