հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Դատարան / Ինչի են վերածել իր տանը սպանված և այրված Ադրիանայի դատավարությունը

Ինչի են վերածել իր տանը սպանված և այրված Ադրիանայի դատավարությունը

Անցած տարվա օգոստոսին Երևանի կենտրոնում գտնվող իր բնակարանում սպանել և այրել էին 28-ամյա Ադրիանային։ Ադրիանան տրանսգենդեր կին էր, սպանությունը, ըստ իրավապաշտպանների, կատարվել է ատելության շարժառիթով։

Մեղադրյալը՝ Ադրիանայի համագյուղացի 26-ամյա Է․ Ենոքյանը, ըստ իրավապահների, դանակով մի քանի անգամ հարվածել է նրան, և երբ հասկացել է, որ նա մահացած է՝ հրդեհել է բնակարնն ու փախուստի դիմել։

Ենոքյանին հայտնաբերել էին հայ-վրացական սահմանին և ձերբակալել։ Օգոստոսից ի վեր նա կալանավորված է։

Առաջին դատական նիստը փետրվարի 15-ին է եղել։ Տուժողի իրավահաջորդի՝ Ադրիանայի մոր շահերը դատարանում ներկայացնում են «Իրավունքի կողմ» և «Փինք» իրավապաշտպան կազմակերպությունների փաստաբաններ Արթուր Մարգարյանն ու Արա Ղազագյոզյանը։

«Փինքից» պատմել են՝ մեղադրյալը նիստերի դահլիճ է մտել քմծիծաղը դեմքին, դահլիճում հավաքված նրա հարազատները հարձակվել են սպանված տրանսգենդեր կնոջ եղբոր վրա։ Նիստից հետո վիճաբանություն է ծագել նաև ամբաստանյալի պաշտպանի և տուժողի իրավահաջորդների միջև, Ենոքյանի փաստաբանը վիրավորել է Ադրիանայի մորը։

Մեղադրյալի հարազատները օգտվում են նրանից, որ տուժող կողմը դատարանում մենակ է մնում, և ճնշումներ են գործադրում սպանված կնոջ հարազատների և նրանց փաստաբանների վրա՝ ահազանգում էին իրավապաշտպանները։

Արդեն փետրվարի 28-ի դատական նիստին «Աջափնյակ 1» ընդհանուր իրավասության քրեական դատարանի դահլիճը լեփ լեցուն էր՝ Ադրիանայի հարազատներին աջակցելու էին եկել տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, դիվանագետները, քվիր ակտիվիստները։

Թե ինչպես է անցել դատական վերջին նիստը՝ պատմել է «Փինքի» համահիմնադիր Մամիկոն Հովսըեփյանը․

«…10-ից ավել դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ ականատես եղան, թե ինչպես են արդարադատության և ոստիկանական բարեփոխումների համար ծախսված իրենց փողերը ջուրը լցվում։

Դատարան մտնելիս բոլորի գրպան-պայուսակ ստուգում էին ձեռքով, նույնիսկ դիվանագետներին քրքրեցին, չնայած իրավունք չունեին նրանց պայուսակները նայելու և իրեր հանելու այնտեղից։ Դե հա, կասեն՝ բոլորիս անվտանգության համար է արվել։ Նույնիսկ դիտորդներից մեկի պայուսակից հանած տամպոնները պահանջեցին ցույց տալ, երևի որ համոզվեն՝ սառը զենք չի։ ․․․Դատը պետք է սկսվեր 17։00-ին, բայց մոռացել էին ամբաստանյալին բերել կամ միգուցե դիտավորություն էր, քանի որ արդեն 3-րդ դատն է՝ քրեակատարողականը ոստիկանությանն է մեղադրում ուշացումների համար, իսկ ոստիկանությունը՝ քրեակատարողականին։

1 ժամից ավել սպասել ենք, դատարանը ոչ մի հայտարարություն չի արել ուշացման համար։ Դեսպանատան ներկայացուցիչները և տեղական դիտորդները այդքան ժամանակ սպասել էին մի փոքր խուց հիշեցնող դատարանի սենյակում, որտեղ օդափոխություն չկար, նստելու բավական տեղեր չկային։ Դատը սկսվեց 18։05, դատավոր Սմբատյանի մուտքի ժամանակ բոլորը ոտքի կանգնեցին, բացի մի ծեր մարդուց, ով նկատելի էի, որ դժվար էր տեղաշարժվում, հավանաբար ծնկները ցավում էին, սակայն դատավորը ստիպեց նրան կանգնել։ Հա, դատական կարգ է, հո չես խախտի, գրողին թե․ օրինակ, հենաշարժողական խնդիր ունես։

Սպանվածի հարազատները և դատը դիտարկողները շատ էին, դատարանի սենյակում տեղ չկար նստելու։ Ոմն Կարեն Ներսիսյանը ներս մտավ ու հրամայեց բոլորին նստել, կանգնած մարդ չի կարող լինել։ Հարցիս, թե որտեղ է գրված, որ կանգնած իրավունք չունեմ դատին մասնակցելու, պատասխանեց՝ ճիշտ չի տենց։ Իշխանություն բանեցնող հերթական կարգադրիչն էր «բերափոխված դատարանի»։

Այդ անձը մեզ ստիպեց նստել հանցագործի հարազատների հետ, որոնք նախորդ դատից հետո հայհոյել ու քաշքշել էին Ադիրանայի ընտանիքի անդամներին։

Դատավորը այդ միջադեպի մասին տեղյակ էր և խոսեց դրա մասին, որ կրկնվելու դեպքում միջոցներ կձեռնարկի, լեկցիա կարդաց դրա մասին, բայց գուշակեք ինչ․

