Home / Հայաստան / Դերնայից տարհանել են ողջերին. երկիրը կիսված է

Դերնայից տարհանել են ողջերին. երկիրը կիսված է

Լիբիայի արևելքում «Դանիել» փոթորկի զոհերի թիվը հասել է 11 հազար 300-ի։ Նավահանգստային Դերնա քաղաքից տահանվել են բոլոր ողջ մնացածները, փրկարարները և ոստիկանները մաքրում են ցեխը, ավերված շենքերը և հավաքում զոհերի աճյունները։ Հայտնաբերված մարմինները թաղվում են Դերնայից դուրս գտնվող զանգվածային գերեզմաններում:

Աղետը տեղի է ունեցել այս շաբաթասկզբին՝ հորդառատ անձրևների և հաջորդած հեղեղների հետևանքով փլուզվել են երկու (վթարային) ամբարտակները, քաղաքի զգալի մասը մնացել է ջրի տակ: Աղետի հիմնական պատճառը հենց ամբարտակների փլուզումն է՝ դրանց շինարարությունը ընթացել է խախտումներով, պատշաճ վերանորոգում չի արվել։ Փորձագետների գնահատմամբ՝ քաղաքային շրջաններից շատերը կարող էին վերապրել այս աղետը, եթե շենքերը կառուցվեին նավահանգստային բնակավայրերի քաղաքաշինական նորմերին համապատասխան։

Իրական կորուստների կարող են գերազանցել Կարմիր խաչի հրապարակած տվյալները։ Դերնայի քաղաքապետ Աբդուլմենամ Ալ-Հայիթը խոսում է շուրջ 20 հազար զոհերի մասին։ Հազարավոր մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում։ Ծովից ամեն օր նոր մարմիններ են տարհանում։ 

Բազմաթիվ կյանքեր հնարավոր կլիներ փրկել, եթե Լիբիայի հակամարտող երկու վարչակազմերը ադեկվատ գնահատեին վտանգները, վերանորոգեին վթարված ամբարտակները կամ գոնե օպերատիվորեն արձագանքեին շաբաթվա սկզբին տեղի ունեցած ողբերգությանը՝ հայտարարել են ՄԱԿ-ից։ Ավելի քան մեկ տասնամյակ է՝ Լիբիան պառակտված է երկու «կառավարությունների», պարբերաբար էսկալացվող ներքին հակամարտությունների և արտաքին միջամտությունների պատճառով։ 

մարդածին աղետ

Տրիպոլիում տեղակայված վարչակազմը ընդունել է՝ մասշտաբային աղետի պատճառներից մեկը քաղաքական անկայությունն ու թուլացած պետական ինստիտուտներն են։

Տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են անօթևան։ 

Համաճարակաբանները զգուշացնում են՝ աղտոտված ջրի պատճառով երկրում ինֆեկցիոն հիվանդություններ են տարածվելու։ Արդյոք պետությունը կկարողանա կառավարել աղետի հետևանքները՝ պարզ չէ։ 

Լիբիան չոր կլիմա ունի, առատ տեղումներ այստեղ հազվադեպ են լինում։ Երկրի օդերևութաբանական կենտրոնի տվյալներով, կիրակի օրը Դերնայում ռեկորդային՝ մոտ 400մմ տեղումներ են եղել (սովորաբար ողջ սեպտեմբերի ընթացքում այս ցուցանիշը չի գերազանցում 1․5 միլիմետրը)։ Կլիմայական փոփոխությունները ազդում են ողջ տարածաշրջանի վրա։ Անցյալ շաբաթ նույն՝ «Դանիել» փոթորիկը մեծ ջրհեղեղներ է բերել նաև Հունաստանում և Թուրքիայում։ Կանխատեսվում է, որ փոթորիկները կարող են կրկնվել։

Դերնայի ամբարտակները կառուցվել են 1973-77 թվականներին՝ հնացած նորմատիվներով։ Անցյալ տարի էլ հիդրոլոգները նախագզուշացնում էին՝ ամբարտակները հրատապ վերանորոգման կարիք ունեն։ Վերջին երկու տասնամյակների ընթացքում դրանք չեն նորոգվել՝ երեքշաբթի օրը հայտարարել էր Դերնայի փոխքաղաքապետ Ահմետ Մադրուդը։ Դրանք վթարային վիճակում էին։

