ֆեմինիստ, փիլիսոփա, խարկովցի Իրինա Ժերեբկինայի գրառումներից*
ապրիլի 18
Էյֆորիայի շատ կարճ շրջանից հետո (հրաշալի էպոխան դարերի սահմանագծին, իսկ հետո՝ 1980-ականները և 1990-ականները), երբ թվում էր՝ կապիտալիզմը հաղթանակեց բոլոր հակասությունները, նրան մնացին միայն պատերազմն ու ֆաշիզմը, որոնց միջոցով կարող է դուրս գալ փակուղուց։ Բա՛յց։
Կապիտալիզմի օրոք տարբերությունները չեն դիֆերենցացվում՝ արտադրելով անկանխատեսելի նորույթներ (ինչպես ընտրողաբար և անպատասխանատու կերպով պնդում է տարբերության փիլիսոփայությունը), դրանք բևեռացվում են (եկամուտների, ունեցվածքի, կրթության, առողջության և այլ անհավասարությունները) այն աստիճանի, որ դառնում են հակասություններ։
Անկարող լինելով վերածվել պետության/կապիտալի ընդդիմության, դրանք ամրապնդվում են հետևյալ ինքնություններում՝ ազգայնական, ռասիստական, սեքսիստական։ Այս առումով հենց ստաբիլ ինքնություններն են ռուս-ուկրաինական պատերազմի կոնտեքստում սուբյեկտայնությունների արտադրության կայացած պայմանները։ Եվ, չմոռանանք, քաղաքական պայքարն ընդդեմ պատերազմի նույնպես կարող է պատերազմ ներառել, հետևաբար՝ անխուսափելիորեն առաջանում է միջոցների և նպատակների միջև ճեղքման երկընտրանքը։
Ստորև՝ լուսանկար։ Սիրելի ընկերներ, որքա՞ն շատ մարդ կա ձեր մեջ, որ ունի ագրեսոր-ռուսաստանցի կամ փախստական-ուկրաինացի մի ծանոթ, որը չի երազում այսպիսի տան մասին․
ապիլի 15
«Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև հակամարտությունը, որը ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնն է, ընթանում է ոչ թե դեմոկրատիայի և ավտոկրատիայի, այլ տնտեսական օլիգարխիաների միջև, որոնք շատ առումներով նման են միմյանց՝ ինչպես, օրինակ, երկու օլիգարխ-ռանտյեները»(Մաուրիսիո Լազարատո)
ապրիլի 14
Ռուս-ուկրաինական պատերազմի բոլոր լիբերալ մեդիա-վերլուծաբանները երկու կողմից էլ միաձայն համարում են, որ եթե ոչնչացվի Պուտինը և այսպես կոչված «ռուսական բարձր գրականությունը», որը մեկնաբանվում է որպես պուտինյան ռեժիմի հիմքում ընկած, ապա ռուսական կայսրությունը կփլուզվի և կհաստատվի առանց պատերազմների աշխարհ։ Ի՞նչը նրանք հաշվի չեն առնում։
Այն, որ կապիտալիզմի ողջ պատմությունը՝ սկսած ծագման պահից, հիմնվում է պատերազմների բազմաքանակության վրա՝ դասակարգերի միջև, ռասաների միջև, սեռերի միջև պատերազմներ, սուբյեկտայնությունների պատերազմ, քաղաքակրթությունների պատերազմ և այլն։ Այսօր հարկավոր է խոսել պատերազմՆԵՐի, ոչ թե պատերազմի մասին։ Զինվորականները ընդամենը արտադրողներ/մանր ձեռներեցներ են, որոնք ծառայում են պետությանը, ուստի՝ չեն բաժանվում հերոսներ/ոչ-հերոսներ չափանիշով։ Նրանք ավելի շուտ ինտերնացիոնալ աշխատավորներ և գյուղացիներ են, որոնց վերածում են այս կամ այն տիպի ազգային զինվորների։