այդ ամենը ասելուց նա բացառապես նայում էր Ադրիանայի մորը, նրան էր դաս տալիս, չնայաց որ մորն են քաշքշել ու ամբաստանյալի փաստաբանն էլ տիկնոջն «անասուն» է անվանել։

Ավելացնել, որ մայրը հոգեպես շատ ծանր ու ճնշված վիճակում է, դա պարզ երևում է դատերի ժամանակ։ Դատավորի նման պահվածքն ու մորն ուղղված մեղադրական տոնը պարզապես սարսափելի էր։

Եվ իհարկե, ժամից ավել ուշ սկսած ու 5 րոպե տևած այս դատ կոչվածն ավարտվեց, դատավորը գնաց արձակուրդ, հաջորդ նիստը նշանակեց 1 ամսից։ Ի՞նչ է անում ՀՀ արդարադատության նախարարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը նման դեպքերում։ Ո՞ւր են ձեր չստացված բարեփոխումներն ու արդար դատարանները»։

Հոսվեփյանին արձագանքել է Դատական դեպարտամենտի ներկայացուցիչ Լիանա Ռաֆայելյանը, որը, բովանդակային դժոհություններին անդրադառնելու փոխարեն, նախընտրել է խոսել տեխնիկական հարցերի մասին՝ դատական նիստը ուշ է սկսվել, քանի որ ամբաստանյալին մեկուկես ժամ ուշ են բերել, ինչի համար պատասխանատու է ոչ թե ԲԴԽ-ն և ԴԴ-ն, այլ ՆԳՆ-ն; նիստը 5 րոպե է տևել, քանի որ տուժողի պաշտպանը, իբր, այլ նիստի պետք է մասնակցեր և չէր կարող մնալ աշխատանքային օրվա ավարտից հետո; դատաչան մտնելիս մարդկանց զննելը պարտադիր է․․․

Դատական դեպարտամենտի ներկայացուցչի խոսքերը հերքել է փաստաբանը՝ ինքը ոչ միայն դեմ չի եղել դատը աշխատանքային օրվա ավարտից հետո շարունակելու առաջարկին, այլև, հակառակը, պնդել է դրա անհրաժեշտությունը, առարկողը մեղադրյալի պաշտպանն էր։ Ռաֆայելյանը խոստովանել է՝ «տեխնիկական վրիպակի հետևանքով» տուժող բառը շփոթել էր մեղադրյալ բառի հետ։

Իրավապաշտպանների և Դատական դեպարտամենտի ներկայացուցչի միջև երկխոսությունն այսքանով չի սահմանափակվել․

Մամիկով Հովսեփյան․ — ես հույս ունեի, որ ավելի կարևոր բան կգրեք։ կարծես ոչ բոլոր կետերին եք անդրադարձել՝ օրինակ, որ դատավորը սպանվածի մորը դաս էր տալիս կամ կարգադրիչը ստիպեց մարդկանց նստել հանցագործի հարազատների հետ, ովքեր նախորդ անգամ բռնություն են կիրառել: […]

Լիանա Ռաֆայելյան․ — […] Ինչ վերաբերում է Ձեր մյուս դիտարկումներին, ապա, վստահաբար, դրանք սուբյեկտիվ ընկալման տիրույթում են։

Հովսեփյան․ — Եթե սպանվածի մոր աչքերին նայելով դաս ա տալիս դատավորը, երբ այդ կնոջ վրա են հարձակվել: Դա իմ սուբյեկտիվ ընկալու՞մն է:

Պարզ ասեք, որ ոչինչ չեք կարող անել այս նողկալի իրավիճակը փոխելու համար և ձեր գերծառույթները ձևական են: Էս ամեն ինչում միակ սուբյեկտիվությունը ձեր արձագանքն է:

Ռաֆայելյան․ — «զոհվածի մոր աչքերին նայելով, դատավորը դաս ա տալիս» ձեր դիտարկմանն ի պատասխան պարզաբանենք հետևյալը․ քանի որ նախորդ դատական նիստից հետո միջադեպ էր տեղի ունեցել կողմերի միջև, վերջիններս վիրավորել էին միմյանց, փետրվարի 28-ի նիստի ժամանակ դատավորը խնդրել-հորդորել-պահանջել է կողմերին դրսևորել պատշաճ վարքագիծ թե նիստերի ընթացքում և թե դրանից հետո, դատարանի շենքում պահպանել կարգուկանոնը, չխաթարել դատարանի բնականոն աշխատանքը։ […]

Հովսեփյան․ — Ես եմ դատարանում եղել և ասում եմ փաստերի մասին, դուք ինձ սուբյեկտիվ եք համարում, մինչդեռ դատարանի տրամադրած ստերը որպես օբյեկտիվ պատճառ եք ներկայացնում: Արդեն հասկանալի է ԲԴԽ-ի անգործությունը: […] Քանի որ ձեր միակ ճմարիտ իրականությունը դատարանի ներկայացրածն է: Ես ասում եմ՝ ողջ խոսելուց դատավորը մորն էր նայում ու նախատում, դուք ասում եք՝ կողմերին էր ներկայացնում: Ձեռք եք առնու՞մ: Իսկ սրանից զատ, շահերի բախումից խուսափելու համար Բարձրագույն դատական խորհուրդի համար կարևոր է աշխատանքի վերցրել աշխատողների, որոնք անձնական ու ընտանեկան կապեր չունեն որևէ դատավորի հետ:

Ադրիանայի գործով հաջորդ դատական նիստը մարտի 22-ին է լինելու՝ դատավորի արձակուրդից հետո։

շապիկի լուսանկարը՝ Մամիկոն Հովսեփյանի