Home / Ազգային ժողով / Որոշ բռնարարների շարժը Հայաստանում ֆիքսվելու է

Որոշ բռնարարների շարժը Հայաստանում ֆիքսվելու է

Ընտանեկան բռնության զոհերին առաջիկայում ազդարարման թվային սարքեր կտրամադրեն, բռնարարները ստիպված կլինեն կրել էլեկտրոնային թևնոց կամ ոտքի շղթա։

Մինչ այս ոստիկանության օրդերը, ըստ որի՝ բռնարարն իրավունք չուներ մոտենալու բռնության ենթարկված անձին, պարբերաբար խախտվում էր։ Այն, որ բռնարարը շարունակում է հետապնդել իրեն, պետք է ապացուցեր հենց բռնության զոհը։ Հայաստանցի պատգամավորները կարծում են, որ նոր կարգավորումը թույլ կտա արդյունավետորեն ապահովել մոտենալու արգելքի իրականացումը, կլինի, մի կողմից, ապացուցողական բազա, մյուս կողմից՝ ազդարարման հստակ մեխանիզմ։

Սա ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի լրացումներից մեկն է․ նախագիծը ներկայացվել է Կառավարության կողմից, մարտի 1-ին Ազգային ժողովն այն առաջին ընթերցմամբ ընդունվել է (ձայների 62 կողմ, 28` ձեռնպահ համամասնությամբ)։

Նախագիծը խորհրդարանում ներկայացնում էր ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը։ Օրենքի ընդունումից հետո նախարարությունը շուրջ 200 համապատասխան ձեռնաշղթա կգնի, ըստ Սարգսյանի՝ սա թույլ կտա, որ ընտանեկան բռնության կանխարգելման համակարգը Հայաստանում սկսի գործել այնպես, ինչպես գործում է ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Իսպանիայում և, օրինակ, հարևան Վրաստանում։

«Գործող օրենքով նախատեսված է ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության երկու հիմնական մեխանիզմ: Դրանցից մեկն անհետաձգելի միջամտության որոշումներն են, մյուսը` պաշտպանության միջոց կիրառելու որոշումները: Առաջին դեպքում ոստիկանության ծառայողի կողմից է համապատասխան որոշումը կայացվում, իսկ երկրորդ դեպքում պաշտպանության միջոցը կիրառում է դատարանը` հաշվի առնելով, որ այն երկարաժամկետ միջամտություն ենթադրող որոշում է», – պարզաբանել է փոխնախարարը։

Այս որոշումների իրագործումն ապահովելու համար «բռնարարի ու զոհի մոտ տեղադրվելու են էլեկտրոնային հսկողության սարքեր, որով իրար մոտենալու կամ այլ խախտումներ կատարելու պարագայում ահազանգ կլինի իրավասու մարմնի մոտ»:

Սարքերի համար շուրջ 560 մլն դրամ է հարկավոր։ Արդյոք սա շատ չէ բռնության հետևանքները վերացնելու համար՝ փոխնախարարից հետաքրքրվեցին ընդդիմադիր պատգամավորները։ Արփինե Սարգսյանը հակադարձեց՝ միայն անցած տարի իրավապահները ընտանեկան բռնության 1547 հաղորդում են ստացել, 1175 մարդ հաշվառվել է որպես բռնարար: Վիճակագրությունը միայն արձանագրված դեպքերին է վերաբերում (բռնության ենթարկվող կանանց զգալի մասը այդ մասին չի բարձրաձայնում):

«Այս դեպքերով 556-ով նախազգուշացում է արդեն իսկ կիրառվել բռնարարների նկատմամբ, 619 դեպքով անհետաձգելի միջամտության մասին որոշում է կայացվել, 6-ով՝ պաշտպանության միջոց է կիրառվել դատական կարգով», – հավելեց պաշտոնյան։

«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Նազարյանն էլ կարծիք հայտնեց, թե «ընտանեկան բռնության, միջհարևանային բռնության դեպքերի 90 տոկոսը կապված է թմրամոլության հետ»: Կասկածելի վիճակագրությունը պատգամավորը հիմնավորեց ոստիկանների հետ «առանձին զրույցներով»:

«2022 թվականի առաջին 7 ամիսների ընթացքում 4808 կին դիմել է օգնության, որոնցից ուղիղ կեսը ենթարկվել է բռնության։ Առավել տարածված են ծեծը և բռնությունը, Երևանը չհաշված, Շիրակում, Կոտայքում և Արմավիրում։ Սա է մեր իրականության պատկերը», – հավելեց Նազարյանը՝ առաջարկելով նախ պարզել պատճառները։

Սա գործող օրենքում լրացուցիչ փոփոխություն է՝ արձագանքեց փոխնախարարը․ այն հստակ նպատակ ունի՝ այնպես անել, որ բռնարարը գիտակցի՝ բռնության ենթարկվածին մոտենալ չի կարող։ Որպես հսկողության միջոց սա, ըստ պաշտոնյայի, բավականին արդյունավետ կարող է լինել։

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» տվյալներով՝ անցած տարի ընտանեկան բռնության հետևանքով առնվազն 16 կին է սպանվել։ Թիվը հիմնվում է ոստիկանական հաղորդումների և մամուլի հրապարակումների վրա։ Իրավապաշտպանները ընդգծում են՝ սա ողջ պատկերը չի արտացոլում, քանի որ ոչ բոլոր մահերն են հանրայնացվում կամ իդենտիֆիկացվում որպես ընտանեկան բռնության հետևանք։

Քննչական կոմիտեն 2022 թվականին ընտանեկան բռնության 960 գործ է քննել, դատարան է ուղարկվել միայն 9-ը։ Կոմիտեն սեռային պատկանելությամբ վիճակագրություն չունի։

տե՛ս՝ (2022-ի առաջին կիսամյակի դրությամբ)