Պերուի խորհրդարանը իմպիչմենթ է ներկայացրել երկրի նախագահ Պեդրո Կաստիլյոյին, ինչից հետո նրան ձերբակալել են, իսկ երկրի նախագահի պաշտոնը զբաղեցրել է նախկին փոխնախագահ Դինա Բոլուարտեն՝ դառնալով երկրի առաջին կին նախագահը։ Նա հայտարարել է, որ պատրաստվում է կառավարել մինչև 2026 թվականը։
60-ամյա Դինա Բոլուարտեն, որը ըստ վերլուծաբանների «շարժվում է հոսանքի ուղղությամբ», մասնագիտությամբ իրավաբան է, և մինչև վերջերս Պերուի բնակիչների համար քիչ թե շատ անհայտ էր՝ գրում է Reuters-ը։ 2018-ին նա պարտվել է Լիմայի մարզպետի ընտրություններին՝ հավաքելով 4%-ից պակաս ձայն, իսկ 2021-ին պատգամավորի մանդատի նրա հայտը չի բավարարվել։
Այնուամենայնիվ 2021 թվականի ընտրություններին նրա և Կաստիլյոյի կուսակցությունը հաղթել է և Բոլուարտեն զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը։
Արդեն նախկին նախագահ արմատական ձախ Պեդրո Կաստիլյոն, ըստ Պերուի ոստիկանության թվիթերյան էջում հրապարակված լուսանկարների և մի շարք պաշտոնյաների խոսքերի գտնվում է ոստիկանական բաժանմունքում։ Ըստ ոստիկանության հայտարարության, նա նախագահական տնից փորձել էր փախնել Մեքսիկայի ուղղությամբ։ Կաստիլյոն մեղադրվում է ապստամբություն սկսելու մեջ։
Նախօրեին Կաստիլյոն հեռուստատեսությամբ հայտարարել էր, որ ցրում է հանրապետության խորհրդարանը՝ երկրում հայտարարելով ժամանակավոր արտակարգ իրավիճակ։ Սա տեղի է ունեցել նրան անվստահություն հայտնելու քվեարկությունից ընդամենը մի քանի ժամ առաջ։ Կաստիլյոն հայտարարել էր, որ ընդդիմադիրների կողմից կառավարվող խորհրդարանական մարմինը փորձում է ոչնչացնել ժողովրդավարությունը և արհամարել մարդկանց ընտրելու իրավունքը։
Այնուամենայնիվ, Պերուի խորհրդարանը հրատապ նիստ էր կազմակերպել և իմպիչմենթ էր հայտարարել արմատական ձախ Պեդրո Կաստիլյոյին։ 130 պատգամավորից 101-ը կողմ էին քվեարկել։ Սա Պեդրո Կաստիլյոյին հայտարարված երրորդ իմպիչմենթն էր՝ 2021 թվականին նախագահ դառնալուց ի վեր։
Կաստիլյոյի նկատմամբ անվստահություն հայտնելու առաջին դեպքը անցյալ տարվա դեկտեմբերին էր, երբ ընդդիմադիրների փոքր մի խումբ նախագահին մեղադրել էր իշխող կուսակցության ապօրինի ֆինանսավորման մեջ։ Իմպիչմենթը ձախողվել էր՝ կողմ էին քվեարկել ընդամենը 46 պատգամավոր։
Մարտին տեղի ունեցած երկրորդ իմպիչմենթի ժամանակ նախագահին մեղադրում էին «բարոյական անկարողության» մեջ․ Պերուի սահմանադրության այս կետը 2017 թվականից մինչ օրս խորհրդարանը օգտագործել է ամենաքիչը 6 նախագահներից ազատվելու նպատակով։ Անվստահություն հայտնելու այս փորձը նույնպես ձախողվել էր՝ այս անգամ 55 կողմ ձայնով։
Կաստիլյոյի կառավարության վերջին քաղաքական անկայունությունը սկսել է հոկտեմբերին, երբ Պերուի գլխավոր դատախազությունը սահմանադրական դատարանում նրան մեղադրել է «հանցագործ կազմակերպություն» առաջնորդելու մեջ, որը օգուտ է քաղել պետական պայմանագրերից և խափանված հետաքննություններից։
Նախագահ դառնալիս Պեդրո Կաստիլյոն հայտարարել էր, որ այնպես է անելու «հարուստ երկրում այլևս աղքատներ չլինեն», սակայն հոկտեմբերին Կաստիլիոյի կողմնակիցներից հինգը կալանավորվել են կոռուպցիոն մեղադրանքներով։
Նախկին նախագահի և նրա ընտանիքի անդամների դեմ կոռուպցիայի հետ կապված 6 գործ է հետախուզվում։ Կաստիլյոն ժխտել է բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ իրեն իշխանությունից հեռացնելուն ուղղված քարոզարշավի զոհ է։
Նոյեմբերին Կաստիլյոյի հավատարիմ կողմնակից Անիբալ Տորեսը, ով զբաղեցնում էր Պերուի վարչապետի պաշտոնը, հրաժարական տվեց՝ դառնալով նախկին նախագահի կառավարության ժամանակ հրաժարական տված չորրորդ վարչապետը։ Դրանից հետո հազարավոր ցուցարարներ դուրս էին եկել փողոց և պահանջում էին Կաստիլյոյի հրաժարականը։
Պերուում քաղաքական անկայունությունը տարիների պատմություն ունի։ Միայն 2020 թվականին այստեղ 5 օրում 3 նախագահ է փոխվել։