ՊՆ նախկին շենքի բնակիչները նորից հավաքվել էին Կառավարության շենքի մոտ։ Արդեն 4 անգամ գրավոր կերպով դիմել են՝ հանդիպում կազմակերպելու համար, բայց որևէ արձագանք չեն ստացել։
Ինչու՞ էին որոշել հենց փետրվարի 16-ին իրենց դուրս հանել շենքից՝ բնակիչները չեն հասկանում։
«Ինքներդ էլ կարող եք համոզվել, որ շենքի վրա ոչ մի գործ չի արվել մինչև էս պահը, այսինքն մենք կարայինք էսօր դուրս գայինք՝ ավելի բարենպաստ ժամանակ», – ասում է ակցիայի մասնակիցներից մեկը։
Եթե Կառավարությունը անտեսի բնակիչների խնդիրները, մասնակիցերը խոստանում են անցնել բողոքն արտահայտելու ավելի արմատական ձևերի։
«30 տարվա մեջ Հայաստանում ոչ մի սոցիալական բնակարան չի սարքվել, 30 տարի օլիգարխատի շահերը պաշտպանվել ա միշտ, իսկ հասարակ ժողովորդի, քաղաքացու շահերը անտեսվել ու ոտնահարվել ա», – ասում է բնակիչներից մեկը։
ՊՆ նախկին շենքի բնակիչները նաև խնդրահարույց են համարում Հանրային հեռուստաընկերության անտարբերությունը այս թեմային։
«Խնդիր կա՝ Հանրայինը, որը մեր գումարներով ա, մեր տված հարկերով ա [աշխատում], մեր բոլորինս ա, հանրությանն ա պատկանում․․․ 30 օր ա մարդիկ նստած են նստացույցի ու սենց անտարբեր վիճակում են։ Եկել են իրանք, լուսաբանել են մի կտոր ոստիկանության տվածը՝ ինչպես միշտ էն կարծիքը, որը մենակ իշխանական ա, թող փոխեն անունը Հանրայինից դառնան իշխանական ալիք», – ասում է ակցիայի մասնակիցներից մեկը։
Մասնակիցները հայտարարում են, որ իրենց անվան տակ հավաքվող գումարներից տեղյակ չեն, սնունդի, հագուստի կամ փողի կարիք չունեն։ Կարիք ունեն միայն վրանի, որպեսզի կարողանան շարունակել իրենց նստացույցը։
Հիշեցնենք՝ ՊՆ նախկին շենքի բնակիչները նախորդ հինգշաբթի նույնպես բողոքի ակցիա էին անում Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում։ Մեկ ժամ հետո Կառավարությունից պատասխանել էին, որ իրենց իրավասությունների շրջանակներում չեն բնակիչների հարցերը։
Տես նաև՝
Չի՛ կարելի անընդհատ ոտնահարել ժողովրդին օլիգարխատի խաթր
Ոստիկանները ՊՆ նախկին շենքից դուրս են հանում բնակիչների իրերը
ՊՆ նախկին շենքի բնակիչները դեռ փողոցում են ապրում
Պետությունն ընդդեմ օջախների․ խոսում են ՊՆ նախկին շենքի բնակիչները
ՊՆ նախկին շենքում հակամարդկային օպերացիա է, լրագրողներին ներս չեն թողնում