Home / ԼԳԲՏ+ / Երկրում, որտեղ մենք հոմոֆոբիայի ու հանդուրժողականության խնդիր ունենք, քվիր մարդկանց մեծամասնությունը չի էլ կարող բաց լինել

Երկրում, որտեղ մենք հոմոֆոբիայի ու հանդուրժողականության խնդիր ունենք, քվիր մարդկանց մեծամասնությունը չի էլ կարող բաց լինել

Այս շարքը ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ ուսանողների մասին է, որոնք սովորում են Հայաստանի տարբեր բուհերում՝ հաճախ խտրականացվելով դասախոսների, ուսանողների կողմից։ Ոմանք հաղթահարում են միջավայրի ճնշումը և սեփական օրինակով փորձում են կարծրատիպեր կոտրել։ Ոմանք էլ շարունակում են գաղտնի պահել իրենց ինքնությունը, հեռանում են ընտանիքից, ընկերներից և «ապահով միջավայր» փնտրում բուհից դուրս։

«Եվրոպայում մարդիկ իրենց գենդերային ինքնության գիտակցումից հետո կարող են ազատ խոսել այդ մասին, բաց լինել, մենք այդ հնարավորությունը չունենք, դա մեր ճակատագիրն է: Եթե գիտակցում ենք, որ քվիր ենք, հաջորդ քայլը կրկնակի կյանք վարել սկսելն է»։

Արամն ու Անին առաջին անգամ  ընդունելության քննության ժամանակ հանդիպեցին՝ առաջինն իրար հետ սկսեցին զրուցել։ Բուհ ընդունվելուց հետո կապն ավելի ամրացավ, լավ ընկերներ դարձան, իսկ ընկերությունը` բուհով չսահմանափակվեց…

«Միմյանց սեռական կողմնորոշման մասին իմացել ենք այն ժամանակ, երբ բուհում սիրահարվել ենք ինչ-որ մեկին ու պատմել իրար։ Այն խոսակցությունը, որ գիտես՝ ես քվիր եմ, չի եղել»։

Արամը դպրոցական տարիքում չէր գիտակցում, որ գեյ է։  Ւր հետ այնպիսի տղաներ էին սովորում, որոնց հետ լեզու չէր գտնում. հիմա է հասկացել բուլերների հետ է ընկերություն արել, թեկուզ ընտրությունն էլ`մեծ չէր։

«Ինչ-որ մասկուլին դոմինանտ միջավայր էր, որովհետև, դե, տղաներ էին՝ իրենց հասունացման շրջանում, ու բոլորը փորձում էին ինքնահաստատվել։ Ես կարիք չունեի ցույց տալ այդ չափազանցված մասկուլինությունը։ Հետո արդեն ինքս էի փորձում հասնել այդ մակարդակին, որովհետև խոսվում էր, որ ես բավականաչափ մասկուլին չեմ ու դա մարտահրավեր էր ինձ համար, որ ես էլ իրենց նմանվեմ։ Դրա համար ինձ լավ չէի զգում, ինչու՞, հետո հասկացա…»։

14 տարեկանում սկսեց ինքն իրեն հարցեր տալ, երկար ու բարդ ժխտման փուլ անցավ. հասկանում էր՝ սեռական այլ կողմնորոշում ունի, բայց նաև փնտրում էր այնպիսի աղբյուրներ, որոնք կասեին, որ դա սխալ է, վատ է, փոխվի՛ր։  Բայց ինչքան կարդում էր, այնքան գիտակցում էր, որ չի կարող և չի ուզում փոխվել։ Կարիք ուներ ինչ-որ մեկի հետ զրուցելու, խորհուրդ հարցնելու, բայց այդ մեկը չկար..

Նախքան ընդունելը, որ գեյ է, մտերիմ էր ընտանիքի հետ, ամեն ինչ պատմում էր, խորհուրդներ էր ստանում, բայց խորհուրդները սովորաբար լինում էին՝ եթե նեղացնում են, դու էլ նեղացրու…

Ժխտման երկար փուլից հետո, երբ վերջապես ընդունեց ինքն իրեն, ընտանիքում էլ խնդիրներ առաջացան։ Հիմա ընտանիքի հետ չի ապրում․ կապ պահպանում է, բայց հարաբերությունները նորմալ չեն։

«Տպավորություն կարող է ստեղծվել, թե քո անձի մի մասը լրիվ անտեսելն ու դրա մասին չխոսելը հեշտացնում է հարաբերությունները։ Ով ուզում է լինի՝ ընտանիքի անդամ, ընկեր, թե ինչ, դա շատ է ճնշում քեզ, որովհետև լիքը բանի մասին դու ուղղակի չես կարողանում խոսել»։

