Մեղրիի Վարդանիձոր բնակավայրում «Լիճքվազ» ՓԲԸ-ն նախատեսում է լեռնահարստացման նոր ֆաբրիկա կառուցել։ Չնայած 2017-ին տրված փորձաքննական եզրակացությամբ հանքաքարի վերամշակման և կուտակման աշխատանքներն այստեղ բացառվում էին, ընկերությունը նոր գործընթաց է նախաձեռնել, որը հաջողությամբ մոտենում է ավարտական փուլին։ Հունիսի 28-ին համայնքում տեղի ունեցավ թվով 4-րդ հանրային քննարկումը։ Մասնակիցները խոսեցին շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին։
Հանրային քննարկմանը ներկա էին Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը, ՇՄ նախարարության ՇՄԱԳ փորձաքննական կենտրոնի գլխավոր մասնագետ Հովիկ Մեսրոպյանը, «Լիճքվազ» ՓԲԸ-ի ներկայացուցիչներն ու համայնքի բնակիչները։
Երբ շրջակա միջավայրի նախարարության էջում հրապարակվեց 4-դ հանրային քննարկման մասին հայտարարությունը, «ԷկոԼուրը» հրապարակեց 2017-ի հունիսի 29-ին «Լիճքվազ» ՓԲԸ-ին տրված՝ «Լիճքվազ-թեյի ոսկու հանքավայրի շահագործման» աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն» փորձաքննական 29.06.2017թ. ԲՓ 60 եզրակացությունը, որում նշված է, որ տվյալ տարածքում հանքաքարի վերամշակման (ֆաբրիկա, պոչամբար և այլն) և կուտակման աշխատանքների իրականացումը բացառվում է:
Հանրային քննարկման ժամանակ այս մասին հիշեցրեց նաև մասնակիցներից մեկը։ Ընկերության ներկայացուցիչը պատասխանեց, թե այս եզրակացությունը ժամանակին տվել են հանքավայրի շահագործման համար, որ «հանկարծ առանց փորձաքննություն անցնելու այնտեղ ֆաբրիկա չկառուցվի»։ Բայց քանի որ ընկերությունը որոշել է, որ ֆաբրիկայի կառուցումը անհրաժեշտություն է, իրենք նոր գործընթաց են սկսել, որը արդեն հասել է չորրոդ փուլին։
«Քաղաքացու ձայն» տեղեկատվական հարթակը հիշեցրել է՝ Լիճքվազ-Թեյի ստորգետնյա հանքից տարեկան արդյունահանված 150 հազ․տ հանքաքարը վերամշակման համար տեղափոխվում է «Չաարատ Կապան» ՓԲԸ (Կապանի կոմբինատի) հարստացման ֆաբրիկա, որը հանքից մոտ 70 կմ հեռավորության վրա է գտնվում: Ըստ ընկերության ներկայացրած նախագծի, հանքի արտադրողականությունը տարեկան 300 հազ․տ է կազմում, բայց Կապանի հարստացուցիչ ֆաբրիկան կարողանում է ընդունել միայն կեսը՝ 150 հազ․տ։
տե՛ս Գործադուլը Կապանում շարունակվում է․ տնտեսում են հանքափորների առողջության հաշվին
Հանրային քննարկման մասնակիցների մի մասը կարևոր էր համայնքում նոր աշխատատեղերի ստեղծման հեռանկարը, որոշները անհանգստացած էին՝ տարածքում ռադիացիան է բարձրանալու, աղմուկն է շատանալու, ոռոգման սեզոնին ջրի պակաս կլինի։ Մեղրի գետի ջուրն առանց այն էլ չի հերիքում՝ երաշտը մի կողմից, գործող ֆաբրիկաներն էլ մի կողմից։
Ընկերության ներկայացուցիչները հավաստիացրեցին, թե ջրառը իրականացնելու են 1 լիտր/վայրկյան չափով, մասնակիցներից մեկը հիշեցրեց՝ ժամանակ է լինում, որ գյուղացին «1 լիտր/վայրկյան ջրին կակա է ասում»․ «Գիշերները չենք կարողանում քնել, որ կարողանանք այգիները ոռոգել, իսկ դուք ասում եք՝ մեր ջրառը ձեզ չի վնասի»։
Հանրային քննարկումը, ամեն դեպքում, համարեցին կայացած։ Որոշումն արդեն լիազոր մարմնի ձեռքում է։
Մանրամասն՝ տեսանյութում․