Փորձագետները ենթադրում են, որ հնացել են նաև երկրի՝ վաղ ահազանգման համակարգերը և արտակարգ իրավիճակներին արձագանքելու պրոտոկոլները։ Ավելի վաղ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հայտարարել էր, որ փորձել է աջակցել լիբիական իշխանություններին՝ օդերևութաբանական համակարգերը արդիականացնելու հարցում, «բայց այդ ջանքերը ձախողվել են կազմակերպության աշխատակիցների անվտանգությանը սպառնացող հանգամանքների պատճառով»։

որբացած արևմուտք

1969-ի հեղափոխությունից, 2011-ին մեկնարկած քաղաքացիական պատերազմից, Մուամմար Կադդաֆիի սպանությունից հետո էլ քաղաքացիական բախումները երկրում շարունակվել են։

1969 թվականից Լիբիայի արևելյան շրջանները գրեթե զրկվել են ներդրումներից։ Արևելքում գնդապետին Կադդաֆիին չէին սիրում, սեփական իշխանության համար բազա ստեղծելիս՝ նա հիմնվում էր ավելի շուտ Լիբիայի արևմուտքում ապրող խմբերի վրա, որոնց էլ հասնում էր պետական սուբսիդիաների զգալի մասը։ Կադդաֆիից հետո էլ իրավիճակը չի բարելավվել։

Արդեն տասը տարուց ավել է՝ Լիբիայում երկու «կառավարություն» կա, մեկը՝ արևելքում, մյուսը՝ արևմուտքում։

Կադդաֆիին գահընկեց անելուց հետո՝ 2011-ից, Լիբիայում իշխանության համար մի քանի խմբավորումներ են պայքարում։ 2014-ին՝ բևեռների միջև զինված բախումներից հետո, երկրում երկու զուգահեռ վարչակազմ է ձևավորվել։

ՄԱԿ-ի կողմից ճանաչված և Արևմուտքի հովանավորությունը վայելող կողմը՝ Տրիպոլիի Ազգային միասնության կառավարությունը գլխավորում է վարչապետ Աբդուլ Համիդ Դբեյբեհը։ Նա պաշտոնի է անցել 2021 թվականին՝ ՄԱԿ-ի միջնորդությամբ կայացած համաձայնության հիման վրա, ըստ որի՝ մի քանի ամսվա ընթացքում երկրում համընդհանուր ընտրություններ պետք է կայանային։ Այդ ընտրությունները, սակայն, առ այսօր տեղի չեն ունեցել։

20210922_2_50124170_68961546-e1642018814786
Ազգային միասնության կառավարության վարչապետ Աբդուլ Համիդ Դբեյբեհը, Anadolu Agency

Մյուս բևեռը՝ Ներկայացուցիչները պալատը, տեղակայված է Տոբրուկում՝ Տրիպոլիից մոտ մեկ հազար կիլոմետր հեռավորության վրա։ Տոբրուկի վարչակազմը վերահսկում է Լիբիայի արևելյան շրջանները և հարավայի տարածքի մի մասը (հիմնականում անմարդաբնակ անապատներ)։ Այսպես կոչված Ներկայացուցիչների պալատը գլխավորում է վարչապետ Ուսամա Համադը, որի նստավայրը Բենգազում է։

Շատերը կարծում են, որ արևելքի իրական իշխանը, սակայն, գեներալ Խալիֆ Խաֆթարն է, որը առաջնորդում է Լիբիայի ազգային բանակ անվանումը կրող հզոր աշխարհազորը։ Նրան աջակցում են Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Ռուսաստանը։

Իսլամիստ զինյալների կողմից գրավված Դերնա քաղաքը 2014 թվականին պաշարվել էր Խաֆթարի բանակի կողմից։ 2018-ին նավահանգստային քաղաքը անցել էր նրա վերահսկողության ներքո։

Khalifa-scaled
գեներալ Խալիֆ Խաֆթարը, AFP

Լիբիան մեծ և հարուստ երկիր է՝ համամետաբար փոքր բնակչությամբ։ Քաղաքացիական երկարամյա պատերազմի, զինված բախումների հետևանքով ենթակառուցվածքների զգալի մասը խաթարվել են, ինստիտուտները՝ թուլացել։ Երկու վարչակազմերից և ո՛չ մեկը ի վիճակի չէ ստանձնել երկրի ամբողջական կառավարումը, նրանք ավելի շատ հետաքրքրված են սեփական իշխանությունը վերարտադրող զինված խմբավորումներ ստեղծելով և ֆինանսավորելով։

ede39875dae44ce99c3e1215e9a6392d_6
Երկնագույնով՝ Տրիպոլիի Ազգային միասնության կառավարության, դեղինով՝ Ներկայացուցիչների պալատի, կանաչով՝ այլ զինված խմբավորումների կողմից վերահսկվող տարածքները