Ինձ թվում է, որ այդ պատերազմները միայն առերևույթ են «պատերազմներ բնակչության միջև», իսկ իրականում դրանք ընթանում են որպես ժամանակակից կապիտալի պատերազմներ = հանուն սեփական բարեկեցության՝ սեփական բնակչության օգտագործման միջոցով, երբ բնակչությունը վերածվում է ընդամենը զենքի մարտի դաշտում։
Գաղութային պատերազմը երբեք պատերազմ չէ պետությունների միջև, այլ իր էությամբ՝ պատերազմ է բնակչության մեջ և բնակչության դեմ, որում երբեք տարբերություն չի դրվում կռվողների ու չկռվողների և անգամ բանակների միջև, որոնք դժվար է նույնիսկ բանակ անվանել։ Ավելի ճիշտ կլինի ասել, ինձ թվում է, որ սրանք Կապիտալի պատերազմներն են ոչ այնքան ուրիշի, բայց սեփական բնակչության դեմ։
Կարո՞ղ է արդյոք բնակչությունը հասկանալ ուրիշի բարեկեցության համար այս խորամանկ պատերազմները, որոնցում նրան աճպարարորեն ներքաշում են տարբեր՝ արդյունավետ և տարատեսակ բնակչությունների համար մաքսիմալ արդյունավետ կիրռաված հռետորաբանությունների միջոցով։ Իմ պատասխանն է՝ կարո՛ղ է, երբ բանը հասնի «ներքևները չեն ուզում» մակարդակին։
Այդ ժամանակ Կապիտալը չի կարող խուսափել հեղափոխությունից։ Եվ դա վերջ է տալու ո՛չ միայն Պուտինին և նրա շրջապատին․ ներքևների ինտերնացիոնալիզմը միշտ հաղթում է Կապիտալի նարցիսիզմին/նացիոնալիզմին։
ապրիլի 13
Ինչո՞ւ է Ռուսաստանում պուտինյան ռեժիմին ընդդիմանալն այլևս անհնար։
Որովհետև Պուտինին հաջողվեց հասնել գրեթե անհնարինի։ Ավելի կոնկրետ՝ նրան, որ ռուս-ուկրաինական պատերազմը ոչ թե ընտանիքների պատերազմ է ընդդեմ ընտանիքների, այլ ժողովուրդների՝ ընդդեմ ժողովուրդների, հետևաբար ատելությունն ինքնին դառնում է անտարբեր՝ ազատ ցանկացած անձնավորումից։
Այլ կերպ ասած, սա իրավիճակ է, երբ ցանկացած եզակի բան ենթարկվում է մահվան վտանգի։ Արդյունքում հետժամանակակից քաղաքականը վերածվում է (եթե օգտագործել Դերիդայի արտահայտություններից մեկը) լայն բացված բերանի, որը ի վիճակի չէ խոսել քաղաքականության մասին առանց բղավելու, առանց իր սովի և ցավի մասին գոռալու, մի շնչով կուլ տալով տեսանելի պարզ տարբերությունների բոլոր երաշխիքները, արդյունքում մնալով «անձայն»։ Այս «անձայնությանը» առերեսվելու համար բավական է լսել ցանկացած տիպի «լուրեր»։
Իր ռազմավարություններում Պուտինը, կարելի է ասել, կրկնում է Բիսմարկի քաղաքական ստրատեգիաները այնքանով, որ բռի մեջ է առել «խորքային ժողովրդին» և ուղղել թշնամու դեմ։ Եվ իրոք՝ 1812-1813 թվականներին պրուսական էլիտար սպաները բոլոր միջոցներով փորձում էին մոբիլիզացնել ժողովրդական ուժերը՝ անբարյացկամ Նապոլեոնին (որի գաղափարախոսությունը կրքոտ կիսում էր ատաղձագործի որդի Ժուլյեն Սորելը Ստենդալի «Կարմիրն ու սևը» գրքում)։
ապրիլի 11
Հանրահայտ