Արամը բաց է միայն համայնքի մարդկանց համար, համայնքից դուրս չունի ընկերներ։ Ինքնաճանաչման ճանապարհին նա չի վստահել ոչ ոքի և իր հարցերի պատասխաններն ինքնուրույն է գտել։ Համալսարանը նույնպես ապահով չէ լիարժեք բաց լինելու համար։

«Երկրում, որտեղ մենք հոմոֆոբիայի ու հանդուրժողականության խնդիր ունենք, քվիր մարդկանց մեծամասնությունը չի էլ կարող բաց լինել։ Մեր նման մարդկանց հետ համագործակցում ենք, ընկերանում ենք, ստեղծագործում ենք, իսկ սթրեյթ(straight) աշխարհի համար մենք միշտ էլ փակ ենք մնում։ Հաճելի չէ ինչ-որ մի տեղ ինչ-որ մի մաս ծածկել քեզնից, ուրիշ տեղ՝ ուրիշ մաս ծածկել, անընդհատ մտածել այն մասին, թե որ կողմդ ցույց տաս»։

Արվեստագետի համար շատ դժվար է սեփական պատմությունը թաքցնելն ու այդ մասին չգրելը, սակայն, բուհում դասախոսների կողմից ԼԳԲՏ թեմայի վերաբերյալ տարբերակված վերաբերմունք կա։ Անձնական կամ անվանական խտրականության դեպքերի չեն հանդիպել, բայց դասախոսները «սիրում են» բացել ԼԳԲՏ թեման ու բանավիճել։ Մինչդեռ, իրենք մտածում էին, որ բուհում քննադատությունից զերծ անկաշկանդ տարածք կունենան եւ հնարավորություն ազատ ստեղծագործելու։

Արամի անցած ճանապարհի դժվարությունների կողքին` Անին ավելի  հեշտ է հաղթահարել իր ինքնության հետ կապված փորձությունները։ Նրա բիսեքսուալ լինելու մասին գիտեն և’ համալսարանում, և’ աշխատավայրում. այդպես իրեն ավելի ապահով է զգում։ Բայց համալսարանի միջավայրն ու խնդիրները պատճառ են դարձել, որ գրեթե մեկ տարի դասի չգնա։

«Չունեմ ծրագրեր, որովհետև ահավոր հիասթափվել եմ, ինձ թվում է՝ բավականին նպաստել է բուհը, որ հիասթափվեմ։ Պատճառը մթնոլորտն է, առհասարակ կրթության մակարդակն ու վերաբերմունքը, որովհետև ես չեմ կարող մտնել լսարան ու դիմացինս շատ կոպիտ, մենակ իրենը պնդող, ուրիշ հայացքներ չընդունող մարդ լինի, ես չեմ կարող ինչ-որ բան վերցնել իրենից, ու եթե ավել տեղեկատվություն ուզենամ, համացանցում կփնտրեմ։ Առաջին անգամ դե սեպտեմբեր էր, որոշեցի գնալ, ու դասախոսներից մեկը, չգիտեմ կա՛մ ինձ տեսնելով, կա՛մ որոշելով Հայաստանի վիճակը քննարկել՝ որոշեց, որ բոլոր մեղավորները նրանք են, ովքեր փչացնում են երկիրը՝ նկատի ունենալով մեզ»։

Անին երկրից գնալու մասին էլ է մտածել, բայց դեռ չի ուզում․ այստեղ ամեն ինչ ավելի հոգեհարազատ է,  ուրիշ տեղ իրեն չեն հասկանա այնպես, ինչպես՝ այստեղ։ Սկսնակ բարմեն է, «խենթանում է» այդ գործի համար։

«Արվեստի մի ձև էլ դա է. այնպիսի համ ստանալ, որ դիմացինդ և՛ քեզ, և՛ սարքածդ սիրի, և՛ նորից գա քեզ մոտ։ Հետո շփումը հոգեբանություն է, մի խոսքով՝ խենթանալու է»։

Արամը հետաքրքրված է Դրեգ (Drag) արվեստով։ Իր  ամենակարևոր հետաքրքրությունն է հիմա, սակայն, Հայաստանում դեռ հայտնի չէ։  Ընկերների հետ փորձում են շարժում սկսել։ Ապագայի համար ոչինչ չի ուզում ծրագրել, փորձում է կենտրոնանալ իր կյանքի ներդաշնակության վրա։

Հայաստանում կյանքն իդեալական չէ,  բայց, անկախ ամեն ինչից, զգում է, որ շատ ավելի դժվար է լինելու արտասահմանում։

«Ինչպես բոլորը, ես նույնպես՝ այժմ փորձում եմ հասկանալ՝ ով եմ ես։ Ուրախ եմ ասել՝ ինչ-որ ճանապարհ այդ առումով հաղթահարված է, ինչ-որ հարցերի պատասխաններ արդեն գտնված են, անհամբեր սպասում եմ մնացած հարցերի պատասխանները գտնելուն»։

Քնարիկ Վարդանյան