Ստեփանակերտում հոկտեմբերի 3-ին ձերբակալված և Բաքու տեղափոխված՝ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի համար Ադրբեջանի դատարանը խափանման միջոց է ընտրել 4 ամսվա կալանքը:
Նրանց մեղադրանք են առաջադրել Ադրբեջանի քրեական օրենգրքի 7 հոդվածներով: Ղարաբաղի նախկին իշխանավորներին Ադրբեջանը վերագրում է «ներգրավվում ապօրինի զինված կազմավորումների ձևավորման և գործունեության մեջ», «այդ խմբավորումների զինում, ռազմական սարքավորումների մատակարարում, ներառյալ՝ պայթուցիկ նյութեր, ռազմական տեխնիկա, զինամթերք», «ահաբեկչության ֆինանսավորում» և ահաբեկչական գործողությունների հետ կապված այլ մեղադրանքներ:
Նույն օրը ձերբակալված՝ Լեռնային Ղարաբաղի նախավերջին նախագահ Արայիկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել առնվազն 9 ծանր հոդվածներով․ նա կարող է դատապարտվել ընդհուպ մինչև ցմահ ազատազրկման:
Ըստ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության, Հարությունյանը «Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնը զբաղեցնելիս՝ վարձկանների հավաքագրմամբ, ուսուցմամբ և ֆինանսավորմամբ մասնակցել է Ադրբեջանի դեմ ագրեսիվ պատերազմին, առնչություն ունի Ադրբեջանի տարածքի ականապատման և հրթիռակոծման որոշումների հետ»: Մեղադրող կողմը առանձնացրել է մեծաթիվ զոհերի հանգեցրած՝ բալիստիկ և այլ հրթիռներով Գյանջա և Բարդա քաղաքների հրթիռակոծությունը՝ նշելով, թե կան կասկածներ, որ Արայիկ Հարությունյանը կարող է ներգրավված լինել այդ գործողությունները կազմակերպելու մեջ:
Հոկտեմբերի 4-ին Հարությունյանը հարցաքննվել է: Նախկին նախագահների, Ազգային ժողովի նախկին խոսնակի, նախկին պետնախարարի և բարձաստիճան զինվորականների ձերբակալությունների բեմադրված կադրերը տարածվել են Ադրբեջանի ուժային կառույցների պաշտոնական հարթակներում։
տե՛ս Ադրբեջանը չի բավարարվում եղած ձերբակալություններով
Արկադի Ղուկասյանը Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1997-ից 2007 թվականները, Բակո Սահակյանը նախագահել է 2007-ից մինչև 2020 թվականը, դաշնակցական Դավիթ Իշխանյանը 2023 թվականի օգոստոսի 7-ին է ընտրվել խորհրդարանի նախագահ: Օրեր անց 2020 թվականին նախագահ ընտրված Արայիկ Հարությունյանը հրաժարական է ներկայացրել, խորհրդարանի կողմից այս տարվա սեպտեմբերի 9-ին նախագահ է ընտրվել Սամվել Շահրամանյանը։ Սրանից 10 օր անց՝ ադրբեջանցիների նախաձեռնած ռազմական գրոհից հետո, Շահրամանյանը կարգադրել է դադարեցնել դիմադրությունը և ստորագրել է մինչև տարեվերջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լուծարելու որոշումը:
Շահրամանյանը միառժամանակ մնացել է Ղարաբաղում, հոկտեմբերի 5-ի տվյալներով՝ նա արդեն տեղափոխվել է Հայաստան:
Մինչ այդ՝ սեպտեմբերի 27-ին, Լաչինի միջանցքի Հակարիի կամրջի անցակետում ձերբակալվել, Բաքու է փոխադրվել և 4 ամսով կալանավորվել նաև Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, միլիարդատեր, հայ-ռուսական գործարար Ռուբեն Վարդանյանը, ով 2022-ին հրաժարվել էր Ռուսաստանի քաղաքացիությունից և տեղափոխվել Արցախ։
Ադրբեջանական իրավապահներին է հանձնվել նախկին արտգործնախարար և նախագահի օգնական Դավիթ Բաբայանը․ նա նույնպես կալանավորվել է։
Արևմտյան մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ Բաքուն կազմել է մոտ 200-300 մարդկանց ցուցակ, որոնց նկատմամբ միջազգային հետախուզում է նախաձեռնել: Նախկին երեք նախագահներից, խորհրդարանի խոսնակից, պետական նախարարից և արգործնախարարից զատ սեպտեմբերի վերջին ձերբակալվել են նաև Արցախի պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը և պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։
Հայաստանի իշխանությունները խստորեն դատապարտել են Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան ղեկավարներին կալանավորելու Ադրբեջանի որոշումները: Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ պահանջելով պարտավորեցնել Ադրբեջանին ազատ արձակել չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կալանավորված նախկին և ներկայիս ղեկավարներին։ Մինչ այս Բաքվից հայտարարել էին, թե դիտարկում են ղարաբաղյան նախկին զինվորականների և վարչական ղեկավարների նկատմամբ համաներում կիրառելու հնարավորությունը՝ առանց հստակեցնելու համաներման պարամետրերը։