Ժամանակակից քաղաքականությունների գայթակղություններից մեկը ազգայնականության քաղաքականությունն է, որը հիմնվում է պակասի և արդյունավետության խաղի վրա։ Այդ դիալեկտիկայի վերլուծությանն են նվիրված Ժիժեկի գործերը․ նա դիմում է ազգայնականությանը՝ որպես ազգային միասնության ձևավորման կոնցեպտին, որը հիմնվում է պակասի հասկացության և հաճույքի պրակտիկաների վրա, երբ հաճույքը (Ժիժեկը սա Ժակ-Ալան Միլլերից է փոխառել) գործում է «գողացված հաճույքի» սխեմայով։ Ժիժեկը համարում է, որ «հաճույքի գողության» էֆեկտով է պայմանավորված ազգային երևակայության տրամաբանությունը․ ազգային երևակայության սուբյեկտի վարկածով, հաճույքը ոչ թե կորուսյալ է (հենց սուբյեկտի մեղքով), այլ գողացված (սուբյեկտին այդ հաճույքից զրկել է մեկ ուրիշը)։ Ազգայնականության երևակայության մեջ դա էթնիկ ուրիշն է։
մարտի 25, 2023
Ովքե՞ր են քննադատական ինտելեկտուալները
Ամուսինս պարզաբանեց՝ մեր նախկին հարևանները վերևի հարկերից, ամեն դեպքում, օլիգարխներ չեն, այլ՝ խոշոր ձեռներեցներ։ Շքամուտքում հիմա մնացել են միայն նրանք, ովքեր Խարկովից գնալու համար փող չունեն։ Չնայած այս մարտը, խարկովյան մեր հարևանների խոսքերով, այնքան վախենալու չէ, որքան անցյալ տարվանն էր։ Քաղաքն արևոտ է, բայց մետրոյի գնացքներն աշխատում են մինչև 20 րոպեանոց ինտերվալներով՝ ասում էր մեր սիրելի Միշան։ Գուցե արևը քաղաքում օկուպացիայի դադարեցման շուրջ բանակցությունների հո՞ւյսն է։
Irina Zherebkina
մարտի 25, 2018թ․
Մեր շքամուտքում համատարած շինարարություն է․ նախկին օլիգարխները տեղափոխվել են դիմացի այգու քոթեջներ, իսկ նորերը գնված բնակարաններից (իմ տպավորությամբ) դղյակներ են կառուցում։ Եվ ահա՝ մեզ մոտ է գալիս շինարարներից մեկը, որը կողքից գործ է փնտրում։ «Փող չունենք ոչ մի տեսակի վերանորոգման համար», – անկեղծ ասում է ամուսինս։ «Իսկ խողովակնե՞րը։ Վարդակնե՞րը։ Լարե՞րը», – դռան մոտից լսում եմ նրանց խոսակցությունը։ «Չէ, չէ», – դատելով տոնից՝ արդեն վախենում է ամուսինս։ «Խղճացեք, – պնդում է եկածը․ – Ես ինտելեկտուալ եմ»։ «Քննադատակա՞ն», – դասից հետո արդեն ավտոմատի վրա հարցնում է ամուսինս։ «Իհարկե՛», – վստահ պատասխանում է շինարարը։ «Ինչո՞ւ», – ամուսինս արդեն անկեղծորեն է հետաքրքրվում։ «Որովհետև ես գլխով եմ աշխատում, իսկ նրանք ուղղակի պատեր են քանդում», – ձևակերպում է երիտասարդը, չնայած որ հեռանում է դատարկ ձեռքով։
մարտի 12, 2022
Վերջին շրջանում գնալով ավելի հաճախ եմ հանդիպում գրառումներ մարդկանցից, որոնք հասցրել են լքել Ուկրաինան և հաղորդում են, որ գտնվում են օրհնյալ Եվրոպայի տարբեր անվտանգ երկրներում։ Նրանք ուզում են օգնել իրենց երկրին և որպես աջակցություն հայտարարում են, որ այսուհետ բառ անգամ չեն ասի ռուսերեն լեզվով, նույնիսկ եթե ռուսերենը ժամանակին եղել է իրենց mother tongue-ն։
