Կառավարությունը ընդլայնել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության իրավունքից (անվճար) օգտվողների շրջանակը։
Պաշտոնյաների հավաստիացմամբ՝ պետպատվերից այսուհետ կկարողանան օգտվել Հայաստանի բոլոր քաղաքացիները՝ անկախ բնակության վայրից և սոցիալական կարգավիճակից։ Ծրագրից այսուհետ կկարողանան օգտվել նաև չամուսնացած կանայք։
Մինչ այս առաջնային անպտղության հաղթահարմանն ուղղված պետական ծրագիրը տարածվում էր միայն զինծառայողների, զոհված զինծառայողների ընտանիքների, սահմանամերձ գյուղերի բնակիչների վրա։
Նոր որոշման համաձայն, պետպատվերը կտարածվի Հայաստանի քաղաքացի հանդիսացող․
— 20-35 տարեկան, երկու կամ ավել տարի անպտղություն ունեցող, անզավակ կանայք։
Նրանց կտրամադրվի ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ներարգանդային սերմնավորման փորձեր` 6 դաշտանային ցիկլի ընթացքում, արտամարմնային բեղմնավորման 2 փորձ, որից երկրորդը` պետության կողմից 50% սուբսիդավորմամբ:
— 36-42 տարեկան անզավակ կանայք։
Այս պարագայում պետպատվերը կներառի ներարգանդային սեղմնավորման փորձեր՝ 6 դաշտանային ցիկլի ընթացքում։
— Սահմանամերձ բնակավայրերում ապրող՝ արդեն իսկ մեկ երեխա ունեցող զույգերը։
Սահմամերձ համայնքներում ապրող կանանց առաջնային անպտղության հաղթահարմանն ուղղված այս ծրագիրը գործում է դեռևս 2020 թվականից։
Այժմ ծրագրից օգտվելու հնարավորություն կունենան նաև զույգերը, որոնք երկրորդ երեխան են ուզում ունենալ (միայնակ կանանց համար նման հնարավորություն չի սահմանվում)։ Հատուկ պահանջներն էն՝ զույգը պետք է ամուսնացած լինի, երկու և ավելի տարի ունենա երկրորդական անպտղություն, կնոջ տարիքը չպետք է գերազանցի 35-ը, զույգը առնվազն մեկ տարի պետք է հաշվառված լինի սահմանամերձ բնակավայրում։
Շահառուների այս խմբի համար պետությունը սուբսիդավորելու է ներարգանդային սեղմնավորման փորձերը՝ 6 դաշտանային ցիկլի ընթացքում, և արտամարմնային բեղմնավորման 1 փորձ:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ չնայած 2020 թվականին մեկնարկած ծրագրի մինչ այս շահառուների խիստ սահմանափակ խմբի վրա էր տարածվում, ծրագրի շրջանակում արդեն իսկ 251 երեխա է ծնվել։