հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Դատարանի զբաղվածությունից կտուժեն աշխատողները

Դատարանի զբաղվածությունից կտուժեն աշխատողները

Կառավարությունն առաջարկում է փոխել աշխատանքային օրենսգիրքը հօգուտ գործատուի։ Ներկա օրենքով գործից ապօրինաբար հեռացված աշխատողները (դատարանում գործատուին հաղթելու դեպքում) ստանում են փոխհատուցում հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար։ Եթե առաջարկվող փոփոխություններն ընդունվեն, նրանք, ովքեր նոր աշխատանք են գտել, փոխհատուցում կստանան միայն 9 ամսվա պարապուրդի համար։ Օրենսդրական «բարեփոխումը» խորհրդարանում ներկայացրել է Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը։

Սա վատթարացնում է աշխատողների իրավունքները՝ ասում է Պետհիմնարկների և ՏԻՄ-երի ճյուղային արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը։ Աշխատանքից հեռացված մարդը, ըստ նրա, իրավունք ունի աշխատանքի ընդունվել մեկ այլ տեղ, և դա որևէ կերպ չի մեղմացնում նախկին գործատուի ապօրինությունները։

«Կառավարությունը փորձում է աշխատողների հաշվին կրճատել փոխհատուցման ծախսերը», – ասում է Ասատրյանը։

Հարկադիր պարապուրդի համար գործատուները հիմա իրոք շատ մեծ գումար են վճարում,  քանի որ դատարանները, որպես կանոն, նման գործերը քննում են տարիներով։ Բայց սա դատական համակարգի թերությունն է, ոչ թե փոխհատուցման սկզբունքի։ Պարզ չէ՝ այդ տարիների ընթացքում ինչպե՞ս պետք է գոյատևի մարդը, եթե ոչ այլ աշխատանքի ընդունվելով։

Անահիտ Ասատրյանի խոսքով՝  պետական աշխատողները շատ հաճախ գործից հեռացվում են օրենքի խախտմամբ. «Անօրինական մարդկանց ազատում են, նրանք դիմում են դատարան, հաճախ շահում են։  Պետաշխատողների դեպքում փոխհատուցումը վճարում է պետությունը»։

Կառավարությունը, ըստ նրա, հիմա փորձում է աշխատողների հաշվին կրճատել փոխհատուցման ծախսերը, որոնք գոյանում են պետական ու համայնքային գործատուների ոչ իրավաչափ որոշումների, իսկ այնուհետև երկարատև դատական գործընթացների արդյունքում։

տե՛ս Փողոց են դուրս եկել դատարանի ցածր վարձրատրվող աշխատակիցները