Հատվածներ ադրբեջանցի կոնֆլիկտաբան, նախկին քաղբանտարկայլ Արիֆ Յունուսի*՝ «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդմանը տված հարցազրույցից․
— Իլհամ Ալիևի համար, իհարկե, գլխավորը ոչ թե պարզապես Ղարաբաղը վերադարձնելն է, այլ ցանկալի է՝ առանց հայերի վերադարձնելը։ Ուրիշ բան, որ նա հասկանում է՝ կան խոշոր աշխարհաքաղաքական խաղացողներ, և այս դեպքում էլ գործում է այնպես, ինչպես գործել է նախկինում՝ ժողովրդավարության, խոսքի ազատության և այլնի մասին իր մշտական հայտարարություններով: ․․․Արևմուտքի համար սա, գոնե ֆորմալ առումով, հիմնական անհրաժեշտ պահանջներից մեկն է՝ մարդու իրավունքներ և այլն։ Նա չի կարող բացահայտ ասել, որ ինձ պետք չէ Ղարաբաղը հայերով, այլ պետք է Ղարաբաղը առանց հայերի։ Նա չի կարող դա ասել, ուստի՝ սկսվում են խաղերը հայերին վերաինտեգրելու ծրագրերի հետ։ Այն պարագայում, երբ հայերն արդեն այնտեղ չեն: Պարզ չէ, թե ում վերաինտեգրելու [մասին է խոսքը], բայց պարզ է, որ հայերի վերաինտեգրման այս ծրագիրը նախատեսված չէ հայերի և նույնիսկ ներքին լսարանի համար՝ այն նախատեսված է Արևմուտքի համար, որ, երբ լինի քննադատություն կամ երբ արդե՛ն կա այս քննադատությունը, ասեն․ «Մենք չենք ցանկացել, իրենք իրենց կամքով են փախել, ընդհակահառակը՝ մենք նույնիսկ խնդրել ենք, որ մնան, իրենց սնունդ ենք տվել, բայց նրանք փախան: Իսկ մենք ուզում ենք, որ նրանք վերադառնան, մենք նույնիսկ վերաինտեգրման ծրագիր ունենք, նույնիսկ ունենք հատուկ հանձնաժողով, որը կզբաղվի Ղարաբաղի հայերի սոցիալ-տնտեսական խնդիրներով: Ապահովված է բարձր մակարդակ»: Սա քարոզչական պահ է, կրկնում եմ՝ այն նախատեսված չէ հայերի համար:
Մենք իրատեսորեն հասկանում ենք, որ առանց անվտանգության ամուր երաշխիքների հիմա նրանց վերադարձնելն իրատեսական չէ՝ Ղարաբաղի հայերը չեն վերադառնա: Եթե ռուսները խաբել են նրանց, ապա առավել ևս չեն վստահի Ադրբեջանին: Բայց կա Արևմուտքը՝ խաղի կանոններ, որոնք պահանջում են, որ ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի ազատության մասին գեղեցիկ խոսքերի հետ մեկտեղ նաև ասվի, որ մենք պատրաստ ենք հայերին ընդունել: Ահա և ամբողջ վերաինտեգրման ծրագիրը:
հայերի նոր տեսակ՝ անտառահայեր
[Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներին] ֆորմալ առումով միջազգային արձագանք եղել է, եթե նկատի ունենանք, օրինակ, Եվրախորհրդարանի բանաձևը։Ուրիշ բան, որ կան պահեր, որոնք, ցավոք սրտի, մեր տարածաշրջանում ինչ-որ կերպ թերագնահատված են: Մեր հակամարտությունը և ընդհանրապես մեր տարածաշրջանը առաջնահերթություն չեն: Այն կարող է 10-րդ տեղը զբաղեցնել աշխարհի առաջնահերթությունների ցուցակում: Գլխավորը Ռուսաստանն է, գլխավորը Ուկրաինան է, գլխավորը Մերձավոր Արևելքն է, Իրանը, հիմա՝ Պաղեստինը: Իսկ մեր տարածաշրջանի նկատմամբ հիմնական մոտեցումը հետևյալն է՝ առճակատում է տեղի ունենում Արևմուտքի և Ռուսաստանի միջև, և Արևմուտքի խնդիրն է Ռուսաստանին դուրս մղել մեր տարածաշրջանից, և նրանք կարող են ժամանակավորապես աչք փակել շատ բաների վրա։
…Իրական շահերը թելադրում են, որ այժմ գլխավորը Ռուսաստանի հետ կապված խնդիրները լուծելն է, քանի որ, ըստ էության, երբ խոսում ենք մեր տարածաշրջանի մասին, խոսքը Ալիև-Պուտին տանդեմի մասին է: Ալիևի գործողությունների հետևում, իհարկե, Ռուսաստանն է, Ադրբեջանը իր ամեն մի քայլը համաձայնեցնում է ռուսական կողմի հետ։
Օրինակ՝ հիմա, երբ իրականում եղել է հայ բնակչության լիակատար արտագաղթ Ղարաբաղից, … հարց է առաջացել՝ կապված տարածաշրջանում ռուս խաղաղապահների ներկայության հետ։ Ո՞ւմ են նրանք հիմա պաշտպանելու: … Հայերից մարդ չկա: Նշանակում է, որ նրանք պետք է հեռանան: Եվ մենք տեսնում են, թե ինչպես են նրանք նոր պատճառներ գտնում՝ պարզվում է, այնտեղ շատ զենք է մնացել, որ պետք է հսկեն համատեղ ադրբեջանական և ռուսական զորքերը: Քանի որ սա ակնհայտորեն բավարար բացատրություն չէր, Ալիևն օրերս հայտարարեց, թե ինչ-որ հայ պարտիզաններ դեռ շրջում են այնտեղի անտառներում։ Ահա թե ինչու ռուսական զորքերը կմնան այնտեղ: Նույնիսկ մի անգամ մեր լրագրողներին կատակով ասացի, որ հայերի նոր կատեգորիա է հայտնվել՝ անտառահայեր․ ոչ ոք չգիտի, թե ովքեր են նրանք, բայց նրանք մի տեսակ սարսափելի մարդիկ են, որոնք շրջում են և հանուն նրանց ռուսական զորքը պետք է մնա տարածաշրջանում:
Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանի գործողությունները կապված են Ռուսաստանի հետ։ Եվրոպան դա հաշվի է առել։ Քանի դեռ ռուսական հարցը չի լուծվել, իրատեսական չէ Եվրոպայից կամ հատկապես ամերիկացիներից, որոնք ընդհանրապես մի փոքր այլ մոտեցում ունեն, լուրջ արձագանք ակնկալել։
(Յունուսովը համամիտ չէ բրիտանացի փորձագետ Թոմաս Դը Վաալի հետ, թե սեպտեմբերի 19-20-ը ռազմական ուժ կիրառելով Լեռնային Ղարաբաղում՝ Ալիևը հատել է Արևմուտքի «կարմիր գծերը», Բրյուսելը և Վաշինգտոնը ցնցված են և իրենց խաբված են զգում).
— ․․․Այո, ժամանակին ամերիկացիները տհաճորեն զարմացել էին։ Նույնիսկ մինչև այդ, երբ մայիսին և հունիսին Վաշինգտոնում բանակցություններ էին։ Խաղադրույթները շատ բարձր էին։ Եթե հիշում եք՝ մի դեպքում մոտ 4 օր, երկրորդ դեպքում ավելի քան երեք օր, այսինքն՝ գրեթե 8 օր երկու պատվիրակությունները Վաշինգտոնում էին, ամեն օր բանակցել են առնվազն 8 ժամ։ Հույսն այն էր, որ լուծում կգտնվի։ Խաղադրույքները շատ բարձր էին։ ․․․Բայց բանակցությունները ձախողեցին։ Եվ Ադրբեջանից դժգոհություն կար, քանի որ Ադրբեջանը ձախողեց այդ բանակցային գործընթացը։ Դժգոհություն կա՛ր, բայց ես չէի ասի, որ որևէ շոկ կար։ Սա Ալիևի կողմից առաջին դեպքը չէ։ Նրանք, ովքեր մասնակցում են բանակցային գործընթացին, հասկանում են, որ Ալիևը բավականին հաճախ մեկ բան է ասում, մեկ այլ բան անում։
Ասել, որ այդ գործողությունները շոկ են առաջացրել՝ Ալիևի դեպքում դա լուրջ չէ: Առաջին անգամը չէ։ Շոկ լինում է, երբ առաջին անգամ է ինչ-որ բան պատահում, և դու սպասում ես մի բանի, որը հատուկ քեզ խոստացվել է: Իսկ սա տարիներ շարունակ եղել է՝ կարելի է հիշել Մադրիդյան գործընթացը։ Ի դեպ, հիշենք, թե ինչ ակնկալիքներ ուներ [այս մասով] հենց նույն Թոմասը: Մի անգամ նրա հետ բանավիճել եմ Կազանի հանդիպմանն ընդառաջ. հիշո՞ւմ եք՝ 2010-ին նա հավատում էր, իսկ ես ասում էի, որ չի լինի, որ Ալիևը կգա և ինչպես միշտ փոփոխություն կմտցնի, և հանդիպումը կձախողվի։ Այդպես էլ եղավ: Սա ձգվում է տարիներ շարունակ, այնպես որ, առաջին հերթին, ես չէի ասի, որ դա շոկ էր՝ նրանք հերթական անգամ բավականին տհաճորեն զարմացած էին, բայց դա շոկ չէր։
Երկրորդ՝ կարմիր գիծ չկա։
Կարմիր գիծը նշանակում է, որ դրանից հետո դուք պատրաստ կլինեք ինչ-որ պատասխանի։ Ղարաբաղն ամենևին էլ կարմիր գիծ չէ: Կարմիր գիծ կարող է լինել, եթե Ադրբեջանը հարձակում սկսի Հայաստանի դեմ։ Սա ինչ-որ տեղ կարմիր գիծ կլինի, որովհետև եթե Ղարաբաղում կարելի է ասել, որ դա դեռ Ադրբեջանի ներքին խնդիրն է, մարտերը տեղի են ունեցել Ադրբեջանի տարածքում՝ իրավաբանորեն դա ադրբեջանական տարածք է, ապա, ասենք, «Զանգեզուրի միջանցքի» դեպքում, կարևոր չէ՝ որտեղ և ինչ կլինի, դա արդեն կլինի Ադրբեջանի ագրեսիա Հայաստանի դեմ։ Այդ դեպքում՝ միգուցե, բայց, շեշտում եմ, ես դարձյալ այնքան վստահ չեմ։ Միգուցե, այո, ավելի արդյունավետ քայլեր կարելի կլինի ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ, այն էլ՝ ոչ այնքան ամերիկացիների կողմից (ես նրանց դեպքում շատ թերահավատ եմ), որքան՝ եվրոպացիների:
Այդ գործողությունները կարող են լինել պատժամիջոցների տեսքով։ Ասել, որ Ադրբեջանի դեմ զորքեր կամ ավելի լուրջ բաներ են ուղարկվելու, ինչպես Ուկրաինայի դեպքում՝ ընդդեմ Ռուսաստանի, ճիշտ չէ: Միգուցե, ինչպես հիմա տեսնում ենք՝ ֆրանսիացիները սկսում են օգնել Հայաստանին, օրինակ ռազմական տեխնիկայով կամ հետախուզության ոլորտում, սակայն առայժմ դա ավելի շատ բառերի մակարդակում է: Առայժմ հայ-ադրբեջանական սահմանը կամրապնդվի՝ եվրոպական դիտորդական առաքելության կազմը երկու անգամ, եթե ոչ չորս անգամ ընդլայնելով: Երկրորդ՝ Ալիևի վրա գաղտնի կերպով ճնշում կգործադրվի, որպեսզի նա չշարունակի ծառայել որպես գործիք Պուտինի ձեռքին։
Ալիևն ու Փաշինյանը տարբեր կազինոներում են