Ես, իմ հերթին, չեմ կարող չնշել, որ Խարկովում հիմա՝ լեզվական անվերահսկելիության այս իրավիճակում, սուպերմարկետների գանձապահները և դեղատների աշխատակիցները նորից զանգվածաբար սկսել են խոսել ռուսերեն։ Եվ կամավորները, որոնք օգնության են շտապում ռմբակոծված, ապակիները ջարդուփշուր եղած մեքենաներով, խոսում են հիմնականում ռուսերեն։ Նույնիսկ ռազմական հրահանգներն ու հրամանները, որոնք ես ամեն օր լսում եմ մեր պատուհանների տակից, հնչում են ռուսերենով (հուսամ՝ ռազմական գաղտնիք չեմ բացահայտում)։
Մտածում եմ՝ մի հրաշալի օր այս սարսափելի պատերազմը կավարտվի, և մեր հայրենասերները, որոնք փրկվել են արտերկրում, կվերադառնան տուն։ Ո՜նց են բոլոր այս գանձապահների և կամավորների «հախներից» գալու, որ ամբողջ այս ընթացքում այստեղ խոսել են «թշնամու լեզվով»։
մեկնաբանություններից․
O.K. Այն, որ լեզուն համարում են ազգության ցուցիչ, ինձ առհասարակ ինչ-որ թյուրիմացություն է թվում։
I.Z. Դե, այդ մասին արդեն շատ է գրվել։ Իսկ իմ անձնական փորձը Քիշնևում անձնագիր ստանալիս կամայականորեն ընտրված «ուկրաինացի» ազգությունն է, չնայած ուկրաինական արմանտներ չունեմ, այսինքն՝ ունեմ հայրական կողմից մեկ քառորդով․ ժամանակին, շատ վաղուց, մանրակալվածք գերմանացի ուզուրպատորը Կիևի մերձակայքում ամուսնացել է ուկրաինացի սպասավորուհու հետ։ <․․․>
<․․․> R.S. Ամենակարևորն այն է, Իրինա, որ մինչ այդ ձեզ մոտ չհասնեն այդ լեզվի կրողները, որոնք եկել են Մոսկվայի մերձակայքերից։ Չէ որ ձեր ընկեր A.M.-ն դա էլ կմարսի՝ առանց աչք թարթելու, ինչպես ’14 թվականին, երբ մաղում էր այն ուսանողներին, որոնք ուզում էին գրել այս պատերազմի մասին։ Եվ ’15 թվականին, երբ կանչում էր նրանց, ում ընդունել է, մասնակցել կոնֆերանսի բռնազավթված Սևաստոպոլում։ Զարմանալի է տեսնել, որ ձեր меньшовартість-ը (թերարժեքությունը) վերապրեց նույնիսկ ռուսական ռմբակոծությունները։ Ֆաշիզմը միշտ ուրիշներն են, չէ՞։ Չէ որ այն ժամանակ դուք արդարացնում էիք Մագունին։ Իսկ հիմա Դուդ’ եք նայում։ Այս պատերազմի միակ դրական բանն ինձ համար այն է, որ ձեր ընկերոջ պես մարդիկ՝ մաքրուհիներ ունեցող ձախերը, ի հայտ եկան այնպիսին, ինչպիսին որ կան։
I.Z. ձեր տրավման, խնդրում եմ, հասցեագրեք Արտեմիին, եթե այդքան մոտիկից ծանոթ եք նրան։ Անձամբ ես Արտեմին ճանաչում եմ բացառապես նրա գրքերով, որոնք իսկապես հրաշալին են 😊
* Պատերազմի օրագիրը ռուս-ուկրաինական զինված հակամարտության վավերագրությունն է, որը հրապարակվել է ֆեմինիստ, փիլիսոփա, «Գենդերային հետազոտություններ» ամսագրի գլխավոր խմբագիր, խարկովցի Իրինա Ժերեբկինայի ֆեյսբուքյան էջում։ Օրագրի առաջին մասը՝ ռուսական ներխուժման առաջին օրերի կոլեկտիվ վավերագրության թարգմանությունը, Epress.am-ը հրապարակել է ապրիլի սկզբին՝ հեղինակի ընդարձակ հետգրությամբ։ Այս գրառումները շարքի շարունակությունն են։