Լաչինի միջանցքում սկսվել են Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական գործիչների ձերբակալությունները։ Թիրախի տակ են նաև նախկին նախագահները։
Լեռնային Ղարաբաղը արդեն գրեթե դատարկվել է՝ սեպտեմբերի 20-ին ավարտված հարձակումից հետո հայերը զանգվածաբար լքում են իրենց տները։ Եվլախում բանակցում են նախկին զինվորականների և վարչական ղեկավարների անվտանգության շուրջ։
Ձերբակալել են նախկին պետ- և արտգործնախարարներին, հրամանատարին և փոխհրամանատարին
Լաչինի միջանցքից սեպտեմբերի 27-ին բերման են ենթարկել և Բաքու տարել միլիարդատեր Ռուբեն Վարդանյանին։ Նրան մեղադրել են խմբավորումներ զինելու, ահաբեկչություն ֆինանսավորելու մեջ և կալանավորել։
Ղարաբաղի նախկին արտգործնախարար, նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը հաջորդ օրը հայտարարել է, թե Ստեփանակերտից ինքնակամ գնում է ադրբեջանական հսկողության տակ գտնվող Շուշի․ «Ես ընդգրկված եմ Ադրբեջանի սև ցուցակում, ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու»։ Բաքվից այսօր հաստատել են՝ Բաբայանը իրենց մոտ է և ձերբակալված։ Նրանք դեռևս 2020-ի հոկտեմբերին մեղադրանք էին առաջադրել «պատերազմ ծրագրելու, նախապատրաստելու, սկսելու, վարելու», «ահաբեկչություն կազմակերպելու», «ազգամիջյան թշնամանք հրահրելու» և նմանատիպ այլ հոդվածներով:
Լաչինի միջանցքում երեկ ձերբակալել են նաև Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին (2015-2018) հրամանատար Լևոն Մնացականյանին։ Գեներալ-լեյտենանտին տեղափոխել են Բաքու։ Նա մեղադրվում է խոշտանգման մեջ, «իբր մի խումբ անձանց հետ 2002թ․ Ֆիզուլիում գերեվարել է ադրբեջանցիների ու կտտանքների ենթարկել նրանց»։ Գեներալը մեկուսարանում է, խափանման միջոց դեռ չի սահմանվել։
Երեկ հայտնի է դարձել, որ ադրբեջանցիները 4 ամսով կալանավորել են նաև Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին՝ նրան մեղադրելով Ղարաբաղում ահաբեկչական գործողություն կատարելու մեջ։ Դավիթ Մանուկյանը դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանի եղբայրն է, ըստ պատգամավորի՝ 2021-ից նա դադարեցրել է զինվորական ծառայությունը և անցնել թոշակի։ Ադրբեջանի հատուկ ծառայությունների փոխանցմամբ՝ նրան ձերբակալվել է 2 օր առաջ՝ սեպտեմբերի 27-ին։
Ավելի վաղ խոսվում էր Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի հնարավոր ձերբակալության մասին։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ Բորդովը այսօր մուտք է գործել Հայաստան։ Նա երկու օր կապի դուրս չէր գալիս, ականատեսներն ասում էին՝ նրան ձերբակալել են Հակարիի կամրջի վրա: Բորդովը հայտնել է, որ ադրբեջանցի սահմանապահներն իրեն իսկապես տարել են զրուցելու։ Զրույցից հետո նրան վերադարձրել են անձնագիրը, և ինքը շարունակել է ճանապարհը։
200 հոգի վտանգի տակ է․ նախկին նախագահները թաքնված են
Մինչև բարձաստիճան զինվորականների ձերբակալությունները Ղարաբաղի իշխանական շրջանակներից «Ազատությանը» փոխանցել էին, որ նախագահ Սամվել Շահրամանյանն ադրբեջանական կողմի հետ բանակցություններ է վարում՝ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանն այնտեղից անվտանգ դուրս բերելու համար։
