Վաշինգտոնը չի հանդուրժի հարձակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա՝ ամերիկյան Սենատում երեկ հայտարարում էր Պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը։
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղին նվիրված լսումներ էին հրավիրել։ Նիստը բացել էր հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը․ «Խանութների դարակները դատարկ են, շտապօգնության մեքենաները բենզին չունեն, վիժումների թիվը եռապատկվել է, ըստ BBC-ի ռեպորտաժի՝ մահերի մեկ երրորդի պատճառը թերսնումն է»։
Սենատորների հարցերին պատասխանում էր Պետդեպի ղեկավարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը։
Ի՞նչ է անում Միացյալ Նահանգները՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի վատթարացումը և «զանգվածային սովամահությունը» կանխելու համար; ինչո՞ւ գործադիրը չի քննարկում 1992 թվականի Ազատության աջակցության ակտի 907 բանաձևը (որով արգելվում օգնություն ցուցաբերել Ադրբեջանին) վերականգնելու հարցը; ինչպե՞ս է հնարավոր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պարտադրել բացել Լաչինի ճանապարհը և այլն։
Ամերկյան կողմը Բաքվին փոխանցել է երկու շատ հստակ ուղերձ՝ պատասխանում էր Պետդեպի բարձրաստիճան պաշտոնյան։ Առաջինը՝ Լաչինի միջանցքը պետք է անվերապահորեն և անհապաղ բացվի:
«Մենք խորապես մտահոգված ենք Լաչինի միջանցքի շարունակական արգելափակմամբ <…>
Այս հարցում ստատուս քվոն մեզ համար բացարձակ անընդունելի է։
<…> Մենք կանգ չենք առնի, մինչև լուծում չգտնենք, այդ միջանցքը պետք է բաց լինի մարդասիրական օգնության, բեռների փոխադրության և մասնավոր երթևեկության համար։ <…> [ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները] անմիջականորեն ներգրավված ենք, որպեսզի առաջ մղեն Լաչինի միջանցքի ու այլ ճանապարհների միաժամանակ բացումը։ Նախագահ Ալիևը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները հրապարակավ հայտնել են, որ համաձայն են այս պայմանավորվածությանը։ Այդ պայմանավորվածությունը այլևս չպետք է հետաձգվի», – հայտարարում էր պետքարտուղարի տեղակալը։
Միացյալ Նահանգները, ըստ նրա, «չի հանդուրժի որևէ ռազմական գործողություն, որևէ հարձակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա»․
«Ադրբեջանը պետք է միջազգայնորեն հաստատված երաշխիքներ տրամադրի, որ հարգում է [Լեռնային Ղարաբաղի ժողովրդի] իրավունքները, և որ նրանք կարող են ապրել իրենց տներում առանց վախի։ Ուզում եմ հստակ մի բան հայտարարել՝ Միացյալ Նահանգները չի հանդուրժի որևէ գործողություն՝ լինի դա կարճաժամկետ, թե երկարաժամկետ, որ էթնիկ զտումներ կամ այլ վայրագություններ իրականացվեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ», – ասում էր Քիմը։
Լսումներին ավարտին հարց է հնչել՝ ինչո՞ւ է Ալիևն անտեսում կոչերը և փակ պահում միջանցքը, ինչո՞ւ ԱՄՆ-ն չի ցանկանում դիմել ավելի կոշտ քայլերի՝ քննարկել անձնական պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը։ Քիմը պատասխանել է, թե գերադասում է այդ մասին չխոսել բաց լսումներում։ Մինչ այս Վաշինգտոնից տեղեկացրել էին՝ ալիևյան ռեժիմի դեմ սանկցիաներ կիրառելու մտադրություն չունեն։
կոնտեքստից
Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, ռուս-ամերիկյան հարաբերությունների լարման ֆոնին Արևմուտքի ներգրավվածությունը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում հետզհետե աճում է։ Մոսկվան սա մեկնաբանում է որպես Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելուն ուղղված քայլ, Երևանը շեշտում է՝ կարգավորման գործընթացում տարբեր դերակատարներ են ներգրավված, մենաշնորհ այդտեղ ոչ ոք չունի, Հայաստանը ներգրավված է բոլոր միջնորդական հարթակներում։
Հայ-ռուսական հարաբերություններում վերջերս հրապարակային լարում է նկատվում՝ Երևանը խոսում է ռուսական կողմի դաշնակցային պարտավորությունների, ռազմական պայմանագրերի չկատարման, եռակողմ հայտարարություններով ամրագրված պայմանավորվածությունների փաստացի չեղարկման մասին։ Ռուսաստանից ի պատասխան հայտարարում էին, թե հայ-ադրբեջանական հարաբերություններում և Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուն հենց Հայաստանն է, որը Բրյուսելում ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և փաստացի փակել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի թեման։
