Արարատում բոլորը ճանաչում են օձ բռնող Գարիկին։ Գրիգորյանների ընտանիքի պատմությունը նման է հեքիաթի, երազի։ Ընտանիքի անդամների թուքը չեզոքացնում է օձի թույնը և ապաքինում նույնիսկ մահամերձներին։
Ամեն ինչ սկսվել է Ջավահիրից՝ Գագիկի մեծ տատից, որը 1918-ին Արևելյան Հայաստան է փախել Ղարադաղից։ Ջավահիրը հայտնի էր ողջ Խորհրդային Միությունում։ Հարսը պատմում է՝ նրա մասին գրել է անձամբ Մարիետա Շահինյանը, հոդվածը հրապարակվել է ռուսական Օգոնյոկ թերթում։ Ոչ ոք չէր հավատում, որ կինը բռնում է թունավոր օձերին, ապրում է նրանց հետ և իր թքով բուժում է տուժածներին։ 1934 թվականին Ջավահիրին տարել են Մոսկվա՝ գիտական փորձերի։ Նրա տաղանդը հավաստվել է նաև ինստիտուցիաների՝ տեղական վարչակազմի և խորհրդային մամուլի կողմից։ Գիրգորյանները լիցենզավորվել են և մտել լեգալ դաշտ։
Ջավահիրի շնորհքը փոխանցվում է սերնդից սերունդ։ Նրա գործը շարունակել են երեխաները, թոռները և ծոռները։ Գրիգորյանների համար սա աշխատանք չէ, եկամուտ չի բերում։ Որպես հոբբի և առաքելություն՝ նրանք այս գործը համատեղում են իրենց հիմնական զբաղվածության հետ։ Գարիկը բանվոր է աշխատում, նրա տղան երազում է դառնալ պայմանագրային զինծառայող։
Օձերին նրանցից ոչ մեկ չի սպանում։ Բռնում են, բերում տուն, ձմեռը բաց են թողնում հեռու սարերում։ Ջավահիրը ապրում էր գյուրզաների հետ։ Հարսը խնդրել է թունավոր օձերին էլ տուն չբերել։ Տղաները ենթարկվել են, հիմա պահում են ակվարիումներում։
Օձերը շնորհակալ են Գրիգորյաններին։ Տեղացիները պնդում են, որ նրանք միշտ գալիս են ընտանիքի արդեն հանգուցյալ անդամների գերեզմանին։
Epress.am-ի հետ զրույցում ընտանիքի անդամները պատմել են օձերի հետ իրենց բարդ հարաբերությունների, բժշկելու տաղանդի, բուժված այցելուների, թույնի ազդեցության, կիրառելիության և տարածված միֆերի մասին։ Մանրամասները՝ տեսանյութում։