հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Մշակույթ / Դիրիժորից և նախկին դեսպանից բացի նաև գործարարի են կալանավորել

Դիրիժորից և նախկին դեսպանից բացի նաև գործարարի են կալանավորել

Սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և նրա հոր՝ Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանի գործով քիչ առաջ կալանավորել են նաև գործարար Արմեն Պետրոսյանին։

Հուլիսի 29-ին ձերբակալված հայր և որդի Սմբատյանների դատը երեկ էր՝ խափանման միջոց է կիրառվել 2 ամսով կալանավորումը։ Նույն խափանման միջոցն է ընտրվել նաև բիզնեսմենի նկատմամբ։

Երեքն էլ անցնում են առանձնապես խոշոր չափերի խարդախության գործով։ Նախկին դեսպանը մեղադրվում է խարդախության կազմակերպման, մյուսները՝ իրականացման մեջ։

Ըստ Գլխավոր դատախազության, նրանց գործողությունների հետևանքով պետությանը շուրջ մեկ միլիարդ դրամի վնաս է հասցվել՝ հափշտակվել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի 300 քառակուսի մետր մակերեսով հողամասը։

Դատախազության հաղորդմամբ՝ Արմեն Սմբատյանը, դիրժոր Սերգեյ Սմբատյանը և գործարար Արմեն Պետրոսյանը 2012-ին Կառավարությանը ներկայացրել են 800 մլն դրամ արժողության «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու կեղծ ներդրումային ծրագիր, խարդախությամբ հափշտակել են «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ-ն, որը շուկայական արժեքը 166 մլն 103 հազար դրամ է գնահատվել:

Այն ժամանակվա Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանն, ըստ դատախազության, իր ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելով՝ նույն թվականին «Սոխոսենթր» ընկերության հետ (ՍՊԸ-ն հիմնվել է Արմեն Սմբատյանի ազգականի կողմից) կնքել է «Գույքի օտարման և գրավի», «Գլխավոր կապալի» պայմանագրեր՝ դրանցում դիտավորությամբ չներառելով Կառավարության որոշմամբ սահմանված գլխավոր ներդրումային պարտավորությունը, այն է՝ «Սոխոսենթր»-ի կողմից «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու ներդրումային ծրագրով սահմանված 800 մլն դրամի պարտավորության կատարումը։

«Հ.Պ.-ն «Սոխոսենթր» ՍՊԸ բաժնետերերին հնարավորություն է տվել առանց նշված պարտավորության կատարման՝ 2016 թվականի նոյեմբերի 3-ին գրանցել ընկերության սեփականության իրավունքը Երևան քաղաքի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով հողամասի նկատմամբ՝ պետությանը պատճառելով 966 մլն 103 հազար դրամի գույքային վնաս», – նշել է գերատեսչությունը։

թարմացում — Ըստ Գլխավոր դատախազության՝ հանցագործությունը տեղի է ունեցել դեռ 11 տարի առաջ։ Հայր և որդի Սմբատյանների փաստաբանը բողոքել է՝ ինչո՞ւ են արդեն երեք տարի քննում մի գործ, որի վաղեմության ժամկետներն անցել են։

«Ես չգիտեմ՝ ինչպես մեկնաբանել երևակայության բոլոր սահմաններն անցած «խարդախության» մասին չափածո ստեղծագործությունը, որտեղ անգամ իբր որպես վնաս հաշվարկված 166 միլիոն դրամը ինչ-որ հնարքով ներկայացվում է 966 միլիոն թվի տեսքով», – գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Գլխավոր դատախազությունից հակադարձել են՝ Սմբատյանների գործողությունների հետևանքով պետությանը շուրջ մեկ միլիարդ դրամի վնաս է հասցվել, քանի որ նրանք հափշտակել են Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի հողամասը, որտեղ նրանց պատկանող ՍՊԸ-ն ի սկզբանե առաջարկել է կառուցել «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր և հավաստիացրել, որ պատրաստ է նաև դպրոցի համար նոր կաթսայատուն ու համերգային դահլիճ կառուցել, բայց, խոստումներին հակառակ, այդ տարածքում 17 հարկանի բիզնես կենտրոն են կառուցել։

Իրավապահները նշել են նաև, որ հայր Սմբատյանը, չցանկանալով որդու անունը կապել բիզնեսի հետ, իր ազգականներից մեկին համոզել է Սերգեյ Սմբատյանի համար հիմնադրել «Սոխոսենթր» ընկերությունը։ Ազգականից բացի, ընկերության մյուս համահիմնադիր է դարձել մշակույթի նախկին նախարար, այժմ հետախուզման մեջ գտնվող Հասմիկ Պողոսյանի մտերիմը։ Հիմնադրումից ընդամենն օրեր անց էլ «Սոխոսեթրի» այն ժամանակվա տնօրեն, այժմ Կոմիտասի թանգարան ինստիտուտը ղեկավարող Նիկոլայ Կոնստադյանը քաղաքապետին է ներկայացրել այդպես էլ չիրականացված ներդրումային նախագիծը։ Հասմիկ Պողոսյանը, թեև տեղյակ է եղել մշակութային համալիրի փոխարեն բիզնես կենտրոնի կառուցման ծրագրի մասին, չի առարկել, և վերջում ստացվել է, որ կառավարությունը հավանություն է տվել մասնավոր բիզնես կենտրոնի կառուցման ծրագրին։ Ըստ իրավապահների՝ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը 2012-ին Սմբատյաններին է օտարել այդ տարածքը, իսկ 4 տարի անց՝ 2016-ին, նրանք հնարավորություն են ունեցել առանց կառավարության ծրագիրն իրագործելու պարտավորության, տարածքը սեփականացնել ընկերության անվամբ՝ այդպիսով պետությանը պատճառելով ավելի քան 966 միլիոն դրամի վնաս։

Դիրիժորն ու նախկին դեսպանը մեղադրանքը չեն ընդունում։