Եվ չնայած ռուսական առաջարկները՝ առկախել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանումը, անցյալ տարի կտրականապես մերժվել էին (ոչ թե հայկական, այլ) ադրբեջանական կողմից, պաշտոնական Մոսկվան այդ առաջարկի տապալման բեռը դնում է Երևանի վրա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս արձագանքել էր՝ եթե չճանաչեր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, պատերազմը կանխել չէր լինի. «2022 թ․ օգոստոսի սկզբին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը տարածաշրջան է բերել ՌԴ առաջարկությունը, ըստ որի՝ ԼՂ-ի կարգավիճակը պետք է անորոշ ժամանակով հետաձգվեր: Խովաևը պատասխանը ստանալու համար տարածաշրջան է եկել սեպտեմբերին… սեպտեմբերի 13-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ-ն լայնածավալ հարձակում է սկսել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ: ՀԱՊԿ-ը եւ ՌԴ-ն, ՀՀ-ի գրավոր եւ բանավոր դիմումներին՝ կատարել օրենսդրությամբ եւ պայմանագրով սահանված պարտավորությունները, չեն արձագանքել: …Հոկտեմբերի 6-ին Հայաստանն ու Ադրբեջանը ձեռք են բերել պայմանավորվածություն՝ միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը ընդունելու վերաբերյալ: Այդ որոշումը ՀՀ-ն ընդունել է սեփական տարածքային ամբողջականությունը պաշտպանելու նկատառումով, որովհետեւ այն իրավիճակում, երբ Ադրբեջանը գրոհում է ՀՀ տարածքը ու գրավում է տարածքներ, իսկ Հայաստանի դաշնակիցները լուռ են ու չեն արձագանքում, ՀՀ-ն պարտավոր էր հոկտեմբերի 6-ին գալ այդ համաձայնությանը»:
մեկնաբանություն
Քաղաքագետ Հակոբ Բադալյանի կարծիքով՝ չնայած լրատվական ֆոնին, Հայաստանի հարաբերություններն այսօր ավելի բարդ են ոչ թե Ռուսաստանի, այլ Արևմուտքի հետ․
«Իտալական եւ ամերիկյան պարբերականներին Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցների բովանդակությունն ու շեշտադրումները հուշում են, որ այսօր Հայաստանը շատ ավելի բարդ հարաբերության մեջ է այսպես ասած Արեւմուտքի, քան Ռուսաստանի հետ:
Ի՞նչն է այդ բարդ հարաբերության «հիմքում»: Այն, որ Հայաստանը փորձում է հնարավորինս նրբորեն առարկայացնել Արեւմուտքի պատասխանատվությունը անվտանգության մեր միջավայրի համար, իսկ Արեւմուտքը չի ուզում դա: Արեւմուտքն ուզում է ունենալ հնարավորինս շատ ներկայություն եւ հնարավորինս քիչ պատասխանատվություն, այդ կերպ լինելով հեռվի խաղացող եւ միաժամանակ դրա՝ նվազ պատասխանատվության շնորհիվ առավել անբռնազբոս լինելով ռեգիոնալ խաղացողների հանդեպ:
Այդ իսկ պատճառով, որքան Հայաստանը ցույց տա, որ պատրաստ է ընդհուպ Ռուսաստանի դժգոհությունը հարուցելով կատարել արեւմտյան օրակարգին համահունչ քայլեր, այդքան Արեւմուտքը պահանջելու է ավելին: <․․․> Պահանջելու է՝ լավ իմանալով, որ Հայաստանի համար այդ ռետինը չունի անվերջ առաձգականություն, եւ Երեւանը կամ ինչ որ կետում դադարելու է ձգել, կամ ռետինը կտրվելու է, սակայն ցավոտ հարվածը զգալու է միայն Հայաստանը:
Արեւմուտքի առավելությունն այստեղ պատասխանատվության հնարավորինս նվազ եւ ընդհանրական, այսպես ասած վերացական հանգամանքն է: Որքան պատասխանատվությունն առարկայանա, այնքան այդ առավելությունը նվազելու է, որովհետեւ այս ռեգիոնի առնչությամբ որեւէ մեկ առանձին վերցրած ուժի համար անվտանգության միջավայրի պատասխանատվություն ստանձնելը անհնարին է, առավել եւս, եթե խոսքն արտառեգիոնալ ուժի մասին է:
Դա նաեւ պատճառը, որ բավականին աշխույժ միջնորդելով Հայաստանի եւ Բաքվի միջեւ, Վաշինգտոնն այդուհանդերձ առավելագույնն է անում որպես միջնորդ պատասխանատվությունից հեռու մնալու համար եւ հայտարարում, թե ինքը ընդամենը պայման է ստեղծում երկու կողմի ուղիղ խոսակցության համար:
Հայ հանրության մի մեծ մասի հետ այս թեմայով խոսակցությունը թերեւս անիմաստ է, որովհետեւ մարդկանց գնահատումները հիմնականում կաղապարվել են արեւմտամետ-ռուսամետ, հակաարեւմտյան եւ հակառուսական «չափանիշների» շրջանակում:
Իշխանության համար սա խնդիր է, բայց, ըստ ամենայնի հաշվարկում է, որ ավելի դյուրին է թերեւս ձգտել օգտվել թեկուզ խնդրահարույց այդ կաղապարումների միջավայրից, քան աշխատել այդ միջավայրը փոխելու ուղղությամբ, ինչը կարող է նույնիսկ ռիսկի ենթարկել սեփական իշխանությունը: Այդ իրավիճակի փոփոխությունը թերեւս ենթադրում է մի կարեւոր պայման՝ չհավակնել իշխանության, կամ այդ հավակնությունից բխող ֆինանսական հոսքերի այս կամ այն «խնամակալության»: Դա չափազանց բարդացնում է խնդիրը, առավել եւս այսօրվա հասարակական-տնտեսական հարաբերությունների պայմաններում, որոնք ինքնին ճնշում են ցանկացած անշահախնդրության հանդեպ: Առավել շահեկան եւ գերադասելի է համակարգչի կամ հեռախոսի առաջ նստած, մատների մեկ-երկու շարժումով կամ մեկ-երկու մատների շարժումով տիեզերակալ լուծումներ երկնելը: Այդպիսի ցանկացած լուծում անկասկած կգտնի երկրպագուների իր բանակը», – գրել էր Բադալյանը։