Երևանում նախօրեին բերման էին ենթարկել վոլգորադցի դեռահաս Յարոսլավ Ինոզեմցևին, որին Ռուսաստանում մեղադրում են դպրոցի վրա հարձակում նախապատրաստելու մեջ։ Հայաստանցի իրավապահները նրան հարցաքննել են, տարել ՁՊՎ, ապա՝ բաց թողել և ուղարկել տուն։
Չնայած ռուսական մամուլը գրում է արտահանձման հավանականության մասին, Epress.am-ի հետ զրույցում գործով զբաղվող տեղացի իրավապաշտպանները հավաստիացնում են՝ նման գործընթաց չկա, Հայաստանի Արդարդատության նախարարությունը ուսումնասիրել է նյութերը և որոշել, որ արտահանձնման հիմքերը բացակայում են։
Ի՞նչ է եղել Երևանում
Անցյալ տարվա հուլիսին ռուսական դատարանը դեռահաս տղային մեղավոր է ճանաչել ահաբեկչական գործողություն նախապատրաստելու, ապօրինաբար պայթուցիկ նյութեր պահելու, պայթուցիկ սարքեր պատրաստելու համար։ Որպես պատիժ դատարանը նրան հարկադիր հոգեկան բուժում է նշանակել։
3 տարի տևող դատական գործընթացը ավարտվել է վերաքննիչ վճռով, որից անմիջապես հետո՝ 2023-ի մարտին, արդեն 17-ամյա Յարոսլավը և նրա մայրը փախել են Ռուսաստանից։ Ռուսական ՆԳՆ-ն տղայի նկատմամբ հետախուզում է հայտարարել։
Ինոզեմցևը մոր՝ Յուլյա Բոչարովայի հետ ժամանակավորապես հաստատվել է Հայաստանում։ Այստեղ նրանք հումանիտար վիզայի էին սպասում՝ Եվրոպա տեղափոխվելու և այնտեղ քաղապաստան հայցելու համար։
«Առավոտյան արթնացա, եկավ հայկական ոստիկանությունը, ասացին, որ ես միջազգային հետախուզման մեջ եմ։ Հետո երկար ինչ-որ բաներ էին պարզում, ես, իհարկե, ահավոր վախեցել էի։ Իմացա, որ էս ամեն ինչը հայրս է սարքել, որովհետև իրենք մամայի հետ վատ հարաբերությունների մեջ են և նա ամեն կերպ փորձում է այնպես անել, որ մաման վերադառնա Ռուսաստան։ Հետո ինձ տարան հարցաքննության և ուղարկեցին ՁՊՎ, որտեղից էլ բաց թողեցին», – Լատվիայից հեռարձակվող Дождь հեռուստաընկերությանը պատնել է 17-ամյա տղան։
Նույն հեռուստաընկերության հետ զրույցում Յուլյա Բոչարովան պատմել է, որ նախկին ամուսինը, որի հետ 2019 թվականին են բաժանվել, հետապնդում է իրենց։ Սպառնում է, որ եթե կինը հոժարակամ չվերադառնա իր մոտ, նա կստիպի դա անել։ Տղամարդը սկսել է համագործակցել Ռուսաստանի ԱԴԾ-ի (ФСБ) հետ, այն մասին, որ ընտանիքը Երևանում է գտնվում, հենց նա է իմացել և մատնել ուժայիններին։ Կինը ասում է, որ սա հաստատել են նաև Երևանի ոստիկանությունում։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (ՀՔԱՎ) փաստաբան Սամսոն Գալսյանը երեկ առավոտյան է ներգրավվել գործում, մասնակցել է ձերբակալման ամբողջ գործընթացին։ ՀՔԱՎ-ից ավելի ուշ գրություններ են ուղարկել Հայաստանի դատախազությանը, արդարադատության և ներքին գործերի նախարարություններ։ Ներկայացվել են նաև արտահանձնումը բացառող հիմքերը։ Պաշտոնական (գրավոր) պատասխաններ դեռևս չկան։
«Այսօր առավոտյան Մաշտոցի բաժնից բանավոր տեղեկացանք, որ «Արդարադատության նախարարությունը ուսումնասիրել է Յարոսլավ Ինոզեմցևի գործը և որոշել, որ արտահանձնման հիմքերը բացակայում են»։ Հենց այս հիմքով էլ երիտասարդը ձերբակալվելուց ժամեր անց [երեկ] ազատ է արձակվել», – Epress.am-ին պատմել է ՀՔԱՎ-ի իրավաբանական բաժնի համակարգող Անի Չատինյանը։
Ըստ նրա, եթե հայաստանյան իշխանությունները այլ որոշում կայացնեին, լուրջ խնդիրներ կարող էին ունենալ՝ հաշվի առնելով գործի բնույթը, տղային Ռուսաստանում սպառնացող վտանգները, նրա տարիքը և այլն։
Յարոսլավն ու նրա մայրը երեկ դիմել են նաև միգրացիոն ծառայություն՝ Հայաստանում քաղաքական ապաստան ստանալու հայցով։
Ի՞նչ է եղել Ռուսաստանում
Յարոսլավ Ինոզեմցևին Ռուսաստանում մեղադրում են ահաբեկչական գործողություն նախապատրաստելու մեջ։
Գործը արդեն երեք տարի է տևում․ դեռահասը ընդհանուր առմամբ ավելի քան մեկ տարի ձերբակալված է եղել, ևս 5 ամիս ենթարկվել է հարկադիր «հոգեկան բուժման», մնացած ժամկետը տնային կալանքի կամ տարբերակ սահմանափակումների տակ է անցկացրել։
Այս ընթացքում շարունակել է ուսումը․ «Սովորում էի, զուգահեռ՝ փորձում բացատրել դատարանին, որ ես սովորական դեռահաս եմ, ոչ թե ահաբեկիչ»։
Նախքան կալանավորումը տղան փանկ երաժշտությամբ և հրագործությամբ էր հետաքրքրվում։
«Յարոսլավը 12 տարեկանից սկսած հակակառավարական, հակապուտինյան գրառումներ էր անում Вконтакте-ում։ Նրան սկսել էին հետևել։ Նաև դպրոցում էր փորձում իր քաղաքացիական դիրքորոշումը պաշտպանել, բողոքում էր դպրոցական համազգեստի դեմ, ինչ-որ դեռահասական բաներ էր անում։ Երբ քովիդ էր, սահմանափակումներ էին գործում, դպրոց չէր գնում, տանն էին մնում, երեխեքի հետ ինչ-որ ինքնաշեն ճայթուկներ (петарда) էին սարքում և պայթեցնում ձորակում։
Հետո մեր տուն եկան ԱԴԾ (ФСБ) ծառայողները, մեղադրեցին նրան, դե քանի որ դպրոցական է՝ որոշեցին, որ ուզում է դպորցը պայթեցնել։ Դա հունիս ամիսն էր՝ դպրոց չկար, նա դասի չէր էլ գնում, տնային ուսուցման էր, դպրոցում կոնֆլիկներ չուներ։
Հետո իրենք փորձաքննության ենթարկեցին առգրավված ինքնաշեն ճայթուկը, պարզվեց, որ այն կարող է միայն փայտե արկղ պայթեցնել։ Այսինքն՝ դպրոցը պայթեցնելու համար սա բավարար էլ չէր, ուստի՝ իրանք որոշեցին տղայիս անմեղսունակ ճանաչել և, արդեն ճանաչելուց հետո, նոր հոդված մեղսագրեցին՝ պետական իշխանությունը ապակայունացնելու նպատակով ահաբեկչական գործողություն նախապատրաստելը», – պատմել է Յարոսլավի մայրը։
Յարոսլավը դատարանում, 2021 թվական, աղբյուրը՝ Նովայա Գազետա
2020-ի հունիսին այն ժամանակ 14-ամյա տղային կալանավորել են։ Մեկ տարի անց գործը փոխանցվել է դատարան, դատարանը նյութերում բազմաթիվ խախտումներ է գտել և վերադարձրել այն նոր ուսումնասիրության։ Տղային ազատ են արձակել և տեղափոխել տնային կալանքի։
2021-ին աշնանը նրան կրկին տարել են կալանավայր՝ հիմնվելով հնացած փորձաքննության վրա և անտեսելով հոգեբուժարանի ավելի ուշ կայացրած եզրակացությունը, ըստ որի՝ դեռահասի մոտ սոցիալապես վտանգավոր միտումներ չեն նկատվել։ Քիչ անց հարկադրաբար տեղափոխել են հոգեբուժարան, ամիսներ անց էլ՝ բաց թողել։
Յարոսլավը և նրա մայրը դատարանում, 2023 թվական
2022-ի հուլիսին Դոնի Ռոստովի դատարանը արդեն 16-ամյա տղային մեղավոր է ճանաչել և դատապարտել հարկադիր հոբեկան բուժման։ 2023-ին Վերաքննիչը մերժել է պաշտպանության կողմի բողոքը։ Վճռից հետո տղան և նրա մայրը փախել են Հայաստան։