Երևանը մերժել է համագործակցության եռակողմ ձևաչափ ստեղծելու վերաբերյալ Բաքվի և Թբիլիսիի առաջարկը՝ հայտարարում է Ադրբեջանի նախագահը։ Հայաստանի արտգործնախարարը հերքում է՝ Հայաստանը հետաքրքրված է Հարավային Կովկասի երկրների միջև եռակողմ երկխոսությամբ, պատրաստ է հանդիպել նաև Թբիլիսիում․․․
բանակցությունների փակուղին
Հայ-ադրբեջանական բանակցությունները փակուղի են մտել, Դավոսում մեկնարկած տնտեսական ֆորումին երեկ հայտարարել է Իլհամ Ալիևը։
Ֆորումին Հայաստանը չէր մասնակցում։ Տարածաշրջանային տնտեսական նախագծերին նվիրված քննարկմանը ներկա էին Ադրբեջանի նախագահն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Քննարկման մոդերատորը հետաքրքրվել է հայ-ադրբեջանական հարաբերություններից՝ ի՞նչ է սպասվում, ինչպե՞ս է հնարավոր հասնել կայուն խաղաղության, ինչպիսի՞ն է իրավիճակը ներկա պահին։
«Մենք փակուղի ենք մտել, – արձագանքել է Ալիևը։ – Հայաստանը չի պատասխանել մեր առաջարկին՝ ստորագրել Խաղաղության պայմանագիրը, որը շատ պարզ է լինելու և հիմնվելու է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա»։
Երևանից հերքել են։ «Անկախ Լաչինի միջանցքում ադրբեջանական ապօրինի գործողություններից և մոսկովյան հանդիպման հետաձգումից՝ մենք ավելի քան մեկ ամիս առաջ ադրբեջանական կողմին ենք փոխանցել [խաղաղության] պայմանագրի նախագծի վերաբերյալ մեր նոր առաջարկները և դրանց հիմնավորումները, բայց դեռևս արձագանք չենք ստացել: Գնդակն այժմ Ադրբեջանի դաշտում է», – «Արմենպրեսի» հետ զրույցում այսօր հակադարձել է Հայաստանի արտգործնախարարը:
Օրեր առաջ Միրզոյանը նշել էր, որ Երևանը Բաքվին է փոխացնել մի քանի հիմնարար առաջարկներ, մասնավորապես՝ միջպետական սահմանի սահմանազատման չափորոշիչների հստակեցման, պետական սահմանից զինված ուժերի հեռացման և ապառազմականացված գոտու ստեղծման, ինչպես նաև՝ խաղաղության պայմանագրի երաշխավորների ինստիտուտի ձևավորման վերաբերյալ: «Հայկական կողմի բոլոր առաջարկները Ադրբեջանը մերժում է»։
Հաշվի առելով ադրբեջանական մոտեցումը՝ ԼՂ հարցը հարցը խաղաղության համաձայնագրից առանձին քննարկել, հայկական կողմն առաջարկել է նաև ստեղծել Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմ, ինչը Բաքուն ևս մերժում է։
տարածաշրջանային ֆորմատով
Դավոսի տնտեսական համաժողովին Հայաստանն այս տարի չէր մասնակցում։ Չէր մասնակցում նաև նախորդ տարի։ Հարավային Կովկասին նվիրված պանելի ժամանակ Եվրամիության վարչական և բյուջետային հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը նկատեց՝ «այստեղ ներկայացված են Հարավային Կովկասի պետություններից երկուսը, մենք չպետք է մոռանանք, որ տարածաշրջանն առնվազն երեք երկրներից է բաղկացած»։
Հանի այս հայտարարությանն արձագանքեց Ադրբեջանի նախագահը․ «Ինչո՞ւ Հայաստանը չկա։ Որովհետև Հայաստանը մերժել է համագործակցության եռակողմ ձևաչափ ստեղծելու վերաբերյալ մեր և Վրաստանի առաջարկը։ Ես բարձր եմ գնահատում իմ ընկեր Իրակլի Ղարիբաշվիլիի ջանքերը, որը կազմակերպել էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որին միացել է նաև վրացի պաշտոնակիցը։ Մենք առաջարկել ենք Վրաստանում նաև առաջնորդների մակարդակով հանդիպում կազմակերպել։ Պատմականորեն Վրաստանը միշտ եղել է այն տեղը, որտեղ հանդիպել են բոլոր հարևանները։ Բայց Հայաստանը դրան պատրաստ չէ»։
Վրաստանի վարչապետը հավելեց․ «Վրաստանը իրապես չեզոք, անկողմնակալ և օբյեկտիվ միջնորդ է։ Ինչպես նշեց նախագահ Իլհամ Ալիևը, եռակողմ հանդիպման կազմակերպումը բխում է նաև մեր շահերից, որովհետև այս տարածաշրջանը պատկանում է մեզ՝ Ադրբեջանին, Վրաստանին և Հայաստանին, և մենք իրապես կարող ենք այն վերածել խաղաղության, պրոգրեսի և կայությունյան տարածաշրջանի»։
Արդեն այսօր՝ պետական «Արմենպրես» գործակալության հետ զրույցում Հայաստանի արտգործնախարարը հավաստիացրել է՝ իրականում «Հայաստանը մեծ հետաքրքրություն ունի Հարավային Կովկասի երկրների միջև եռակողմ երկխոսության զարգացման հարցում»:
«Թբիլիսյան հնարավոր հարթակը մենք դիտարկում ենք հենց այս՝ տարածաշրջանային եռակողմ քննարկումների, ոչ թե` Հայաստան-Ադրբեջան երկկողմ հանդիպումների տիրույթում», – ասել է Միրզոյանը։
Այժմ, ըստ նրա, շրջանառվում է Հայաստանի ու Վրաստանի վարչապետերի և Ադրբեջանի նախագահի հանդիպման գաղափարը:
Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել և հիմա էլ պատրաստ է նման հանդիպմանը՝ նշել է նախարարը՝ հավելելով. «Այդպիսի հանդիպումն առանձնապես արդյունավետ և խոստումնալից չի թվում, երբ հնարավոր չի լինում համաձայնեցնել անգամ ատելության խոսքի և թշնամանքի վերացման վերաբերյալ հանձնառություն արտահայտող մի պարզագույն համատեղ հայտարարություն»: