Զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեղադրանքով կալանավորված գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը մեղքը չի ընդունում, նրա փաստաբանը պնդում է՝ Արամուսի հացատան բակում գեներալին «ինտենսիվ ծեծի» են ենթարկել, նա էլ կրակել է՝ «ոչ թե ինչ-որ մեկին վնասելու, այլ ինքն իրեն պաշտպանելու համար»։ Պատահաբար փամփուշտը դիպել է կողքի կուպեի դռանը և վնասել վեճի հետ որևէ առնչություն չունեցած մարդուն։ Վերջինս հոսպիտալացվել է հիվանդանոց։
Գործով 4 մեղադրյալ կա։ Կալանավորված երկրորդ մեղադրյալի՝ արցախցի Նորայր Ավանեսյանի փաստաբանը հավաստիացնում է՝ տղամարդիկ միմյանց սխալ են հասկացել, վիճաբանություն ու ծեծկռտուք է սկսվել, պատճառը սեղանի շուրջ հնչած հայհոյանքն էր։ Միջադեպը, ըստ նրա, կենցաղային բնույթ էր կրում։
տե՛ս Ձերբակալվել է Հայաստանի ազգային հերոսը
Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, ըստ որոնց՝ վեճին մասնակցել են Բաքվի բանտում գտնվող Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հարազատները։ Գեներալ Խաչատրյանի պաշտպանը այս տեղեկությունները չի հաստատել, բայց չի էլ հերքել։
«Ես չգիտեմ՝ Արայիկ Հարությունյանի ծանոթներն ովքեր են, ես այդ հարցին չեմ կարող պատասխանել։ Այդ մարդկանց անուններն ես առաջին անգամ էի լսում։ ․․․Տիրան Խաչատրյանը պրոֆեսիոնալ զինվորական է, այդ զենքի հետ վարվեցողության կանոններին շատ լավ տիրապետում է, իր անցած ուղին հուշում է այն մասին, որ նա շատ լավ գիտի, թե զենքն ում դեմ է պետք կիրառել», – «Ազատության» հետ զրույցում նշել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Թե ում դեմ է կիրառվել զենքը՝ արդեն հասկանալի չէ, բայց որ փամփուշտը վնասել է պատահական մարդու՝ հաստատել են նաև իրավապահները։ Քննչական կոմիտեից օրեր առաջ հաղորդել էին՝ միջադեպը տեղի է ունեցել Կոտայքի մարզում գտնվող «Էրիկի մոտ» հացատանը, հունվարի 11-ի երեկոյան Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանն այնտեղ կրակոցներ է արձակել, ինչից վնասվել է հարևան սեղանի շուրջ նստած քաղաքացին։ Գործով կա չորս մեղադրյալ, որոնցից երկուսը, այդ թվում՝ գեներալ-լեյտենանտ Խաչատրյանը կալանավորված են։ Այլ մանրամասներ Քննչականից չեն փոխանցել։
Կալանավորված երկրորդ մեղադրյալը արցախցի Նորայր Ավանեսյանն է։ Նրա փաստաբան Ռոման Երիցյանը պնդում է, որ վեճին մասնակցած տղամարդիկ «պարզապես իրար չեն հասկացել»։
«Վեճն առաջացել է սովորական բառերից, որոնք սեղանի շուրջ հնչեցվել են՝ հայհոյանք բառն ընդհանրապես օգտագործել, ոչ թե մեկը մյուսին հայհոյելիս, այլ՝ սեղանի շուրջ հայհոյանք օգտագործելիս։ Տիրանը հայհոյանք է օգտագործել, մեր տղերքից մեկն ասել է՝ գեներալ մարդ ես, չե՞ս ամաչում, հայհոյանք ես հնչեցնում, Տիրանը ուրիշ ձև է լսել, ընկալել է, որ գեներալի վրայով կատակ են անում, դրա պատճառով էլ խփել է։ Արայիկ Հարությունյանի հարց, նման այլ հարցեր թեմայի հետ ընդհանրապես որևէ աղերս չունեն», – նույն ռադիոկայանի հետ զրույցում ասել է Նորայր Ավանեսյանի պաշտպանը։
Փաստաբան Երիցյանը վստահեցրել է՝ իր երկու պաշտպանյալները դիտավորյալ չեն խախտել հասարակական կարգը․ «Վեճ-կռիվը եղել է իրենց կամքով, բայց այնպես չէ, որ կռվի մեջ են մտել հասարակական կարգը խախտելու նպատակով»։
Մինչդեռ Տիրան Խաչատրյանի փաստաբանը պնդում է՝ իր պաշտպանյալը հացատան բակում ստիպված էր երկու անգամ օդ կրակել. «Ինտենսիվ կերպով ծեծի ենթարկված վիճակում է եղել։ Ես նորություն չեմ բացահայտում, որովհետև նույն ոստիկանության տարածած կադրերում երևում են Տիրան Խաչատրյանի գլխի, աչքի շրջանում ստացված վնասվածքները, և ինքն ամբողջովին ցեխերի մեջ ընկած է եղել», – ասաց փաստաբանը։
Տուժողը մեղադրյալների հետ որևէ առնչություն չունի՝ հաստատել են երկու փաստաբանները։ Երկրորդ կրակոցը պատահական է նրա ուղղությամբ արձակվել․ տուժողը մեկ այլ սրահում է եղել, կրակոցից արձակված փամփուշտը դիպել է դռանը, հետո վնասել նրան։
Գեներալ-լեյտենանտին ոստիկանությունը ձերբակալել էր դեպքի հաջորդ օրը՝ Ջրվեժի հյուրանոցներից մեկից։ Փաստաբանի խոսքով՝ պաշտպանյալը չէր թաքնվում, այլ գնացել էր հյուրանոց՝ իրեն կարգի բերելու համար։ Մինչդեռ Քննչականի խոսքով՝ նա դեպքի վայրից փախել էր։
Խաչատրյանի փաստաբանը պնդում է՝ կալանավորումն անօրինական է, իրենք իրավապահներին են ներկայացրել գեներալ Խաչատրյանի ձեռքբերումների մասին տվյալները, բայց դատարանը հաշվի չի առել նրա վաստակը Զինված ուժերում, փոխարենը համարել է, որ ազատության մեջ մնալով՝ նա կարող է ազդել գործի քննության վրա։ Ավելին՝ փաստաբանը ակնարկել է, թե կալանավորումը քաղաքական է՝ իշխանությունները առիթն օգտագործել են, որ մեկուսացնեն իրենց քննադատող գեներալին։
Տիրան Խաչատրյանը 44-օրյա պատերազմից մի քանի ամիս առաջ նշանակվել էր Գլխավոր շտաբի պետի տեղակալ, պատերազմի ընթացքում՝ վարչապետ Փաշինյանի առաջարկությամբ արժանացել Ազգային հերոսի կոչման։ Մեկ տարի անց նա ազատվել էր պաշտոնից, ինչին հետո մոտ 40 բարձրաստիճան զինվորականներ բաց նամակով դիմել էին վարչապետին՝ պահանջելով նրա հրաժարականը։ Փաշինյանը սա ռազմական հեղաշրջման փորձ էր որակել։,