Արցախցի պաշտոնյան, ով ցանկացել անանուն մնալ, ռադիոկայանին ասել է, որ
ձերբակալման վտանգի տակ են նաև Արցախի երեք նախկին նախագահները՝ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը։ Ըստ Reuters-ի աղբյուրների, Ադրբեջանը մոտ երկու հարյուր հայերի ցուցակ ունի, որոնց ցանկանում է կալանավորել տարբեր հոդվածներով։
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ենթադրությամբ՝ «մի քանի վարկած կա՝ Ադրբեջանի իշխանությունները կարող են նրանց երկարաժամկետ բանտարկել, որպեսզի վախեցնեն քաղաքական պայքար մղողներին Արցախի ժողովրդի իրավունքների համար, երկրորդ տարբերակն այն է, որ միջազգային ճնշման ներքո կարող են որոշ ժամանակից հետո «համաներման» քողի ներքո ազատել իրենց, բայց որոշակի խոշտանգումներից և հոգեբանական, ֆիզիկական բռնաճնշումներից հետո»։
Սեպտեմբերի 19-ի հարձակումից հետո Ադրբեջանը հայտարարել էր, թե զենքերը վայր դնելու դեպքում կդիտարկի զինվորականների նկատմամբ համաներում կիրառելու հնարավորությունը։ Երեկ հաղորդվեց Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև Եվլախում կայացած ևս մեկ հանդիպման մասին։ Հստակ չէ՝ ինչ հարցեր են քննարկվել։
Ինչո՞ւ չի հաջողում պայմանավորվել Ադրբեջանի իշխանությունների հետ ռազմաքաղաքական ղեկավարությանն անվտանգ դուրս բերելու հարցում։ Արտակ Բեգլարյանն ասում է, որ Արցախի իշխանությունների ձեռքին գրեթե լծակ չի մնացել, և եթե եթե չլինի միջազգային բավարար ճնշում, դժվար է ասել՝ ինչպես կարելի է նրանց հետ պայմանավորվել։
Նախկին պետնախարարի համոզմամբ՝ այս պահին ձերբակալման վտանգի տակ են Արցախի բոլոր հայտնի գործիչները, այդ թվում՝ ինքը․ «Ես իմ վայրը չեմ բացահայտում»։
Ադրբեջանցիները արդեն Ստեփանակերտում են։
Հարցին, թե տեղեկությունների կա՞ն նախկին նախագահների վիճակի մասին, Բեգլարյանն պատասխանել է. «Նրանք տարբեր տեղերում թաքնված են, իրենց տներում նստած չեն սպասում։ Միգուցե Ստեփանակերտում չեն թաքնված։ Ստեփանակերտում 10 հազարից ավելի բնակարան կա, էդքան հեշտ չէ մարդ գտնել»։
Իշխանության ընդունում-հանձնում
Թե ինչ իրավիճակ է Ստեփանակերտում, քանի մարդ է մնացել, ով է զբաղվում նրանց կարիքներով, հստակ չէ։
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարման մասին» հայտարարությունից մոտ մեկ օր անց ադրբեջանական լրատվամիջոցները սկսել են տեսանյութեր հրապարակել Ստեփանակերտից, որի փողոցներում այլևս ադրբեջանական ոստիկանությունն է հերթապահություն իրականացնում։
Արտակ Բեգլարյանի խոսքով՝ ոչ միայն ադրբեջանական ոստիկանությունը, այլև ազգային անվտանգության ծառայությունն է մտել Արցախի տաբեր շրջաններ, և «իշխանության ընդունում-հանձնումը» սկսված է։ Լեռնային Ղարաբաղում հայեր չեն մնացել՝ առավելագույնը մի քանի հարյուր մարդ, որոնք հիմա հեռանում են։
«Մի քանի օրից Արցախում, կարելի է ասել, ամբողջապես լինելու է ադրբեջանական օկուպացիոն իշխանություն»։