Վերջերս Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել էր, թե իրենք հստակ տեղեկություններ ունեն, որ Արևմուտքը հայերին ուղերձ է հղում՝ «եկեք մեզ մոտ, քշեք ձեր տարածքից ռուսներին, այդ թվում՝ սահմանապահներին, հանեք ռազմական բազան, և ամերիկացիները կօգնեն ձեզ ապահովել անվտանգությունը»։ Այսօրվա ասուլիսն Շանթ հեռուստաընկերության լրագրողը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Երևանը նման ազդակներ ստացե՞լ է։
Նույն ելույթի ժամանակ Սերգեյ Լավրովի խոսել էր նաև Հայաստանում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին՝ եթե այն արդեն գործեր, տարածաշրջանային իրավիճակը ավելի շահեկան կլիներ։ Այս համատեքստում Հայաստանի վարչապետին հիշեցրեցին նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջին մեկնաբանությունների մասին։
Փաշինյանի պատասխանը՝ ստորև․
— Ես չգիտեմ՝ [Ռուսաստանի արտգործնախարարից] ձեր մեջբերումը որքանով է ճշգրիտ, բայց հիմնվելով դրա վրա, կասեմ հետևյալը՝ ՀԱՊԿ առաքելությունը Հայաստանի տարածքում չի գործում մի պարզ պատճառով՝ ՀԱՊԿ-ը ըստ էության չի մատնանշում, թե որն է իր պատկերացրած Հայաստանի Հանրապետության տարածքը։ Ֆունդամենտալ պրոբլեմը սա է։ Երբ ՀԱՊԿ-ը սա հստակ ընդգծի, պրոբլեմների 90 տոկոսը կվերանա։
․․․Մենք Արևմուտքից Ռուսաստանին, ինչպես դուք ասացիք, «քշելու» կամ «դուրս մղելու» որևէ ազդակ չենք ստացել և չենք ստանում։ Եվ ես չեմ կարծում, թե այդպիսի ազդակ երբևէ կլինի։ Ազդակները կարող են լինել երկկողմ հարաբերությունների զարգացման կամ ընթացքի մասին, և սա վերաբերում է այդ թվում նաև Ռուսաստանին։
Մենք մեր երկկողմ հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ շատ թափանցիկ ենք քննարկում։ Որևէ մութ կետ այդ խոսակցություններում չկա՝ մեր մտահոգությունների մասով, որոնք ունենք ՌԴ-ի և մեր հարաբերություններում առկա իրադրության վերաբերյալ։
Օրինակ, Լաչինի միջանցքում ստեղծված իրադրությունը։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, Լաչինի միջանցքը վերահսկողության տակ պահելը Ռուսաստանի պարտավորությունն է։ Հայաստանը եռակողմ հայտարարությունը ստորագրել է։ Եվ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը Ադրբեջանի կողմից այդ պարտավորության խախտում է։ Ռուսաստանը պետք է պահի, պետք է պահեր այդ միջանցքը իր վերահսկողության ներքո։
Մենք նախկինում էլ ենք խոսել՝ աշխատանքային մակարդակում և հրապարակավ, Խծաբերդից մինչև Փառուխ տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Ի վերջո, եռակողմ հայտարարությամբ արձանագրվել է շփման գիծ հասկացությունը և շփման գծից ներս ՌԴ խաղաղապահ ուժերի պարտավորությունները։ Մենք քաջալերել ենք և ինչով կարողացել՝ օգնել ենք, որ այդ պարտավորությունները լիարժեք կատարվեն։
Ես չէի ուզի, որ Արևմուտքը կամ Արևմուտքից արված ենթադրյալ հայտարարությունները դառնային ՌԴ-ի և մեր հարաբերություններում կարևորագույն կամ առանցքային գործոն։ Մեր հարաբերությունների ամենակարևոր գործոնը մե՛ր հարաբերություններն են՝ այն փոխադարձ պարտավորությունները, որ մենք ունենք իրար նկատմամբ։ Որքանո՞վ են այդ պարտավորությունները կատարվում։ Ես չեմ կարծում, որ Արևմուտքը որևէ մեկի ձեռքը բռնել է և թույլ չի տալիս, որ այդ պարտավորությունները կատարվեն։ Ամենատարբեր ոլորտներում՝ անվտանգային, ռազմատեխնիկական [Երևանը մինչ այս հայտարարել էր, որ զենք է գնել Ռուսաստանից, և չնայած վաղուց վճարել է դրա դիմաց՝ զենքը առ այսօր չի մատակարարվել – խմբ․] հարաբերությունների ոլորտում, ԼՂ-ում խաղաղապահ ուժերի գործունեության հետ կապված։
2021 թվականին, եթե չեմ սխալվում, ՌԴ խաղաղապահի ներկայությամբ դիպուկահարից գյուղատնտեսական աշխատանքներ իրականացվող տրակտորիստ էր սպանվել։ Գուցե նախկինում բարձրաձայն չենք ասել, բայց մենք կարծում ենք՝ դրան ՌԴ արձագանքը պատշաճ չի եղել։ Ընդ որում՝ այդ մարդուն, որքան ես եմ տեղեկացված, հենց խաղաղապահներն էին ասել՝ խնդիր չկա, բարձրացի, քո աշխատանքը արա, մենք այստեղ ենք։ Կես ժամից այդ մարդը սպանվել էր։ Ի՞նչ կապ ունի այստեղ Արևմուտքը։ Խծաբերդի իրադարձությունները․․․ այսօր մեր գերեվարված հայերնակիցների 90 տոկոսը գերեվարվել է ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայումից հետո և նրանց պատասխանատվության գոտում։ Արևմուտքը ի՞նչ կապ ունի այստեղ։
Կարելի է երկար խոսել։ Բայց ամփոփելով՝ ասեմ․ Հայաստանի և Եվրամիության, Հայաստանի և Միացյալ նահանգների հարաբերությունների օրակարգում Ռուսաստանի Դաշնությանը Հայաստանից դուրս մղելու օրակարգ չկա՛, նման բան գոյություն չունի։
Այլ հարց, որ մենք մեր արևմտյան գործընկերների հետ սկսել ենք քննարկել նաև անվտանգային ոլորտին վերաբերող հարցեր։ Նախկինում մենք նման հարցեր, չգիտեմ՝ ճիշտ էինք անում, թե սխալ, բայց ընդհանրապես չէինք քննարկում։ Որովհետև համարում էինք, որ տարածաշրջանում կա անվտանգային ճարտարապետություն, որը առնվազն դե յուրե հատվածով պետք է լինի հուսալի և անխոցելի։ Երբ որ տեսնում ենք, որ այն չի գործում այնպես, ինչպես ձևակերպված է իրավական պարտադիր ուժ ունեցող փաստաթղթերում, մենք արևմտյան և ո՛չ միայն արևմտյան մեր գործընկերների հետ անվտանգային օրակարգի հարցեր նույնպես քննարկում ենք։