— Ալիևը գրեթե ամենասկզբից տարիներ շարունակ ամերիկացիների և եվրոպացիների հետ հարաբերություններում նույն հռետորաբանությունն էր օգտագործում, երբ նրա նկատմամբ ճնշում էր գործադրվում՝ ոչ թե Ղարաբաղի, այլ մարդու իրավունքների ոտնահարումների հետ կապված, նա միշտ նույն փաստարկն էր ներկայացնում՝ «հյուսիսում Ռուսաստանն է, հարավում Իրանն է, իսլամական ֆունդամենտալիստները, ես ծանր վիճակում եմ, ուստի իմ նկատմամբ մի փոքր այլ վերաբերմունք պետք է լինի»։ Ալիևի այս փաստարկները Արևմուտքի հետ հարաբերություններում երկար պատմություն ունեն։ Հիմա այս գիծը ուղղակի շարունակվում է նաև Ղարաբաղի հետ կապված։
Այո, այդպիսի տեսակետ կար, որ Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է, իսկ Ադրբեջանը դժվարությամբ, բայց քիչ թե շատ սեփական խաղն է խաղում՝ փորձելով իր տեղը գտնել համաշխարհային քաղաքականության մեջ։ Սա կապված էր նավթի հետ՝ Բաքու-Ջեյհան [նավթամուղի], ելք դեպի Եվրոպա և այլն։ Բայց 2018-ից հետո իրավիճակը փոխվեց, հիմա՝ առավել ևս։ Մենք հիմա հստակ տեսնում ենք, որ Ադրբեջանը դարձել է Ռուսաստանի ֆորպոստը։ Հայաստանն՝ ի դեմս Փաշինյանի վարում է ավելի արևմտամետ քաղաքականություն։ ․․․2020 թվականի պատերազմը անհնարին կլիներ, եթե Ադրբեջանը Ռուսաստանից ամբողջական քարտ բլանշ չստանար։ Փաշինյանի փորձերը հիշում եք, չէ՞։ Նա օրը մի քանի անգամ այն ժամանակ զանգում էր Պուտինին, որ օգնի իրեն, քանի որ իրենք դաշնակիցներ են։ Բայց Պուտինը այն ժամանակ արդեն հատուկ հարաբերություններ ուներ Ալիևի հետ։
Ես գիտեի, որ պատերազմը պետք է սկսվեր ապրիլի սկզբին՝ համավարակը խանգարեց։ Այն պետք է տևեր 5 օր, ոչ ավել։ Խոսքը Լավրովի պլանի մասին էր՝ այդ ծրագրի իրականացման։ Ադրբեջանը համաձայնեց՝ 5-6 օր կռիվ, հետո միջամտում է Ռուսաստանը, 7 շրջանը Շուշիի հետ միասին փոխանցվում են Ադրբեջանին, իսկ Ադրբեջանը համաձայնվում է, որ ռուսական զորքը հայտնվի որպես խաղաղապահներ։ Փաշինյանը պարզապես մինչև վերջ չէր ուզում հավատալ, որ Ռուսաստանը չի օգնելու․․․։ Ռուսաստանը Ադրբեջանի ձեռքով փորձեց ճնշում գործադրել նաև Հայաստանում տիրող իրավիճակի վրա, պայթեցնել իրավիճակը, որ ընդդիմությունը կարողանա տապալել Փաշինյանին և գալ իշխանության։ Ռուսաստանը սկսեց օգտագործել մեզ։ Բայց իրավիճակը կտրուկ փոխվեց։
․․․Ուկրաինայի պատերազմը շատ մեծ դեր խաղաց։ Ես միշտ ասում եմ՝ հայ-ադրբեջանական դիմակայության մեջ կա երկու մակարդակ։ Մեկը ադրբեջանցիներն ու հայերն են, մյուսը՝ աշխարահաքաղաքական առճակատումը Արևմուտքի և Ռուսաստանի մեջ։ Դեռ 1992 թվականին Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Յագուբ Մամեդովը հայտարարել էր՝ մենք աշխարհաքաղաքական մեծ խաղի խաղաքարերն ենք։ Նա սա ասել է 1992 թվականին, բայց ես ձեզ վստահեցնում եմ՝ ոչինչ չի փոխվել։ Հայերն ու ադրբեջանցիները մնում են աշխարհաքաղաքական մեծ դիմակայության խաղաքարեր։ ․․․Այսօր մենք տեսնում ենք, որ երկու բանակցային հարթակ կա՝ պայմանական արևմտյան և ռուսական հարթակներ։ Եվ եթե Փաշինյանը խաղադրույք է կատարում արևմտյան հարթակի վրա, ապա Ալիևը խաղադրույք է կատարում ռուսական հարթակի վրա։